From Wikipedia, the free encyclopedia
Մերժված համաստեղություններ, համաստեղություններ, որոնք 1922 թվականին Հռոմում կայացած Միջազգային աստղագիտական միության առաջին համագումարում դուրս մնացին համաստեղությունների վերջնական և անփոփոխ ցուցակից։
Երկնքում իրենց մնայուն տեղը նվաճելու համար հավակնում էին շուրջ 115 համաստեղություններ։ 1922 թվականին Հռոմում կայացած Միջազգային աստղագիտական միության առաջին համագումարում հաստատվեց դրանց վերջնական թիվը՝ 88: Մերժված համաստեղությունների որոշ մասը հանդիպում է նաև հին քարտեզագրքերում։
Անգլիացի աստղագետ Էդմունդ Հալլեյը (համանուն գիսավորի հայտնաբերողը) 1679 թվականին Արգոնավ համաստեղությունից առանձնացրեց աստղերի մի որոշակի խումբ և այն կոչեց Կառլոսի Կաղնի համաստեղություն՝ ի պատիվ Անգլիայի Կառլոսի։ Իբր այդ ծառի սաղարթներում է թաքնվել նա Օլիվեր Կրոմվելից իր հոր՝ Կառլոս 1-ինի զորքերի կրած պարտությունից հետո։ Համաստեղությունը պատկերված է Յան Հևելիուսի քարտեզագրքում։ Նույն թվականին Ֆրանսիայի արքունական ճարտարապետ Օգյուստեն Ռուայեն Լյուդովիկոս 14-րդի պատվին այժմյան Մողես համաստեղության տեղում, Անդրոմեդային զրկելով աջ ձեռքից, պատկերել է Գայիսոն ու Արդարադատության Ձեռք համաստեղությունները։ Իսկ այդ նույն մասում Յոհան Բոդեն 1787 թ. նոր մահացած Ֆրիդրիխ 2-րդը Պրուսացի թագավորի հիշատակը հավերժացրել էր Ֆրիդրիխի փառք (Ռեգալիա) համաստեղությամբ։
1688 թվականին Պրուսական թագավորական ընկերության անդամ աստղագետ Գոթֆրիդ Կիրխեն Էրիդանոս և Նապաստակ համաստեղությունների միջև կազմեց Բրանդերբուրգյան Գայիսոն համաստեղությունը։
Յան Հևելիուսի մոտ հանդիպում են Մենելա Սար և Անտոնիոս համաստեղությունները։ Մենելա Սար համաստեղությունը գտնվում է Եզնարածի ոտքերի տակ և կրում է Բնության հովանավոր աստված Պանի սիրած հանգստավայր սաիր անունը։ Իսկ Անտոնիոս համաստեղությունը պատկերում է մ.թ.ա. 2-րդ դարի վերջի հռոմեական կայսր Ադրիանոսի սիրելի պատանյակին։ Ֆրանսիացի աստղագետ ակադեմիկոս Լեմոնյեն 1776 թվականին Կասիոպեա և Ընձուղտ համաստեղությունների միջև տեղադրեց Հյուսիսային Եղջերու համաստեղությունը, ի նշան բևեռային շրջան իր կատարած ճանապարհորդության։ Եվս մեկ ֆրանսիացի աստղագետ՝ Ժոզեֆ Լալանդը, 1779 թվականին Հիդրա և Պոմպ համաստեղությունների միջև տեղավորեց Կատվի համաստեղությունը։ Մինչ այդ (1774) նա արդեն համաստեղություն կամելու փորձ ուներ։ Հյուսիսային բևեռի մոտ ի պատիվ Շառլ Մեսսյեի, նա կազմեց Բերքի Պահապաններ համաստեղությունը։ 1795 թվականին նա Եզնարած, Հերկուլես, Վիշապ համաստեղությունների միջև տեղադրեց Պատի Կվադրանտը (Քառորդակը), իսկ երեք տարի անց (1798) Մանրադիտակ համաստեությունից դեպի արևելք տեղադրեց Օդապարիկ համաստեղությունը։ Վիլնյուսի համալսարանի ռեկտոր, Եվրոպայում հայտնի աստղագետ աբբատ Մարտին Պոչոբատը 1777 թվականին լեհ թագավոր Ստանիսլավ Ավգուստ Պոնյատովսկու պատվին կազմել է Պոնյատովսկու Ցուլ համաստեղությունը: Ցուլ և Էրիդանոս համաստեղությունների միջև անգլիացի աստղագետ Հելլը 1789թվականին ստեղծեց Գևորգի Տաիղ համաստեղությունը՝ ցանկանալով հավերժացնել իր երկրի թագավորի անունը։
Ուիլյամ Հերշելի աստղադիտակը 1781 թվականին «տեղակայվեց» Լուսան և Երկվորյակներ համաստեղությունների միջև։ 1790 թվականին Բոդեն Կետ համաստեղությունից հարավ «հավաքեց» Էլեկտրական Մեքենան։ 1799 թվականին Նավախել և Ողնուց համաստեղությունների միջև տեղադրեց Տպարան համաստեղությունը։ 17-րդ դարում Եռանկյուն համաստեղության մոտ կազմվեց Փոքր Եռանկյունը, իսկ 19 -րդ դարի մի շարք քարտեզներում Ոսկե Ձկնիկ և Հիդրա համաստեղությունների միջև պատկերված է նաև Արեգակնային ժամացույցը։ Յան Հևելիուսի քարտեզագրքում հանդիպում ենք նաև Կերբեր համաստեղությանը՝ պատկերված երեքգլխանի օձերի տեսքով[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.