Մասնակից:Araqsya Hunanyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Ամուսնություն, հայտնի է նաև ամուսնական կյանք անունով, զույգերի միջև հասարակական կամ ծիսական միությունն է, որն իրավունքներ ու պարտականություններ է սահմանում զույգերի, իրենց ու կենսաբանական կամ որդեգրված երեխաների միջև, ինչպես նաև մերձավորություն՝ երկու ընտանիքների միջև[1]։ Ամուսնության սահմանումը տարբերվում է ողջ աշխարհում ոչ միայն մշակույթների ու կրոնների միջև, այլ նաև տվյալ մշակույթի ու կրոնի պատմության շրջանակներում, որը զարգանալով ընդլայնում է իր սահմանները, բայց իրականում այն մի ինստիտուտ է, որում ճանաչվում կամ վավերացվում են միջանձնային (հիմնականում սեռական) հարաբերությունները: Որոշ մշակույթներում, մինչ սեռական հարաբերություն ունենալը, ամուսնությունը խրախուսվում կամ պարտադիր է համարվում: Ընդհանուր սահմանմամբ՝ ամուսնությունը մշակութային ամբողջականություն է համարվում: Ամուսնական ծիսակատարությունը հայտնի է որպես հարսանիք:
Անհատները կարող են ամուսնանալ մի շարք պատճառներով, ներառյալ իրավական, սոցիալական, սեռական ցանկության, զգայական, ֆինանսական, հոգևոր ու կրոնական պատճառները: Ամուսնանալ կարող են՝ ելնելով հասարակության կողմից սահմանված օրենքներից, ծնողների ընտրությունից ու սեփական ցանկություններից: Աշխարհի որոշ շրջաններում պլանավորված ամուսնությունը, երեխաների ամուսնությունը, բազմակնությունն ու երբեմն էլ հարկադրված ամուսնությունը կարող են դիտվել որպես մշակույթի մի մաս: Սակայն նման օրինակները պետք է օրինազրկվեն ու արգելվեն աշխարհում՝ հաշվի առնելով միջազգային օրենքն ու այն փաստը, որ խախտվում են կանանց և երեխաների (թե՛ տղաների և թե՛ աղջիկների) իրավունքները[2]։ Ամբողջ աշխարհում՝ հատկապես զարգացած ժողովրդավարական երկրներում, ընդհանուր միտում կա ամուսնության մեջ հավասար իրավունքներ հաստատելու կանանց համար, ինչպես նաև իրավականորեն ճանաչելու միջդավանական, միջռասսայական ու նույնասեռական զույգերին: Այս միտումները համընկնում են մարդու իրավունքների համար ուղղված լայնածավալ շարժմանը:
Ամուսնությունը կարող է ճանաչվել պետության, կազմակերպության, կրոնական հաստատության, ցեղական որևէ խմբի, տեղական համայնքի կամ հասարակ մարդկանց կողմից: Այս ամենը հաճախ դիտվում է որպես պայմանագիր: Քաղաքացիական ամուսնությունը իրականացվում ու անցկացվում է պետական հաստատության կողմից՝ համաձայն ամուսնության օրենքների, առանց կրոնական արարողության: Քաղաքացիական ամուսնությունը պետության առաջ ճանաչում ու ստեղծում է ամուսնական կյանքին հատուկ իրավունքներ ու պարտականություններ: Կրոնական ամուսնությունն իրականացվում է որևէ կրոնական հաստատության հովանու ներքո: Այն ճանաչում և ստեղծում է ամուսնությանը հատուկ իրավունքներ ու պարտականություններ տվյալ կրոնի առաջ: Կրոնական ամուսնությունը հայտնի է տարբեր ձևերով, ինչպես՝ սրբազան ամուսնություն՝ կաթոլիկների շրջանում, «նիկահ»՝ իսլամում, «նիսսուին»՝ հուդայականության մեջ և մի շարք անուններով այլ հավատ ունեցող մշակույթներում, որոնցից յուրաքանչյուրն իր օրենքներն է առաջադրում, թե ով կարող է ամուսնանալ կրոնական ճանապարհով և այլն:
Որոշ երկրներ չեն ճանաչում միայն կրոնական ամուսնությունը՝ պահանջելով նաև քաղաքացիական ամուսնություն: Սակայն կան հոգևոր առաջնորդի կողմից կառավարվող երկրներ էլ, օրինակ՝ Սաուդյան Արաբիա, որտեղ այլ երկրներում կայացած ամուսնությունները կարող են չճանաչվել, եթե անց են կացվել ոչ այն իսլամական օրենքներով, որոնք ընդունված են Սաուդյան Արաբիայում: Խառը՝ աշխարհիկ-հոգևոր իրավական կառավարման համակարգ ունեցող երկրներում, օրինակ՝ Լիբանանում և Իսրայելում, քաղաքացիական ամուսնություններ գոյություն չունեն երկրի ներսում, որի միջոցով էլ կանխարգելվում են միջդավանական և կրոնական օրենքները հակասող մի շարք այլ ամուսնություններ: Այնուամենայնիվ, այլ երկրներում կայացած քաղաքացիական ամուսնություններն ընդունվում են պետության կողմից, եթե անգամ հակասում են կրոնական օրենքներին (Իսրայելում սա վերաբերում է ոչ միայն այլ երկրում կայացած միջդավանական քաղաքացիական ամուսնությանը, այլև նույնասեռականների ամուսնությանը):
Ամուսնական ակտը սովորաբար ստեղծում է նորմատիվ կամ իրավական պարտավորություններ զույգերի և կենսաբանական կամ որդեգրված ժառանգների միջև: Իրավական ճանաչման տեսանկյունից շատ միապետություններ և այլ օրինավոր իշխանություններ սահմանափակում են հակառակ սեռի հետ ամուսնությունները, իսկ այս թվի նվազումը զարկ է տալիս բազմակնությանը, երեխաների և հարկադրված ամուսնություններին: Ներկայումս մի շարք երկրներ, որոնց թիվը գնալով աճում է, և հատկապես զարգացած ժողովրդավարական երկրները իրավականորեն ճանաչել են միջդավանական, միջռասսայական և նույնասեռական զույգերի ամուսնությունները: Որոշ երկրներում ընդունված են ամուսնալուծություններն ու ամուսնության չեղարկումները: Որոշ շրջաններում էլ, չնայած ազգային օրենքներին, կարող են հանդիպել երեխաների ամուսնության և բազմակնության դեպքեր:
20-րդ դարի վերջից արևմտյան երկրներում լուրջ սոցիալական փոփոխությունները հանգեցրին ամուսնության վիճակագրական փոփոխություններին. աճեց առաջին ամուսնության տարիքը, ավելի քիչ մարդիկ էին ամուսնանում, իսկ շատ զույգեր էլ նախընտրում էին միասին ապրել, բայց չամուսնանալ: Օրինակ՝ Եվրոպայում ամուսնությունների թիվը 1975-2005 թվականներին նվազել էր 30%-ով[3]։
Պատմականորեն շատ մշակույթներում ամուսնացած կանայք շատ քիչ իրավունքներ ունեին՝ երեխաների հետ միասին համարվելով ամուսնու սեփականությունը, օրինակ՝ նրանք չէին կարող ունենալ կամ ժառանգել սեփականություն կամ իրավականորեն ներկայացնել իրենց: Սկսած 19-րդ դարի վերջերից մինչ օրս Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և զարգացած աշխարհի մի շարք շրջաններում ամուսնությունը աստիճանական իրավական փոփոխությունների է ենթարկվել՝ մեծ տեղ տալով կանանց իրավունքներին: Այս փոփոխությունները ներառում էին մի շարք երևույթներ․ կանայք ձեռք են բերել իրավական ինքնություն, ամուսինները զրկվել են կանանց բռնի ուժով կառավարելու իրավունքից, ամուսնալուծության օրենքներն ազատականացվել են, կանայք ինքնուրույն երեխա ունենալու իրավունք են ձեռք բերել, ինչպես նաև սեռական հարաբերություններում կանայք իրենց համաձայնություն տալու իրավունք ունեն: Այս փոփոխությունները տեղի են ունեցել նախ Արևմուտքի երկրներում: 21-րդ դարում դեռևս շարունակվում են բանավեճերը՝ կապված ամուսնացած կանանց իրավական կարգավիճակի, ամուսնության ընթացքում բռնության (հատկապես սեռական բռնության) նկատմամբ զիջողական վերաբերմունքի, ամուսնական ավանդական սովորությունների, ինչպես՝ օժիտի և հարսի գնի, ամուսնական տարիքի, նախամուսնական և արտամուսնական սեռական կյանքի քրեականացման հետ: