From Wikipedia, the free encyclopedia
Մարգարետ Հյուս (անգլ.՝ Margaret Hughes, մայիսի 29, 1630, մայիսի 29, 1645 կամ 1630[1], անհայտ - հոկտեմբերի 1, 1719[2] կամ 1685[1], Էլթհեմ, Քենթ, Մեծ Բրիտանիայի թագավորություն), հայտնի է նաև Փեգ Հյուս կամ Մարգարետ Հյուս անուններով, հաճախ նշվում է որպես անգլիական բեմի առաջին դերասանուհին, որը բեմ է բարձրացել 1660 թվականի դեկտեմբերի 8-ին[3]։ Հյուսը Անգլիական բուրժուական հեղափոխության գեներալ Հռենոսի Ռուփերտ արքայազնի սիրելին էր։
Մարգարետ Հյուս | |
---|---|
Ծնվել է | մայիսի 29, 1630, մայիսի 29, 1645 կամ 1630[1] |
Ծննդավայր | անհայտ |
Մահացել է | հոկտեմբերի 1, 1719[2] կամ 1685[1] |
Մահվան վայր | Էլթհեմ, Քենթ, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի |
Երեխաներ | Ruperta Hughes?[1] |
Margaret Hughes Վիքիպահեստում |
Հյուսը դերասանուհի է դարձել անգլիական դրամայի մեծ փոփոխությունների ժամանակաշրջանում։ Անգլիական դրաման մեծապես տուժել է Անգլիական բուրժուական հեղափոխության և Չարլզ 2-ի գահակալմանը նախորդած ժամանակաշրջանում` 1642 թվականին արգելվելով պուրիտանական Երկարատև պառլամենտի կողմից[4]։ Այս արգելքը վերջապես հանվել է Չարլզ II Ստյուարտի կողմից։ Չարլզը թատրոնի մեծ երկրպագու էր և երկու արքայական արտոնագիր է տրամադրել Սըր Թոմաս Քիլիգրյուին և Սըր Վիլյամ Դավենանտին[4]։ Վերածննդի ժամանակաշրջանում կանանց արգելված էր հայտնվել բեմում, ինչի արդյունքում տղամարդ դերասանները կանանց դերեր էին խաղում։ Մի անգամ արքայի` ներկայացում դիտելու ժամանակ այն հանկարծակի ընդհատվել է։ Պարզվել է, որ կնոջ դեր խաղալ պատրաստվող տղամարդը չէր հասցրել սափրվել։ Տղամարդկանց կողմից կանանց դերեր խաղալը ժամանակակիցների համար ավելացրել է համասեռամոլության տարածման վերաբերյալ մտահոգությունները, ինչն ի վերջո ստիպել է Չարլզին 1662 թվականին արքայական հրամանագիր ընդունել, ըստ որի կանացի դերերը պետք է խաղային միայն դերասանուհիները[5]։ Քիլիգրյուն և Դավենանտը Վերականգնման ժամանակաշրջանից անմիջապես հետո սկսել են դերասանուհիներին ներգրավել ներկայացումներում[5], որոնք 1660-ականների սկզբից բեմում հայտնվելով` միանգամից ընդունելություն են գտել։ Քիլիգրյուն 1664 թվականին ըստ իր հեղինակած պիեսի բեմադրել է «Փարսոնի հարսանիքը» ներկայացումը, որտեղ զբաղված էին միայն դերասանուհիները։ Ներկայացումը կրկնվել է նաև 1672 թվականին։
15 տարեկանում Մարգարետը թատրոնի պատմության էջ է բացել` դառնալով անգլիական բեմի առաջին դերասանուհին[6][7]։ Նրա առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1660 թվականի դեկտեմբերի 8-ին, երբ նա Վերե Սթրիթ թատրոնում Շեքսպիրի «Օթելլո» պիեսի բեմադրության մեջ խաղացել է Դեզդեմոնայի դերը[8]։ Որոշ պատմաբաններ որպես անգլիական բեմ բարձրացած առաջին դերասանուհի ճանաչում են Աննա Մարշալին[9]։ Այնուամենայնիվ, Ջոն Դոունեսի` 1660-ականների մասին հուշերում որպես առաջին դերասանուհի հիշատակվում է հենց Հյուսը[10]։
Հյուսը հայտնի էր իր գրավչությամբ. հուշագիր Սեմյուել Փիփսը համարում էր նրան «չափազանց սիրունիկ կին»[11], նրան նկարագրում էին որպես «մեծ գեղեցկության տեր, մուգ խոպոպիկներով, հիանալի կառուցվածքով և հատկապես գեղեցիկ ոտքերով» կին[12]։ Ըստ Փիփսի` նա Սըր Չարլզ Սեդլիի սիրուհին էր։ Կարծիք կա, որ Մարգարետը կարճ ժամանակ կապված է եղել անձամբ Չարլզ II Ստյուարտի հետ ևս[11]։ Համարվում է, որ Հյուսն Արթուր անունով արտամուսնական որդի է ունեցել, չնայած այս փաստն ապացուցող վնակություններ չկան[12]։
Առավել հավանական է, որ Հյուսը կապված է եղել Հռենոսի արքայազն Ռուփերտի հետ։ Վերջինս սիրահարվել է նրան 1660 թվականների վերջին, չնայած Հյուսը հավանաբար ձգտել է նրա ուշադրությանն արժանանալ` իր համար կայուն բնակավայր ապահովելու նպատակով[12]։ Ռուփերտն արքայական ընտանիքի ավագ անդամներից մեկն էր, և Հյուսը նրա հովանավորությամբ առավելությունների էր արժանանում։ 1669 թվականին Մարգարետը դարձել է King's Company նախաձեռնության անդամ, ինչը նրան կարգավիճակ է տվել և պաշտպանել պարտքերի պատճառով ձերբակալվելուց։ Դերասանուհին չորս անգամ նկարվել է ժամանակի պալատական ամենահայտնի նկարիչ Սըր Փիթեր Լելիի կողմից[13]։
Ռուփերտն այդպես էլ պաշտոնապես չի ամուսնացել Հյուսի հետ, սակայն ընդունել է իրենց դստերը` Ռուփերտային, որը ծնվել է 1673 թվականին[14]։ 1670-ական թվականներին Հյուսը շքեղ կյանք է վարել` վայելելով մոլախաղերն ու ոսկեղենը։ Իրենց հարաբերությունների ընթացքում Ռուփերտը նրան նվիրել է առնվազն £20,000 արժողությամբ թանկարժեք զարդեր։
Մարգարետը շարունակել է խաղալ նաև Ռուփերտայի ծնվելուց հետո` բեմ վերադառնալով 1676 թվականին։ Հաջորդ տարի Ռուպերտը Հյուսին տեղավորել է £25,000 արժողությամբ «հսկա շենքում», որը գնել էր Սըր Նիկոլաս Կրիսպեից[14]։
Արքայազն Ռուփերտը մահացել է 1682 թվականին՝ իր հարստության մեծ մասը թողնելով Հյուսին և Ռուփերտային[15]։ Հյուսի համար դժվար էր այրու կարգավիճակը[15]` առանց Ռուփերտի աջակցության[16]։ Հյուսն սկսել է վաճառել Ռուփերտի նվերները։ Նա վաճառել է նաև Համմերսմիթի իր տունը լոնդոնցի երկու վաճառականների[15]։ Նրա դուստրը` Ռուփերտան, ամուսնացել է խորհրդարանի ապագա անդամ և գեներալ անգլիացի Էմանուել Սկրոպե Հոուի հետ[15]։ Հյուսը մահացել է 1719 թվականին[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.