Մասնակից:Արմինե Մարկոսյան/Ավազարկղ Ա
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Ավգուստին Ալոյսիուս Ջոյսը (Դուբլին, 1882թ. փետրվարի 2 – Ցյուրիխ, 1941թ. հունվարի 13) իռլանդացի գրող է՝ հայտնի որպես XX դարի կարևորագույն և ամենաազդեցիկ անձնցից մեկը: Ջոյսը հռչակ է ձեռք բերել իր գլուխգործոցով՝ Ուլիս (1922) վեպով, և դրան հաջորդող իր հակասական վեպով՝ Ֆիննեգանի հոգեհացը (1939): Նմանապես արժևորվել է նաև նրա կարճ պատմվածքների շարքը՝ Դուբլինցիներ (1914) անունը կրող, ինչպես նաև նրա կիսաինքնակենսագրական վեպը՝ Պատանի արվեստագետի դիմանկարը (1916): Ջոյսը Թ.Ս. Էլիոթի, Վըրջինիա Վուլֆի, Էզրա Փաունդի և Վալլիս Սթվենսի հետ գրական ավանգարդիզմի մի հոսանքի՝ անգլոսաքսոնական մոդեռնիզմի կարկառուն ներկայացուցիչներից է:
Թեև իր հասուն կյանքի մեծ մասը նա անցկացրել է Իռլանդիայից դուրս, սակայն այս գրողի գրական տիեզերքը ամուր կերպով արմատներ է գցել իր հայրենի Դուբլինում՝ այն քաղաքում, որտեղ գտնվում են նրա ստեղծագործությունների տեսարանները, միջավայրերը, կերպարները և պատմողական մնացած նյութերը:[1] Ավելին՝ նրա խնդրահարույց հարաբերությունները Իռլանդիայի կաթոլիկ եկեղեցու հետ լավագույնս արտացոլվում են ներքին կոնֆլիկտների միջոցով, որոնք անհանգստացնում են նրա գրական ալտեր էգոյին՝ Սթիվեն Դեդալուսին: Այսպիսով՝ Ջոյսը հայտնի է փոքր տեսարանների հանդեպ մանրակրկիտ ուշադրությամբ և իր երկար ու ինքնակամ աքսորով, սակայն նաև ամբողջ աշխարհում իր ունեցած հսկայական ազդեցությամբ: Այդ պատճառով էլ, ի հեճուկս փոքր տարածաշրջանի պատկանելու հանգամանքի, նա դարձավ իր ժամանակի ամենահայտնի գրողներից մեկը:[2]
Բրիտանական հանրագիտարանը գրողի մոտ առանձնացնում է մարդկային էության նուրբ և ճշմարտացի պատկերումը, որն ընդգծվում է նրա ստեղծագործություններում, ինչպես նաև լեզվի կիրառման վարպետությունը և գրական նոր ձևերի զարգացումը, որի շնորհիվ էլ նրա կերպարը որոշիչ ազզդեցություն ունեցավ XX դարի վեպի վրա: Մասնավորապես՝ Լեոպոլդ Բլումի և Մոլլի Բլումի կերպարները պատկերում են մարդկային անհամեմատելի հարստություն և ջերմություն:[3]
The Cambridge Companion to James Joyce [Ջեյմս Ջոյսի քեմբրիջյան ուղեցույց] գրքի խմբագիրը ներածության մեջ գրում է. «Ջոյս կարդում են ավելի շատ մարդիկ, քան կարող են պատկերացնել: Նրա կիրառած գրական հեղափոխության ազդեցությունը այնպիսին էր, որ նրան հաջորդած կարևորություն ունեցող փոքրաթիվ վիպագիրներ միայն կարողացան խուսափել նրա ազդեցությունից: Նախորդ դարի երկրորդ կեսի լուրջ գրականության, ինչպես նաև ոչ այնքան լուրջ գրականության մեջ անուղղակիորեն բախվում ենք Ջոյսի հետ, հետևաբար, մեր կարդացած գրականության մեծ մասը դառնում է նախորդ դարի վերջին կեսի գրականություն»:[4]
Էնթընի Բուրգեսը իր Re Joyce (1965) երկար էսսեի վերջում գրում է.
Շեքսպիրի, Միլթոնի, Փոփի և Հոփկինսի հետ Ջոյսը շարունակում է լինել այն բարձրագույն կերպարներից մեկը, որին պիտի հետևի գրել ցանկացող յուրաքանչյուր մարդ: [...] Սակայն, մեկ անգամ կարդալով և ընկալելով այս հեղինակի էության թեկուզ մի փոքրիկ մասը, ոչ գրականությունը, ոչ էլ կյանքը այլևս նույնը չեն լինում:[5]
1939թ. գրված մի տեքստում Խորխե Լուիս Բորխեսը հետևյալն է հաստատում հեղինակի մասին.
Անքննելի է, որ Ջոյսը մեր ժամանակի առաջատար գրողներից է: Բառացիորեն, թերևս հենց առաջինը: Ուլիսում կան նախադասություններ, պարբերություններ, որ հավասարազոր են ամենահայտնիներ Շեքսպիրի կամ Սըր Թոմաս Բրոունիի երկերին:[6]
Թ.Ս. Էլիոթը իր "Ulysses, Order and Myth" ["Ուլիս, կարգ և միֆ"] (1923) էսսեում համանուն վեպի մասին գրում է.
Կարծում եմ, որ այդ գիրքը մեր դարաշրջանի գտած ամենակարևոր արտահայտությունն է.սա մի գիրք է, որին բոլորս պարտք են, և որից մեզանից ոչ ոք չի կարող փախչել:[7]