Նավթային ճգնաժամ (1973)
From Wikipedia, the free encyclopedia
Նավթային ճգնաժամ (հայտնի է նաև «նավթային էմբարգո» անունով), որը սկսվել է 1973 թվականի հոկտեմբերի 17-ին։ Այդ օրը Արաբական Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ), ինչպես նաև Եգիպտոսը և Սիրիան հայտարարեցին, որ իրենք նավթ չեն մատակարարելու այն երկրներին (Մեծ Բրիտանիա, Կանադա, Նիդեռլանդներ, ԱՄՆ, Ճապոնիա), որոնք աջակցել են Իսրայելին արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում Սիրիայի և Եգիպտոսի հետ իր հակամարտության մեջ։ Դա առաջին հերթին վերաբերում էր ԱՄՆ-ին և Արևմտյան Եվրոպայում նրա դաշնակիցներին։ Հաջորդ տարվա ընթացքում նավթի գինը մեկ բարելի դիմաց 3 դոլարից հասել է 12 դոլարի։ 1974 թվականի մարտին էմբարգոն վերացվեց։
1973 թվականի նավթային ճգնաժամը առաջին էներգետիկ ճգնաժամն էր և մինչ օրս համարվում է ամենամեծը։ ՕՊԵԿ-ը նվազեցրել է նավթի արդյունահանման ծավալները ոչ միայն իր օգտին համաշխարհային գների վրա ազդելու համար։ Այս ակցիայի գլխավոր խնդիրն էր քաղաքական ճնշում գործադրել համաշխարհային հանրության վրա՝ արևմտյան երկրների կողմից Իսրայելի աջակցությունը նվազեցնելու նպատակով։
ՕՊԵԿ-ի տնտեսական ճնշման արդյունքը ընդհանուր շուկայի երկրների նախարարների խորհրդի հռչակագիրն էր, որն աջակցում էր արաբների դիրքորոշմանը։ Բացի այդ, Աֆրիկայի գրեթե բոլոր պետությունները խզել էին դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ։ Ստեղծված քաղաքական իրավիճակը ուժեղացրեց Իսրայելի կախվածությունը ԱՄՆ-ից և բացահայտեց զարգացած երկրների տնտեսության կախվածության իրական մասշտաբները նավթի գներից։ Արդյունաբերական երկրներում նավթի գների աճը տնտեսական ճգնաժամ է առաջացրել[1]։ Միևնույն ժամանակ, ճգնաժամը նպաստեց Խորհրդային Միությունից դեպի արևմուտք նավթի արտահանման ավելացմանը։