From Wikipedia, the free encyclopedia
Նատալի Ա. Կաբրոլ (ֆրանսերեն արտասանութամբ՝ ( ), օգոստոսի 30, 1963[1], Բանյո )[2], ֆրանս-ամերիկացի աստղակենսաբան, մոլորակագետ։ Զբաղվում է Մարս մոլորակի լճերի ուսումնասիրությամբ, NASA-ի Աստղակենսաբանության ինստիտուտի (NAI) կողմից ֆինանսավորվող «Բարձր լճերի նախագծի» գլխավոր գիտնականն է, աշխատանքի շրջանակներում նա գիտական արշավներ է իրականացնում Չիլիի Կենտրոնական Անդերում։ Այստեղ իր թիմի հետ միասին, նա փաստագրում է ծայրահեղ միջավայրերին կյանքի հարմարվողականությունը, արագ կլիմայական փոփոխությունների ազդեցությունը լճային էկոհամակարգերի և կենսաբնակավայրերի վրա, դրանց գեոբիոլոգիական առանձնահատկությունները և կարևորությունը մոլորակային հետազոտությունների համար։
Կաբրոլը SETI ինստիտուտի NAI թիմի գլխավոր գիտնականն է։ 2014 թվականի հոկտեմբերին այն ստեղծվել է նոր կենսաբանական բրածոների հայտնաբերման, հետազոտման ռազմավարություններ մշակելու և Մարս 2020 առաքելությանը աջակցելու համար։ 2015 թվականի օգոստոսին Կաբրոլը նշանակվել է SETI ինստիտուտի Կարլ Սագանի անվան կենտրոնի ղեկավար։
Կաբրոլը ծնվել է Փարիզի մոտակայքում՝ Ֆրանսիայում։ Ուսանել է Նանտերի համալսարանում և Սորբոնում (մագիստրոսի աստիճան; դոկտորական աստիճան,1991 թ.): 1986 թվականին նա դարձել է Մարսի վրա Գուսևի խառնարանը առաջինը մանրակրկիտ ուսումնասիրած մարդը։ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի անդամ Վալերի Բարսուկովը բարձր է գնահատել նրա այս հետազոտությունները և հրավիրել Մոսկվա՝ դասախոսություն կարդալու[3]։
1985-1994 թվականների ընթացքում Կաբրոլը իր ամուսնու՝ Էդմոն Գրինի հետ մոլորակային երկրաբանության հետազոտություններ է անցկացրել Փարիզի Սորբոնի համալսարանում և Փարիզ-Մեդոն աստղադիտարանում։ Երբ 1994 թվականին նրանց լաբորատորիան փակվել է, NASA-ի գիտնական Քրիստոֆեր ՄքՔեյը Կաբրոլին տեղափոխել է NASA՝ որպես ասպիրանտ հետազոտող[4]։ Նա և իր ամուսինը եկել են ԱՄՆ և դարձել ԱՄՆ քաղաքացիներ[5]։ Կաբրոլը եղել է NASA-ի Spirit մարսագնացի Գուսևի խառնարանի համար վայրէջքի վայրի ընտրության խոսնակը[3]։ 1998 թվականին նա դարձել է NASA-ի SETI ինստիտուտում պայմանագրային աշխատող, շարունակել է Մարսի հետազոտությունները և 2015 թվականի օգոստոսի 7-ին նշանակվել է Կարլ Սագանի կենտրոնի տնօրեն[6]։
Կաբրոլը եղել է NASA-ի Nomad մարսագնացի դաշտային փորձարկման (1997) և NASA-ի ASTEP-ի կողմից ֆինանսավորվող գիտական և տեխնոլոգիական նախագծերի,այդ թվում՝ «Կյանքը Ատակամայում» (2003–2006) և «Երկրային կյանքը Ատակամայում» (2011–2015) նախագծերի գլխավոր գիտնական։ Նա NASA-ի ASTEP Planetary Lake Lander նախագծի (2011–2015) գլխավոր գիտնականն է, որը ուսումնասիրել է սառույցի հալման ազդեցությունը մոլորակային լճերի վրա՝ օգտագործելով տիտանի հետազոտության համար մշակված տեխնոլոգիան։
2015 թվականի հունվարից նա SETI ինստիտուտի NASA-ի Աստղակենսաբանության ինստիտուտի (NAI) թիմի գլխավոր գիտնականն է, ուսումնասիրում է շրջակա միջավայրի փոփոխությունների ազդեցությունը Մարսում կենսաբանական բրածոների հնարավոր առկայության վրա։ Նա ուսումնասիրում է բարձրադիր լճերը Անդերում, որտեղ շրջակա միջավայրի պայմանները նման են վաղ շրջանի Մարսին։ Իր թիմի հետ միասին նա ուսումնասիրություններ կատարելու համար բազմիցս բարձրացել է 19,731 ֆուտ (6,014 մ) բարձրության վրա գտնվող Լիկանկաբուր հրաբուխը և սուզվել խառնարանային լճում[7]։ Նրա լճային հետազոտական գործունեությունները՝ ծայրահեղ միջավայրերում գոյատևող մանրէների (էքստրեմոֆիլներ) հայտնաբերումը, նրան ոչ պաշտոնապես դարձրել են ռեկորդակիր՝ որպես ամենաբարձր բարձրության վրա սուզված և սկուբա դայվինգ կատարած կին[3]։ Կաբրոլը հայտնաբերել է բրածոյացված միկրոբային մատերի՝ ստրոմատոլիտների նոր տեսակներ։ Նա միկրոօրգանիզմներ է հավաքել լճից։ Կաբրոլը հիշում է նման խստաշունչ պայմաններում միկրոօրգանիզմների բազմազանություն գտնելու պահին իր զարմանքը[3]։
Կաբրոլը NASA-ի Մարսի Հետազոտական Ռովերի առաքելության անդամ է[5]։ Նա նաև WINGS WorldQuest-ի Քերիի կրթաթոշակակիր և Օդի և Տիեզերքի WINGS WorldQuest-ի «Բացահայտման Կինը» մրցանակակիր է։
TED2015 համաժողովում ելույթ է ունեցել Մարսի վրա մանրէների որոնման թեմայով[8]։
Կաբրոլը հեղինակել է ավելի քան 400 փորձագիտական հոդվածներ և գիտաժողովների թեզեր, ինչպես նաև մի քանի գրքեր և ստացել է հետազոտական մրցանակներ։ Նա ամուսնացած է հիդրոերկրաբանական ինժեներ Էդմոն Գրինի հետ[3]։ Նրանք միասին հեղինակել են գրքեր և հոդվածներ, ներառյալ «Կյանքի որոնումը տիեզերքում» (2000), «Լճեր Մարսի վրա» (2010) և «Բնակելիությունից մինչև Կյանքը Մարսի վրա»[9][10]։ Միայն 2008 թվականին Կաբրոլը գրել է 17 հոդված[3]։
Նա հիշատակվել է այնպիսի գրքերում, ինչպիսիք են Քեն Կրոսվելի «Հոյակապ Մարսը» (2003)[11] և Տեցույա Տոկանոյի «Ջուրը Մարսի վրա և կյանքը» (2004)[12]։ Նա Նյու Յորք Թայմս Կիրակնօրյա ամսագրի (2018թ. մարտի 22) շապիկին է եղել, «Իր ուղեծրում. Նատալի Կաբրոլը հետազոտում է Երկիրը Մարսի վրա կյանքի գաղտնիքները փնտրելու համար» ներկայացնում է Կաբրոլի հետախուզումներ Անդերում[13]։ Այն ներառված է նաև Հելեն Մակդոնալդի էսսեների ժողովածուում[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.