Մասնակից:Արշո/Ավազարկղ-ՎիքիԹիմ8
From Wikipedia, the free encyclopedia
Կազանյան ֆենոմեն, 1970-ական և 1980-ական թվականներին Կազանում և թաթարական ԽՍՀ մի շարք քաղաքներում ձևավորված բազմաթիվ ավազակախմբերի հավաքական անվանում, որոնք կազմված են անչափահասներից և պատանիներից։ Կազանի ծայրամասային շրջանների դեռահասները միավորվել են երիտասարդական ավազակախմբերի մեջ, որոնք ունեցել են անուններ և համահունչ են եղել այն շրջանների կամ փողոցների անուններին, որտեղ ապրել են նրանց անդամները: Ավազակախմբերը սկսել են մրցակցել քաղաքի տարածքների համար՝ կազմակերպելով զանգվածային «պատից պատ» մարտեր՝ ամրանների և մետաղական գնդակների օգտագործմամբ, որոնք հաճախ ավարտվել են մահացու ելքով[1][2]: Ավազակախմբերը ձևավորվել են Կազանի գրեթե բոլոր շրջաններում, դպրոցականները՝ որոնք ականատես են եղել այդ խմբավորումների բախումներին, վառվել են նրանց ընդօրինակելու ցանկությամբ, որպեսզի ամրապնդեն իրենց ազդեցությունը հասակակիցների շրջանում, և փոխհրաձգություններն ընկալել են որպես սովորական մի բան[3]: «Կազանյան երևույթի» առաջացման նախադրյալներից մեկը համարվում է «Տյապ-լյապ» խմբավորման գործունեությունը[4]:
Կազանի երիտասարդական ավազակախմբերը տարբերվել են այլ քաղաքների գոպնիկների խմբավորումներից՝ որոշակի հիերարխիայի առկայությամբ, նրանց գործողությունների մասշտաբով և բախումների հետևանքներով: Նրանք հաճախ հարաբերություններ են պարզել զանգվածային ծեծկռտուքներով, կատարել այլ հանցագործություններ։ Փողոցային հանցախմբերի մեծ մասը դադարել է գոյություն ունենալ ԽՍՀՄ փլուզման և հիմնարար սոցիալ-քաղաքական փոփոխության հետ, նրանցից ոմանք հայտնի են դարձել որպես կազմակերպված հանցավոր խմբեր Կազանում[3]: Կազանի նման խմբերից լայնորեն հայտնի են «Բորիսկովո», «Գրյազ», «Ժիլկա», «Կինոֆիլնկա», «Կալուգա», «Պերվակի», «Հադի Թաքթաշ» և այլն[5]: Երիտասարդական ավազակախմբերի առատության շնորհիվ Կազանը դարձել է դեռահասների հանցագործության խորհրդանիշ՝ հռչակ ձեռք բերելով որպես ԽՍՀՄ հանցավոր մայրաքաղաքներից մեկը, իսկ այն ժամանակը, երբ բազմաթիվ «ասֆալտի համար պատերազմներ» են եղել, կոչվել է «ասֆալտի շրջան»[6][2]:
Կազանի ֆենոմենը նկարագրվել է լրագրող Ռոբերտ Գարաևի «Տղայի խոսքը: Քրեական Թաթարստան 1970-2010-ականներ» գրքում: 2023 թվականին էկրան է բարձրացել «Տղայի խոսքը: Արյուն ասֆալտի վրա» ֆիլմը, որի սյուժեի հիմքում ընկած են նաև երևույթի հետ կապված իրադարձությունները։