Մասնակից:Նազ*/Ավազարկղ6
From Wikipedia, the free encyclopedia
Հեպատիտ E (ՀE), լյարդի բորբոքում, որն առաջանում է հեպատիտ E վիրուսով վարակման հետևանքով[1][2], այն վիրուսային հեպատիտի տեսակ է[3]։ Հեպատիտ E-ն ունի հիմնականում ֆեկալ-օրալ փոխանցման ուղի, ինչպես և հեպատիտ A-ն[4][5][6]: Հեպատիտ E-ի ամենավաղ հայտնի համաճարակը տեղի է ունեցել 1955 թվականին Նյու Դելիում[7], սակայն վիրուսը չի անջատվել մինչև 1983 թվականին ռուս գիտնականների կողմից Աֆղանստանում համաճարակային բռնկման հետաքննումը[8]: HEV-ը միաշղթա ՌՆԹ պարունակող, առանց պատյանի, իկոսաեդրային վիրուս է և մարդու հեպատիտի հինգ հայտնի վիրուսներից մեկը՝ A, B, C, D և E:
Հեպատիտ A-ի պես, հեպատիտ E-ին նույնպես բնորոշ է հիվանդության սուր և ինքնասահմանափակվող ընթացքը ռեսուրսներով հարուստ երկրներում մահացության ցածր մակարդակով: Այնուամենայնիվ, այն կարող է ավելի ծանր ընթացք ունենալ հղիների և թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ՝ մահացության էականորեն ավելի բարձր մակարդակով: Հղի կանանց մոտ, հատկապես երրորդ եռամսյակում, հիվանդությունն ավելի հաճախ ծանր է ընթանում և կապված է լյարդի ֆուլմինանտ անբավարարություն կոչվող կլինիկական համախտանիշի հետ, մահացության մակարդակը մոտ 20% է.[5][9][10]: Մինչ հղի կանայք կարող են հիվանդության արագ և ծանր ընթացք ունենալ, փոխպատվաստված օրգաններով հիվանդները, ովքեր դեղեր են ընդունում իմունային համակարգը թուլացնելու և օրգանների մերժումը կանխելու համար, կարող են զարգացնել ավելի դանդաղ և կայուն ձև, որը կոչվում է քրոնիկ հեպատիտ E[11] և ախտորոշվում է 3 ամիս շարունակական վիրեմիայից հետո[12]: 2017 թվականին հեպատիտ E-ով հիվանդացել է ավելի քան 19 միլիոն մարդ[13]: 15-ից 35 տարեկան տղամարդիկ հիվանդացության առավել բարձր ռիսկ ունեն[8]: Կանխարգելիչ պատվաստանյութը (HEV 239) հաստատվել է Չինաստանում օգտագործման համար: