Միջանձնային կապեր
From Wikipedia, the free encyclopedia
Միջանձնային կապեր՝ սոցիալական ցանցերի վերլուծության և մաթեմատիկական սոցիոլոգիայի բնագավառներում բնորոշվում են որպես մարդկանց միջև առկա տեղեկատվական կապեր։ Տարբերում են միջանձնային կապերի երեք տեսակ՝ ուժեղ, թույլ կամ բացակայող կապեր։ Կա տեսակետ, ըստ որի հենց սոցիալական թույլ կապերն են հիմնականում հանրության շրջանում սոցիալական ցանցերի արմատավորման, ինչպես նաև դրանց միջոցով տեղեկատվության հաղորդման գլխավոր պատասխանատուն:Սա նշանակում է, որ համեմատաբար ավելի նոր տեղեկատվությունը մարդկանց է հասնում ոչ թե ուժեղ, այլ հենց թույլ կապերի միջոցով։ Եվ քանի որ մեր մտերիմ ընկերները, որպես կանոն, իրենց առօրյան անցկացնում են հենց այն նույն միջավայրում, ինչ մենք, նրանց կողմից ստացած տեղեկատվությունը մեծ մասամբ համընկնում է մեզ արդեն իսկ հայտնի տեղեկատվությանը։ Մեր ծանոթները, ընդհակառակը, շփվում են այն անձանց հետ, որոնց մենք չենք ճանաչում, հետևաբար, շատ ավելի նոր ու թարմ տեղեկատվություն են ստանում[1]։
Ըստ ամերիկացի սոցիոլոգ Մարկ Գրանովետտերի՝ բացակա կապերի մեջ մտնում են այն հարաբերությունները (կամ կապերը), որոնք չունեն էական որևէ նշանակություն․ այսպիսին են, օրինակ, նույն փողոցում բնակվող մարդկանց միջև առկա «ողջույնի» հարաբերությունները կամ «առօրյա կապերը», օրինակ, վաճառողի հետ ունեցած կապերը, որից պարբերաբար ինչ-որ բան ենք գնում։ Ծանոթների միջև առկա համանման հարաբերությունները նույնպես անտեսանելի կապեր են կոչվում, քանզի դրանց հազիվ նշմարելի են և, որպես այդպիսին, էական չեն համարվում[2]։ Նման կապերը, այնուամենայնիվ, մարդկանց մեջ ծանոթության և մտերմության զգացում են արթնացնում[3]։ Ավելին, այն փաստը, որ երկու մարդ միմյանց միայն անունով են ճանաչում և ուրիշ ոչինիչ չգիտեմ միմյանց մասին, դեռ ամենևին էլ չի խոսում նրանց միջև առկա թույլ կապերի մասին։ Եթե նրանց շփումը ոչ էական ու անկարևոր է, ապա նրանց միջև առկա կապը կամ բացակայում է, կամ էլ պարզապես անտեսանելի է։ Միջանձնային կապի ուժը տվյալ ժամանակամիջոցի, հուզական ինտենսիվության, մտերմության (կամ փոխադարձ վստահության) և յուրաքանչյուր կապը բնորոշող փոխադարձ օգնության գծային հանրագումարն է[4]։