Մասնակից:NikogosyanAlbert/Ավազարկղ Երուսաղեմի հայկական թաղամաս
From Wikipedia, the free encyclopedia
Երուսաղեմի հայկական թաղամաս (եբրայերեն՝ הרובע הארמני Հա-Րովա հա-Արմենի, արաբ․՝ حارة الأرمن Հափաթ ալ-Արման), Երուսաղեմի հին քաղաքի չորս թաղամասերից մեկը, զբաղեցնում է Հին քաղաքի տարածքի 14 %-ին համարժեք` 0,126 կմ² տարածք: Տեղակայված է Հին քաղաքի հարավարևմտյան[1] հատվածում` Յաֆֆայի դարպասներից հարավ, Դավթի աշտարակի և Սիոն լեռան միջև: Համարվում է որ Հայկական թաղամասի ներկայիս տարածքում ժամանակին տեղակայվել է Հերովդես I Մեծի պալատը: Հարավից և արևմուտքից Հայկական թաղամասը պաշտպանում են Հին քաղաքի պարիսպները, հյուսիսից սահմանակցում է Երուսաղեմի քրիստոնեական թաղամասին (բաժանված է Դավթի փողոցով), իսկ արևելքից` Երուսաղեմի հրեական թաղամասով (բաժանված է Հաբադ փողոցով)[2]: Հայկական թաղամաս կարելի է մտնել Յաֆֆայի և Սիոնի դարպասներից[3]: Բնակչության թվաքանակով և խտությամբ բոլոր թաղամասերի մեջ ամենափոքրն է[4]:
Չնայած թաղամասի փոքր չափերին և բնակչության թվաքանակին, հայերը պահպանում են իրենց անսասան անկախությունը և աշխուժորեն շարունակում են իրենց դրսևորել Հին քաղաքում: VII դարում հաստատված Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը անկախ է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական կառույցներից: Պատրիարքարանը տեղակայված է թաղամասի կենտրոնում` Սուրբ Հակոբյանց վանքում, որի երկաթյա պարիսպների վրա գրված է`«Այս դարպասները կառուցվել են Գրիգոր պատրիարքի նախաձեռնությամբ 1646 թվականին»: Պատրիարքարանին է պատկանում ինչպես բուն թաղամասի տարածքը, այնպես էլ մի շարք տիրույթներ այլ վայրերում: