Մեթիլֆենիդատ
From Wikipedia, the free encyclopedia
Մեթիլֆենիդատը, որը հայտնի է նաև Ռիտալին և Կոնցերտա անուններով, կենտրոնական նյարդային համակարգը (CNS) խթանող դեղամիջոց է։ Այն օգտագործվում է ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի (ADHD) (որպես առաջին ընտրության դեղ) և, ավելի փոքր չափով, նարկոլեպսիայի բուժման համար։ Մեթիլֆենիդատը կարող է օգտագոևծվել ներքին և արտաքին (մաշկին քսելու միջոցով) եղանակներով։ Տարբեր դեղաձևեր ունեն ազդեցության տարբեր տևողություն, որը սովորաբար տատանվում է 2-4 ժամից[1]։ Թեև քիչ ապացույցներ կան, իսկ որոշ դեպքերում հակասական ապացույցներ, որոնք հաստատում են դրա օգտագործումը որպես մարզական կարողությունները խթանող (դոպինգ), կոգնիտիվ խթանիչ, աֆրոդիզիակ (սեռական ակտիվությունը խթանող) կամ էյֆորիածին[2][3][4][5][6][7][8][9]։
Մեթիլֆենիդատի ընդհանուր կողմնակի ազդեցությունները ներառում են՝ տախիկարդիա (արագասրտություն), սրտխփոց, գլխացավ, անքնություն, անհանգստություն, հիպերհիդրոզ, քաշի կորուստ, ախորժակի նվազում, բերանի չորացում, սրտխառնոց և որովայնի ցավ[10]։ Հանման համախտանիշի դեպքում դիտվում է դող, դեպրեսիա, քնկոտություն, դիսֆորիա, հյուծվածություն, գլխացավ, դյուրագրգռություն, անտարբերություն, մղձավանջներ, անհանգստություն, ինքնասպանության մտքեր և թուլություն[1]։
Մեթիլֆենիդատի ենթադրյալ մեխանիզմն է՝ արգելափակել նեյրոնների կողմից դոֆամինի և նորէպինեֆրինի հետզավթումը[11][12]։ Այն ֆենէթիլամինների և պիպերիդինների դասերին պատկանող կենտրոնական նյարդային համակարգի (CNS) խթանիչ է։ Չնայած որոշ ենթադրություններին, այն կոկաինի ածանցյալ կամ անալոգ չէ։ Կոկաինը տեղային անզգայացնող միջոց է և ընկճում է սերոտոնին-նորադրենալին-դոֆամինի հետզավթումը (SNDRI action), մինչդեռ մեթիլֆենիդատը նորադրենալին-դոֆամինի հետզավթման արգելակիչ է (NDRI action)՝ 2-3 անգամ դոֆամինի ֆոխադրիչի (DAT) հանդեպ ավելի բարձր ընտրողականությամբ։ Կոկաինը նաև ավելի ուժեղ է ազդում սերոտոնինի փոխադրիչների (SERTs) վրա, քան NDRI-ի տեղամասերում[13][14]։
Մեթիլֆենիդատն առաջին անգամ սինթեզվել է 1944 թվականին։ Միացյալ Նահանգներում 1955 թվականին հաստատվել է բժշկական օգտագործման համար[15]։ Այն ի սկզբանե վաճառվել է շվեյցարական CIBA (այժմ՝ Novartis) ընկերության կողմից[15]։ Հաշվարկվել է, որ 2013 թվականին աշխարհում օգտագործվող մեթիլֆենիդատի քանակը 2012 թվականի համեմատ աճել է 66%-ով[16]։ 2020 թվականին այն 41-րդ ամենահաճախ նշանակվող դեղամիջոցն էր ԱՄՆ-ում՝ ավելի քան 15 միլիոն դեղատոմսով[17][18]։ Մեթիլֆենիդատը հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց[1]։
Միացյալ Թագավորությունում NHS-ի հաստատմամբ մեթիլֆենիդատը առաջին ընտրության դեղամիջոց է ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի (ADHD) բուժման համար[19]։