![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0d/Milgram_experiment_v2.svg/langhy-640px-Milgram_experiment_v2.svg.png&w=640&q=50)
Միլգրեմի գիտափորձ
From Wikipedia, the free encyclopedia
Միլգրեմի գիտափորձ կամ Միլգրեմի էֆեկտ (1961 թվականի հուլիս, ԱՄՆ, Կալիֆոռնիա, Նյու Հեյվեն, Եյլի համալսարան)[1], հեղինակություններին ենթարկվելու սոցիալական հոգեբանական վարքի պատճառներն ուսումնասիրող փորձարարական հոգեբանության գիտափորձ, պարտադրված սոցիալական դերի դեպքում մարդու վարքագծի հոգեվերլուծական ուսումնասիրություն, հոգեբան Սթենլի Միլգրեմին (անգլ.՝ Stanley Milgram 1933-1984) համաշխարհային ճանաչում բերած[2] հայտնի վիճահարույց գիտափորձը։ Նպատակն էր հասկանալ, թե մարդն ինչու, ինչպես և որքան է պատրաստ ցավ պատճառել, եթե դա իր աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում։ Միլգրեմի գիտափորձի ուսումնասիրությունները Զիգմունդ Ֆրոյդի ուսումնասիրությունների նման հանգեցրին մարդկային բնույթի մասին ընդունված տեսակետների հիմնովին վերանայման[2]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0d/Milgram_experiment_v2.svg/320px-Milgram_experiment_v2.svg.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/34/Milgram_Experiment_advertising.png/320px-Milgram_Experiment_advertising.png)
Գիտափորձի ուսումնասիրության առարկան «ուսուցիչն» էր, որը հետևելով գիտափորձի ղեկավարի հրահանգներին, պատժում էր էլեկտրական աթոռ հիշեցնող նստարանին նստած «աշակերտին» յուրաքանչյուր սխալի համար հոսանքահարելով, չնայելով, որ իր գործողություններով ակնհայտ անտանելի ցավ է պատճառում։ Փորձարկվող «ուսուցիչները» քայլ առ քայլ կատարում էին ղեկավարի ցուցումները, անտեսելով իրենց իսկ բարոյական նորմերը, ներքին պայքարը, հակադրվելով իրենց իսկ խղճին։ Գիտափորձն անսպասելի բացահայտում էր, որ «հեղինակություններին հնազանդվելն այնպես խորն է արմատավորվել մեզանում, որ մարդկանց գերակշիռ մեծամասնությունը պատրաստ է հնազանդվել հակադրվելով իր կամքին, նույնիսկ գիտակցելով անտեսել, որ իր գործողություններով լուրջ վնասվածք և տառապանք է պատճառում բացարձակապես անմեղ մեկին»[3]։ Դաժանության պատճառները հասկանալու համար իրականացվել է այս գիտափորձի որոշ փոփոխություններով բազմաթիվ այլ տարբերակներ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհի տարբեր երկրներում[4]։
Այս հետազոտությունն առաջին անգամ նկարագրվել է 1963 թվականին «Անոմալ և սոցիալական հոգեբանություն ամսագրում» (Journal of Abnormal and Social Psychology) Եյլի համալսարանի հոգեբան Սթենլի Միլգրեմի «Հնազանդության վարքագծային ուսումնասիրություն»[5] (անգլ.՝ Behavioral Study of Obedience) հոդվածում։ 1974 թվականին «Հնազանդվել հեղինակությանը. փորձարարական դիտում»[3] (անգլ.՝ Obedience to Authority: An Experimental View) գրքում Միլգրեմը ներկայացրել է իր առավել մանրակրկիտ եզրակացությունները։