From Wikipedia, the free encyclopedia
Տարածքի զբաղեցում կամ զավթում, ռազմավարություն, որը բողոքի գործողության նպատակով հաճախ օգտագործվում է սոցիալական շարժումների և կոլեկտիվ սոցիալական գործողությունների այլ ձևերի կողմից՝ նպատակ ունենալով գրավել ու իրենց վերահսկողության տակ պահել հասարակական և խորհրդանշական տարածքները, շենքերը, կրիտիկական ենթակառուցվածքները, ինչպես օրինակ երկաթուղային կայարանների մուտքերը, առևտրի կենտրոնները, համալսարանական շենքերը, հրապարակները և զբոսայգիները[1][2]: Ի տարբերություն ռազմական բռնազավթման, որը փորձում է հպատակեցնել նվաճած երկրին, բողոքի նպատակով իրականացվող զավթումն առկա իրավիճակին դիմակայելու միջոց է և հանդես է գալիս պետական կամ հանրային քաղաքականության փոփոխության օգտին[3][4]: Բողոքի ակցիաների այդ տեսակի մասնակիցները փորձում են կոնկրետ տարածքն օգտագործել որպես գործիք՝ քաղաքական և տնտեսական փոփոխությունների հասնելու և այլընտրանքային և ընդդիմադիր տարածքներ (հարթակներ) ստեղծելու համար, որտեղ ցուցարարներն արտահայտում են այս կամ այն երևույթի նկատմամբ իրենց բողոքը կամ պահանջը[3][2]: Երբեմն այդ ակցիաները կարող են իրականացվել քաղաքային հիմնախնդիրների պատճառով, որի պարագայում նրանք փորձում են իրացնել կոնկրետ քաղաքի նկատմամբ իրենց իրավունքը։ Վերջինս քաղաքում ապրելու և այնտեղ գտնվելու, ինչպես նաև կոնկրետ քաղաքն այնպես վերաիմաստավորելու իրավունքն է, որ այն բավարարի կապիտալիստական տնտեսական համակարգում կապիտալի շարունակական կուտակման պահանջներին: Քաղաքի նկատմամբ իրավունքը ենթադրում է ոչ միայն բնակչության կողմից քաղաքային տարածքներին հասանելիությունը, այլև հասարակության կողմից գերիշխող տնտեսական ուժերին դիմակայելու ունակությունը, որոնք առաջնահերթ են համարում շահույթը, այլ ոչ թե բնակիչների բարեկեցությունը: Վերափոխելով քաղաքը՝ անհատներն ու համայնքները ձգտում են ստեղծել քաղաքային միջավայր, որտեղ առաջնային են սոցիալական արդարությունը, հավասարությունը և կայունությունը, այլ ոչ թե կապիտալիզմի անվերահսկելի աճը և շահագործումը[2]: Բնականաբար, բողոքի նման ակցիաների իրականացումն արվում է հանրային տարածքները քաղաքացիների համար ավելի արժեքավոր դարձնելու, այլ ոչ թե կորպորատիվ և ֆինանսական կապիտալի շահերը բավարարելու համար[5]:
Ի տարբերություն բողոքի այլ ձևերի, ինչպիսիք են ցույցերը, երթերը և հանրահավաքները, տարածքի զավթումը բնութագրվում է երկարաժամկետ տևողությամբ և սովորաբար իրականացվում է որոշակի վայրերում[6]: Շատ դեպքերում տեղական ինքնակառավարման մարմինները կոնկրետ տարածքի զբաղեցումը կամ զավթումը հայտարարում են անօրինական, քանի որ ցուցարարները ձգտում են երկար ժամանակով իրենց վերահսկողությունը պահպանել տվյալ տարածքի նկատմամբ: Որպես կանոն, բողոքի այս ակցիաների մասնակիցները հաճախ կոնֆլիկտի մեջ են մտնում քաղաքական իշխանությունների ներկայացուցիչների և իրավապահ մարմինների՝ հատկապես ոստիկանության հետ[3][7]: Այս բախումները հաճախ գրավում են լրատվամիջոցների ուշադրությունը[8][9]։
Տարածքի զավթումը՝ որպես բողոքի արտահայտման և փոփոխության հասնելու միջոց, առաջացել է բանվորների պայքարից, որոնք ձգտում էին անել ամեն ինչ՝ իրենց նպատակներին հասնելու համար՝ սկսած աշխատավարձերի բարձրացումից մինչև կապիտալիզմի վերացում: Բողոքի այս տեսակը հաճախ կոչվում է նստացույց-գործադուլ։ Սա քաղաքացիական անհնազանդության ձև է, որի ընթացքում աշխատողների կազմակերպված խումբը, որը սովորաբար աշխատում է գործարանում կամ կենտրոնացված այլ վայրում, «գրավում» է աշխատավայրը՝ «նստացույց-գործադուլ» անելով իր աշխատատեղում՝ արդյունավետորեն խոչընդոտելով գործատուներին իրենց փոխարինել այլ աշխատողներով (շտրեյկբրեխերներ) կամ, որոշ դեպքերում, արտադրությունը տեղափոխել այլ վայրեր:
Արգենտինայում վերականգնված գործարանները (ժամանակին սեփականատերերի կողմից լքված կամ փակված գործարաններ, որոնք ավելի ուշ վերականգնվել են հենց բանվորների ջանքերով) աշխատավայրի զավթման օրինակ են, որոնք դուրս են գալիս աշխատավայրում աշխատանքային խնդիրների լուծման սահմաններից և պահանջում արտադրական միջոցների սեփականության փոփոխություն:
«Աշխարհի արդյունաբերական աշխատողներ»-ն ամերիկյան առաջին արհմիությունն էր, որը կիրառեց բողոքի այս ձևը, մինչդեռ «Ավտոարդյունաբերության միացյալ աշխատակիցներ» արհմիությունը 1930-ական թվականներին հաջող նստացույց-գործադուլներ անցկացրեց, որոնցից ամենահայտնին 1936-1937 թվականներին ԱՄՆ Միչիգան նահանգի Ֆլինթ քաղաքի նստացույց-գործադուլն էր: Նստացույց-գործադուլներն անօրինական են ճանաչվել Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի կողմից, բայց մինչ օրս կիրառվում են արհմիությունների կողմից, որոնց թվում է «Ամերիկայի միացյալ հանքագործները» (կիրառել են Փիթսթոնի գործադուլի ժամանակ)։ Բողոքի այս ձևը կիրառվել է նաև Չիկագոյի Պատուհանների և դռների հանրապետական գործարանի աշխատողների կողմից:
«Գրավի՛ր Ուոլ սթրիթը» շարժումը, որը ոգեշնչվել էր նաև «Արաբական գարուն» և Իսպանիայում կոշտ տնտեսության դեմ շարժումներից, սկիզբ դրեց համաշխարհային մի շարժման, որտեղ հանրային տարածքների զավթումն առանցքային մարտավարություն է: 2011 թվականին տեղի ունեցած այս բողոքի ակցիաների ժամանակ զավթման մարտավարությունը կիրառվեց նորովի, քանի որ ցուցարարները ցանկանում էին անորոշ ժամանակով մնալ զբաղեցված տարածքում, մինչև իրենց ձայները լսելի կլինեին համապատասխան մարմինների կամ պաշտոնյաների կողմից։ Այդ ընթացքում նրանք դիմադրում էին ոստիկանությանը և պետական պաշտոնյաներին, որոնք ցանկանում էին զբաղեցված տարածքից դուրս վտարել նրանց: Ի տարբերություն բողոքի՝ ավելի վաղ կիրառված ձևերի, այս ակցիաներն ավելի երկար ժամանակահատվածում ավելի շատ քաղաքներում կարողացել են ավելի շատ մարդ մոբիլիզացնել՝ սևեռելով ողջ աշխարհի ուշադրությունը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.