Մասնակից:Tatev99/Ավազարկղ26
From Wikipedia, the free encyclopedia
Կուբայի դեմ Միացյալ Նահանգների էմբարգոն արգելում է ԱՄՆ-ի ձեռնարկություններին և այն ձեռնարկություններին, որոնք ստեղծվել են ԱՄՆ օրենսդրությամբ կամ մեծամասնությամբ պատկանում են ԱՄՆ քաղաքացիներին, առևտուր իրականացնել Կուբայի շահերի հետ։ Դա ժամանակակից պատմության մեջ ամենակայուն առևտրային էմբարգոն է[1][2]։ ԱՄՆ-ն առաջին անգամ Կուբային զենք վաճառելու էմբարգոն սահմանեց 1958 թվականի մարտի 14-ին՝ Ֆուլխենսիո Բատիստայի ռեժիմի ժամանակ։ 1960 թվականի հոկտեմբերի 19-ին, Կուբայի հեղափոխությունից գրեթե երկու տարի անց, որը հանգեցրեց Բատիստայի ռեժիմի տապալմանը, ԱՄՆ-ն արգելանք դրեց դեպի Կուբա արտահանման վրա, բացառությամբ սննդի և դեղորայքի այն բանից հետո, երբ Կուբան առանց փոխհատուցման պետականացրեց ԱՄՆ-ին պատկանող Կուբայի նավթավերամշակման գործարանները: 1962 թվականի փետրվարի 7-ին էմբարգոն երկարաձգվեց՝ ներառելով գրեթե բոլոր արտահանումները։ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 1992 թվականից ի վեր ամեն տարի որոշում է ընդունում, որով պահանջում է դադարեցնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ տնտեսական էմբարգոն, ընդ որում ԱՄՆ-ը և Իսրայելը միակ երկրներն են, որոնք հետևողականորեն դեմ են քվեարկել այդ բանաձևերին[3]։
2024 թվականի դրությամբ էմբարգոն կիրառվում է հիմնականում 1917 թվականի «Թշնամու հետ առևտրի մասին» ակտի, 1961 թվականի «Արտաքին աջակցության մասին» ակտի, 1963 թվականի «Կուբայի ակտիվների վերահսկման կանոնակարգի», 1992 թվականի «Կուբայի ժողովրդավարության մասին» ակտի, 1996 թվականի «Հելմս-Բերթոնի» ակտի և 2000 թվականի «Առևտրային պատժամիջոցների բարեփոխման և արտահանման ընդլայնման» ակտի հիման վրա[4]։ 1992 թվականի Կուբայի ժողովրդավարության ակտի հայտարարված նպատակը Կուբայի նկատմամբ պատժամիջոցների պահպանումն է այնքան ժամանակ, քանի դեռ Կուբայի կառավարությունը հրաժարվում է շարժվել դեպի «ժողովրդավարացում և մարդու իրավունքների նկատմամբ ավելի մեծ հարգանք»[5]։ Հելմս-Բերթոնի ակտը հետագայում սահմանափակում էր Միացյալ Նահանգների քաղաքացիներին առևտուր անել Կուբայի հետ, և սահմանափակումներ էր սահմանում Հավանայի ցանկացած իրավահաջորդ կառավարությանը պետական կամ մասնավոր օգնություն տրամադրելու համար, մինչև Կուբայի կառավարության դեմ որոշակի պահանջներ չկատարվեն: 1999-ին նախագահ Բիլ Քլինթոնը ընդլայնեց առևտրային էմբարգոն՝ նաև թույլ չտալով ամերիկյան ընկերությունների օտարերկրյա դուստր ձեռնարկություններին առևտուր անել Կուբայի հետ: 2000 թվականին Քլինթոնը թույլատրեց սննդամթերքի և մարդասիրական ապրանքների վաճառքը Կուբային[6]։
Ուիլյամ Մ. Լեոգրանդեն նշել է, որ Կուբայի դեմ էմբարգոն «ամերիկյան ամենահին և համապարփակ տնտեսական պատժամիջոցների ռեժիմն է աշխարհի ցանկացած երկրի դեմ», որը սահմանվել է ավելի քան կես դար առաջ: Ըստ Լեոգրանդի՝ «էմբարգոն երբեք արդյունավետ չի եղել իր հիմնական նպատակին հասնելու համար՝ Կուբայի հեղափոխական ռեժիմը իշխանությունից հեռացնելու կամ Վաշինգտոնի կամքին ենթարկելու համար»[7]։