Մեծ սֆինքս կամ Գիզայի մեծ սֆինքս (արաբ.՝ أبو الهول, բառացի՝ «սարսափի հայր», հուն.՝ Σφίγξ (Սփինքս, Սփիգս), բառացի՝ «խեղդող»), Երկրի վրա պահպանված թերևս ամենահին ժայռաքանդակը, որը գտնվում է Գիզայում, Նեղոս գետի արևմտյան ափին։ Այն քանդակված է միակտոր կրաքարե ժայռից՝ կոթողային սֆինքսի ձևով և իրենից ներկայացնում է ավազների վրա պառկած առյուծ՝ մարդու գլխով։ Ընդունված է համարել, որ նրա դեմքը նմանեցված է Քեֆրեն փարավոնի (մոտ՝ մ.թ.ա. 2575-2465 թթ.) դեմքին և գտնվում է վերջինիս բուրգից ոչ հեռու։ Արձանի երկարությունը 72 մ է, բարձրությունը՝ 20 մ, կզակից մինչև գլխի գագաթը՝ 9 մ։ Առջևի թաթերի միջև ժամանակին եղել է ոչ մեծ սրբատեղի։

Thumb
Գիզայի Մեծ Սֆինքսը

Նշանկություն և անվան ծագում

Մեծ Սֆինքսի դեմքն ուղղված է դեպի Նեղոսն ու ծագող արևի կողմը։ Հին Արևելքի գրեթե բոլոր քաղաքակրթություններում առյուծն համարվել է արևի աստվածություն։ Հին ժամանակներից սկսած փարավոնին ընդունված էր պատկերել առյուծի տեսքով, ով ընդունակ էր կործանել բոլոր թշնամիներին։ Այդ ամենի լույսի ներքո Սֆինքսին կարելի է համարել իր շուրջը թաղված բոլոր փարավոնների հավերժական հանգիստն հսկող պահապան։

Մեծ Սֆինքսի անվանումը հին եգիպտերենով դեռևս անհայտ է։ «Սֆինքս» բառը հունարեն է և բառացիորեն թարգմանվում է որպես «խեղդող», ինչն էլ ակնհայտ հղում է կատարում Սֆինքսի հանելուկի մասին հայտնի լեգենդին։

Կառուցման ժամանակը

Մեծ Սֆինքսի կառուցման ճիշտ ժամանակն ու հանգամանքները դեռևս պարզված չեն։ Անտիկ դարաշրջանի հեղինակների կարծիքները հաշվի առնելով, ժամանակակից գրականության մեջ ձևավորվել է այն կարծիքը, որ հուշարձանը կառուցվել է Քեֆրեն փարավոնի կողմից։ Դա հիմնականում հաստատվում է նրանով, որ արձանին կից տաճարի կառուցման ժամանակ օգտագործվել են նույն չափսի քարաղյուսներ, ինչ հարևան բուրգի կառուցման ժամանակ։ Բացի այդ, Սֆինքսից ոչ հեռու, հնագետները ավազի մեջ հայտնաբերել են Քեֆրենի դիորիտե պատկերը։

Գոյություն ունեն նաև Սֆինքսի պատվիրատուների վերաբերյալ այլ կարծիքներ ևս։ Ֆրանսիացի եգիպտագետ Օգյուստ Մարիետի կողմից 1857 թվականին Գիզայում հայտնաբերված սալաքարը, որն ամենայն հավանականությամբ ստեղծվել է Կամբյուսես II-ի պարսկական տիրապետությունից ոչ շատ առաջ, վկայում է այն մասին, որ արդեն իսկ հնացած արձանը ավազի միջից հանել և մաքրել է Քեֆրենի հայրը՝ Քեոփս փարավոնը (որոշ վարկածների համաձայն նրանք եղբայրներ էին)։ Գիտնականների մեծ մասը հակված են մերժելու այս վկայությունը՝ այն վերագրելով ավելի ուշ շրջանի և համարում են վստահություն չներշնչող աղբյուր։ Սակայն սալաքարի վկայությունը ընդունվում էր այնպիսի գիտնականի կողմից, ինչպիսին ֆրանսիացի եգիպտագետ Գաստոն Մասպերոն էր։ Ժամանակակից հայտնի եգիպտագետ Ռայներ Շտադելմանի կարծիքով, արձանն իր գեղարվեստական հատկանիշներով համապատասխանում է Քեոփսի շինարարական գործունեությանը։ 2004 թվականին, ֆրանսիացի գիտնական Վասիլ Դոբրևը կարծիք է հայտնել, որ Սֆինքսը պատկերում է Քեոփսին, սակայն այն կառուցել է նրա որդին՝ Ռաջեդեֆը (Ջեդեֆրա, մ.թ.ա. 2528-2520 թթ.)[1]:

Արձանի պատվիրատուի հարցում կասկածներ է հարուցում նաև այն հանգամանքը, որ արձանի դեմքն ունի նեգրոիդ ռասային բնորոշ դիմագծեր, ինչը միանգամայն չի համապատասխանում Քեֆրենի և նրա բարեկամների մյուս պահպանված պատկերներին։ Դատական բժշկագիտության փորձագետները համակարգչի օգնությամբ համադրել են Սֆինքսի դեմքը Քեֆրենին վերագրվող արձանների դեմքերին և հանգել այն կարծիքին, որ դրանք չեն պատկանում միևնույն մարդուն[2]։

Սկսած 1950-ական թվականներից, գրականության մեջ Սֆինքսի թվագրումը հնագույն թագավորության ժամանակաշրջանին՝ կասկածի տակ էր դրվում։ Հաստատվում էր, որ Սֆինքսի ներքևի հատվածը իրենից ներկայացնում է էրոզիայի դասական օրինակ, որն առաջացել էր քարը երկար ժամանակ ջրի մեջ գտնվելու հետևանքով[3]։ Վերջին անգամ տեղումների համապատասխան մակարդակ Եգիպտոսում նկատվել է IV և III հազարամյակների շեմին, ինչն այդ տեսության կողմնակիցների կարծիքով ցույց է տալիս, որ արձանը կառուցվել է մինչ արքայատոհմային ժամանակաշրջանը կամ նույնիսկ ավելի վաղ։ Գիտական գրականության մեջ, քանդակի էրոզիայի հատկանիշները բացատրվում են այլ պատճառներով՝ երկրորդային ճեղքվածքավորությամբ, թթվային անձրևների գործունեությամբ, կրաքարի ցածր որակով[4]։

Գլխի համեմատաբար ոչ մեծ չափսերը ամերիկացի երկրաբան Ռոբերտ Շոխին հանգեցրել են այն կարծիքին, որ արձանն ի սկզբանե ունեցել է առյուծի դունչ և փարավոններից մեկը կարգադրել է դրանից կերտել հանելուկային ժպիտով մարդու դեմք՝ իր նմանությամբ ու կերպարանքով։ Գիտական շրջանակներում այդ վարկածը քննություն չի բռնել, ինչպես որ բրիտանացի լրագրող Գրեմ Հենկոկի ենթադրությունը՝ երեք բուրգերի համահարաբերակցությունը Օրիոն համաստեղության հետ, որն իբր նկատվել է մթա 11-րդ հազարամյակում։

Նկարագիր

Հռոմեացի պատմիչ Պլինիոս Ավագը Մեծ Սֆինքսին նկարագրել է որպես հրեշի։ Միջնադարում արաբները իրենց «Հազար ու մի գիշեր» գրական հուշարձանում և այլ մատյաններում Սֆինքսին անվանել են «Սարսափի հայր»։ Նոր ժամանակներում Սֆինքսի քանդակը առաջին անգամ պատկերել է իտալացի ճարտարապետ Սեբաստիանո Սեռլիոն և հրատարակել 1546 թվականին Անտվերպենում՝ հինավուրց ճարտարապետության հուշարձանների մասին պատմող աշխատությունում։ Նրա պատկերած Սֆինքսը ուներ ժպտացող կնոջ դեմք և օժտված էր կանացի կրծքով ու այն ժամանակների սանրվածքով։

Կարգավիճակ

Իր գոյության ընթացքում Մեծ Սֆինքսը մինչև ուսերը թաղված է եղել ավազի մեջ։ Այն ավազից դուրս բերելու փորձեր արվել են նաև հնագույն ժամանակներում՝ Թութմոս IV-ի և Ռամզես II-ի կողմից։ Առաջինը կարողացել է ավազից ազատել միայն առջևի թաթերը, որոնց միջև հրամայել է կանգնեցնել գրանիտե սալաքար՝ հետևյալ գրությամբ. «Թագավորական որդի Թութմոսը ժամանելով, միջօրեի զբոսանքի ժամանակ նստել է այս հզոր աստվածության ստվերի ներքո։ Երբ Ռան հասել է բարձունքին (երկնքին), նրան տիրել է քունը և նա երազում տեսել է, թե ինչպես է այս մեծ աստվածը դիմել նրան՝ ինչպես հայրն է խոսում որդու հետ. «Ուշադիր նայիր ինձ, օ իմ որդի Թութմոս, ես քո հայր Խեփրին եմ և ես քեզ տիրակալ եմ կարգում իմ երկրի ու բոլոր ապրողների վրա... Ընդունիր իմ իրական տեսքը, որպեսզի պաշտպանես իմ անաղարտ վերջույթները։ Ինձ ծածկել է անապատի ավազը, որի վրա ես պառկած եմ։ Փրկիր ինձ և կատարիր այն ամենը՝ ինչ իմ սրտում է»»։

Հին հույների և հռոմեացիների կողմից նույնպես Սֆինքսն ամրացվել է քարաղյուսների միջոցով՝ մասնավորապես թաթերն ու որմնախորշի պատերը[5]։ Սֆինքսի ողջ կրծքավանդակը ավազից հաջողվել է մաքրել իտալացիներին՝ 1817 թվականին, իսկ ամբողջությամբ արձանն հազարամյա ավազից ազատվել է 1925 թվականին։ 2014 թվականին Սֆինքսը ենթարկվել է քառամսյա վերականգնողական աշխատանքների, որից հետո կրկին հասանելի է դարձել զբոսաշրջիկների համար[6]։

Կորուստներ

Արձանից բացակայում է 1,5 մ լայնություն ունեցող քիթը։ Դա կարելի է բացատրել ինչպես քարի բնական քայքայումով (քամու և խոնավության բազմադարյա ազդեցությամբ), այնպես էլ մարդկային գործոնի ազդեցությամբ։ Գոյություն ունի լեգենդ, որ արձանի քիթը պոկվել է 1798 թվականին՝ Բուրգերի ճակատամարտի ժամանակ՝ թնդանոթի համազարկերից, երբ Նապոլեոնի բանակը կռվում էր թուրքերի դեմ։ Մեկ այլ վարկածով, Նապոլեոնի փոխարեն նշվում են անգլիացիները կամ մամլուքները։ Այդ վարկածի կեղծ լինելը փաստում են դանիացի ճանապարհորդ Նորդենի նկարները, ով Սֆինքսին առանց քթի տեսել է դեռևս 1737 թվականին։

Միջնադարյան արաբ պատմիչ Ալ-Մաքրիզին գրել է, որ 1378 թվականին սուֆիզմի մի հետևորդ, տեսնելով իրենց բերքի առատության հույսով Սֆինքսին բարիքներ բերող ֆելլահներին, լցվել է զայրույթով և պոկել կուռքի քիթը, որի համար ամբոխը նրան հաշվեհարդարի է ենթարկել։ Ալ-Մաքրիզիի պատմությունից կարելի է եզրակացնել, որ տեղի բնակչության համար Սֆինքսը յուրօրինակ թալիսման էր, Նեղոսի տիրակալը, որից և ինչպես նրանք ակնկալում էին, կախված էր մեծ գետի վարարման մակարդակը և համապատասխանաբար՝ իրենց դաշտերի բերրիությունը։

Սֆինքսը մինչ մեր օրերն է հասել ոչ միայն առանց քթի, այլ նաև առանց դնովի և ծիսակարգային նշանակություն ունեցող մորուքի։ Այդ մորուքի որոշ հատվածներ կարելի է տեսնել Բրիտանական և Կահիրեի եգիպտական թանգարաններում։ Մորուքի հայտնվելու ժամանակը բանավեճերի առիթ է հանդիսանում։ Որոշ հեղինակներ մորուքի ի հայտ գալը վերագրում են Նոր թագավորության ժամանակներին[7][8]։ Մյուսների կարծիքով, մորուքը կառուցվել է գլխի հետ միաժամանակ, քանի որ բարձրության վրա մորուքն ամրացնելը տեխնիկապես բարդ է և այն ժամանակների շինարարների համար նման աշխատանքը անհնար էր[9]։

Սֆինքսի դեմքի վրա նշմարվում են նաև կարմիր ներկի հետքեր, իսկ արձանի որոշ հատվածների վրա առկա են նաև դեղին և կապույտ ներկերի հետքեր, ինչը ամերիկյան հնագետ Մարկ Լեհներին ենթադրել է տալիս, որ ինչ-որ ժամանակ արձանը ներկված է եղել վառ գույներով[10]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.