Յունիս Նյուտոն Ֆութ (անգլ.՝ Eunice Newton Foote, հուլիսի 17, 1819(1819-07-17)[1], Գոշեն, Կոնեկտիկուտ - սեպտեմբերի 30, 1888(1888-09-30)[1], Լենոքս, Մասաչուսեթս)[3][4][5], ամերիկացի գիտնական (կենսաբան, մասնավորապես՝ բուսաբան), գյուտարար և կանանց իրավունքների քարոզիչ Նյու Յորք նահանգի Սենեկա Ֆոլս քաղաքից։

Արագ փաստեր Յունիս Նյուտոն Ֆութ, Ծնվել է ...
Փակել

Առաջին գիտնականն էր, որը փորձեր է կատարել տարբեր գազերի վրա արևի լույսի տաքացնող ազդեցության հետ կապված, ապա իր Circumstances affecting the heat of the sun's rays աշխատության մեջ հիմնավորել, որ ածխաթթու գազի համամասնության փոփոխումը մթնոլորտում կփոխի դրա ջերմաստիճանը․ աշխատությունը ներկայացվել է 1856 թվականին տեղի ունեցած Գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի (AAAS) կոնֆերանսում։ Հայտնի չէ, թե ինչու Ֆութն ինքը չի ներկայացրել իր աշխատանքը համագումարում, քանի որ կանանց թույլատրվել է ելույթ ունենալ, իսկ զեկույցը կարդացած Սմիթսոնյան ինստիտուտի պրոֆեսոր Ջոզեֆ Հենրին նշել է, որ հետազոտությունը պատկանում է Ֆութին։

Վաղ կյանք

Ծնվել է 1819 թվականին Կոնեկտիկուտ նահանգի Գոշեն քաղաքում, սակայն հասակ է առել Նյու Յորք նահանգի Իսթ Բլումֆիլդ քաղաքում։ 1836–37 թվականներին կրթություն է ստացել Տրոյ իգական գիմնազիայում։ Մայրը Թիրզա Նյուտոնն էր[6], հայրը՝ ֆերմեր և ձեռնարկատեր Իսահակ Նյուտոն կրտսերը[3][7]։ Ունեցել է վեց քույր ու հինգ եղբայր[8]։

1836 - 1838 թվականներին հաճախել է Էմմա Վիլարդ դպրոցը, որի աշակերտներին թույլատրվել է հաճախել մոտակա գիտական քոլեջը, որտեղ էլ սովորել է հիմնարար քիմիա և կենսաբանություն։ Նրա վրա մեծ տպավորություն են գործել Էմմա Վիլարդի քրոջ՝ Ալմիրա Հարթ Լինքոլն Ֆելփսի դասագրքերը․ վերջինս գիտության մեջ կին ռահվիրա էր, բուսաբանության փորձագետ ու Գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի երրորդ կին անդամը[9]։

Գործունեություն

Որպես 1848 թվականին ընդունված կանանց իրավունքների առաջին կոնվենցիայի՝ Սենեկա Ֆոլսի կոնվենցիայի խմբագրական հանձնաժողովի անդամ՝ հանդիսացել է այդ կոնվենցիայի զգացմունքների հռչակագիրը ստորագրողներից մեկը։ Նրա ամուսինը՝ Էլիշան, նույնպես հռչակագրի ստորագրողներից մեկն էր։ Նա մեկն էր այն հինգ կանանցից, ովքեր պատրաստել են համաժողովի աշխատանքները հրապարակման համար[10]։ Սուֆրաժիստ Էլիզաբեթ Քեդի Սթենթոնի հարևանն ու ընկերուհին է եղել[11]։

Հետազոտություն

Thumb
1856 թվականի Scientific American ամսագիրը նկարագրել է Յունիս Նյուտոն Ֆութի՝ գազերի հետ կապված ջերմաստիճանային փորձերը և նրա հայտնագործությունները, որ ածխաթթուն առաջացնում է ամենամեծ ջերմային էֆեկտը։

Մի շարք փորձեր է իրականացրել, որոնք ցույց են տվել արևի ճառագայթների փոխազդեցությունը տարբեր գազերի վրա։ Նա օգտագործել է օդային պոմպ, չորս սնդիկի ջերմաչափ և երկու ապակե բալոն։ Փորձերը կատարել է ածխաթթու գազի, սովորական օդի և ջրածնի վրա[12]։ Իր փորձերից եզրակացրել է, որ ածխածնի երկօքսիդը կլանել է ամենաշատ ջերմությունը՝ հասնելով 125 °F (52 °C)[13][14]։ Նայելով Երկրի պատմությանը՝ Ֆութը տեսականորեն ասում էր, որ «Այդ գազի մթնոլորտը մեր երկրին բարձր ջերմաստիճանի կհանգեցներ։ Եվ եթե իր պատմության մի ժամանակահատվածում օդը խառնվի դրա ավելի մեծ չափաբաժնի հետ, քան ներկայումս է, դա կհանգեցնի բարձրացված ջերմաստիճանի»[15][16]։

Իր հայտնագործությունները ներառել է Circumstances affecting the heat of the sun's rays վերնագրված աշխատության մեջ, որն ընդունվել է 1856 թվականի օգոստոսի 23-ին Նյու Յորքում անցկացված Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի ամենամյա ութերորդ ժողովում ներկայացվելու համար։ Հայտնի չէ, թե ինչու Ֆութն ինքը չի ներկայացրել իր աշխատանքը համագումարում, քանի որ կանանց թույլատրվել է ելույթ ունենալ, իսկ զեկույցը կարդացած պրոֆեսոր Ջոն Հենրին նշել է, որ աշխատանքը պատկանում է Ֆութին[17]։ Նույն տարում աշխատությունը հեղինակի անունով տպագրվել է «Գիտության և արվեստի ամերիկյան հանդեսում»[16]։ Յունիս Ֆութի հայտնագործությունների ամփոփագրերը տպագրվել են նաև New York Daily Tribune, Canadian Journal of Industry, Science and Art, Scientific American, ինչպես նաև եվրոպական մի շարք ամսագրերում[18]։ Ֆութի աշխատության լայն վերլուծությունը տպագրվել է 2020 թվականին պալեոկլիմատոլոգ Ջոզեֆ Դ․ Օրթիզի և գիտության պատմաբան Ռոլանդ Ջեքսոնի կողմից։ Նրանց աշխատանքը ուսումնասիրում է, թե ինչպես է Ֆութը կապել մթնոլորտային գազերի տեսակների և քանակների փոփոխությունները կլիմայի տաքացման ու փոփոխության հետ։ Նրանք հետևել են Ֆութի գաղափարների ածանցմանը և հետազոտել, թե նա ինչպես է կառուցել, իրականացրել և մեկնաբանել իր փորձերը[19]։

Ֆութի աշխատանքը ցույց է տվել, որ արևի լույսի տաքացման ազդեցության վրա ազդել է ածխաթթու գազն ու մթնոլորտի ջրային գոլորշին։ Երեք տարի անց, Ջոն Տինդալը ներկայացրել է իր ավելի բարդ հետազոտությունները, որոնք ցույց են տվել, որ տարբեր գազեր ինչպես կլանում, այնպես էլ արտանետում են ինֆրակարմիր ջերմային ճառագայթում։ Նրա աշխատանքը հրատարակվել է Proceedings of the Royal Society- ի կողմից, և համարվում է հիմնարար կլիմայի գիտության մեջ։ Ֆութի աշխատությունը ժամանակակից մոլորակային կլիմայի համատեքստում քննարկել է Ռալֆ Լորենցը և նշել, որ Ֆութի կողմից դիտարկված մերձ-ինֆրակարմիր ճառագայթման կլանումը (0.8 - 3 միկրոմետր) արդյունավետ «հակաջերմոցային էֆեկտ» է, քանի որ դա առաջին հերթին ներառում է արևի ճառագայթման կլանումը, ոչ թե երկրային երկարալիք («ջերմային») ինֆրակարմիր ճառագայթման կլանում և վերաճառագայթում։

Ֆութը նաև աշխատել է գազերի էլեկտրական գրգիռների վրա[7][20]։ 1860 թվականին ստացել է արտոնագիր «կոշիկների և ներբանների լցոնման» համար՝ պատրաստված «մեկ կտոր վուլկանացված հնդկական ռետինից», որով «կանխվում է կոշիկների ճռռոցը»[10][21]։

Բացի սրանից, 1867 թվականին ստեղծել է նոր թուղթ պատրաստող մեքենա[22]։

Հրատարակություններ

Արեգակի ճառագայթների ջերմության վրա ազդող հանգամանքներ (1856, Սարատոգա Սպրինգս, Նյու Յորք)[15][23]։

19-րդ դարում ամերիկացի կանայք հրատարակել են ֆիզիկայի տասնվեց հոդված, որոնցից միայն երկուսն են հրատարակվել մինչև 1889 թվականը․ երկուսն էլ գրել էր Յունիս Ֆութը[18]։

2018 թվականի մայիսին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սանտա Բարբարա քաղաքում անցկացվել է սիմպոզիում նրա աշխատանքի մասին՝ «Գիտությունը սեռ չգիտի. Յունիս Ֆութ, ով 162 տարի առաջ հայտնաբերեց գլոբալ տաքացման հիմնական պատճառը» խորագրով[24]։

Ճանաչում

2010 թվականին հանգստի անցած նավթաբան-երկրաբան Ռեյ Սորենսոնը պատահաբար հանդիպել է Ֆութի աշխատանքին 1857 թվականի «Տարեկան գիտական հայտնագործություն» հատորում։ Նա արագ հասկացել է, որ Ֆութն է առաջինը կապել ածխաթթու գազը կլիմայի փոփոխության հետ, ու որ նրա աշխատանքը ճանաչված չէ[17]։ 2011 թվականի հունվարին նա հրատարակել է իր բացահայտման մասին Նավթաբան-երկրաբանների ամերիկյան ասոցիացիայում։ 2018 թվականի մայիսին Ջոն Պեռլինի կողմից կազմակերպված սիմպոզիումը քննարկել է Ֆութի ներդրումները կլիմայի փոփոխության գիտության մեջ ու կանանց իրավունքների մեջ։ 2019 թվականի նոյեմբերին Կալիֆոռնիայի համալսարանը ցուցահանդես է կազմակերպել՝ հարգելու Ֆութի աշխատանքը և ժառանգությունը։ Պեռլինը, որը Ֆութի մասին գիրք էր գրում, ասել է․ «Ես կարող եմ նրան գիտության Ռոզա Փարքս անվանել»[25]։

2018 թվականին նրա կյանքի մասին պատմող կարճամետրաժ կինոնկար է նկարահանվել «Յունիս» վերնագրով[26]։

Անձնական կյանք

1841 թվականի օգոստոսի 12-ին Իսթ Բլումֆիլդում ամուսնացել է դատավոր, վիճակագիր և գյուտարար Էլիշա Ֆութի հետ[3][27]։ Ապրել են Սենեկա Ֆոլսի Նորթ Փարք փողոցում[28], որտեղից հետագայում տեղափոխվել են Սարատոգա[3]։ Յունիսին նկարագրել են որպես «նուրբ դիմանկարիչ և բնանկարիչ»[3], սակայն իեն որևէ հայտնի լուսանկարիչ չի լուսանկարել[26]։ Ունեցել են երկու դուստր․

  • Մերի Ֆութ (1842–1931), նկարիչ և գրող, որն ամուսնացել է Միսուրի նահանգի ԱՄՆ սենատոր Ջոն Բ. Հենդերսոնի հետ[27]։
  • Ավգուստա Նյուտոն Ֆութ (1844–1904), The Sea at Ebb Tide գրքի հեղինակ ու Բարնար քոլեջի հոգաբարձու, որը 1869 թվականի մարտի 6-ին ամուսնացել է Ֆրենսիս Բ․ Առնոլդի հետ[29]։

Յուրաքանչյուր դուստրն ունեցել է երեք զավակ, այսպիսով Յունիսն ու Էլիշան ունեցել են վեց թոռ[7]։

Թաղված է Բրուկլինի Գրին-Վուդ գերեզմանատանը[30]։

Տես նաև

  • Կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտության պատմություն
  • Կանայք կլիմայի փոփոխության մեջ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.