From Wikipedia, the free encyclopedia
Սինեսթեզիա (հունարեն՝ συναίσθηση համազգացողություն, համատեղ զգայություն, միաժամանակյա զգացում), հոգեբանախոսական սակավատիպ, անսովոր երևույթ, որն առաջանում է տարբեր զգայարանների (զգայապատկերների) և բառային համապատասխան ձևակերպումների միջոցով։ Սինեսթեզիան կարող է սահմանվել որպես ընկալման պրոցեսը, երբ մի զգայակարանի գրգռումը առաջացնում է մի կողմից համապատասխան զգայարանի գրգռում, մյուս կողմից՝ մի այլ, կողմնակի զգայություն կամ մտապատկեր՝ կախված մի ուրիշ զգայարանի գործունեության հետ:
Չնայած որ XIX-րդ դարի վերջին և XX-րդ դարի սկզբին սինեսթեզիան մեծ ուշադրության արժանացավ, բայց XX-րդ դարի սկզբին այն հետազոտողները կորցրին իրենց հետաքրքրությունը այս երևույթի նկատմամբ հետազոտման օբյեկտների սակավության պատճառով: Շատերը գտնում են, որ սինեսթեզիան նպաստում է ստեղծագործական պրոցեսին: Հոգեբանների և նյարդաբանների համար սինեսթեզիան հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն իր գրավչության պատճառով, այլ նաև այն նպաստում է ընկալման և ճանաչողական պրոցեսների ավելի լավ հասկացմանը:
Սինեսթեզիան սահմանվում է որպես մի երևույթ, որի առաջացման ժամանակ գրգռիչներն ունենում են երկակի ներգործում, մեկը՝ այդ գրգռիչի համապատասխան զգայություն, և երկրորդը դրա հետ առավել կամ նվազ կապված, մի այլ զգայարանին բնորոշ զգայություն: Շատ հաճախ այս կամ այն երևույթը, կամ տպավորությունը բնորոշելու և ավելի զննական դարձնելու համար, մենք դիմում ենք ոչ միայն մի, այլև երկրորդ զգայարանին: Առօրյա խոսակցական լեզվում սինեսթեզիայի դրսևորումներից են հաճախ գործածվող «բյուրեղյա ձայն», «սառը գույն», «քաղցր երազ», «քաղցր լեզու», «խոսուն աչքեր», «թթված դեմք» և այլ բնորոշումները։ Ինչպես նկատելի է մի երկրորդ զգայարանի միջոցով ստացած զգայական պատկերը՝ գույնը կամ ձայնը, համը կամ սառնությունը ամրապնդում և ավելի ուժեղ է դարձնում առաջին զգայարանի միջոցով ստացած տպավորությունը և նրա բառային արտահայտությունը: Սինեսթեզիական տարբեր պատկերների առաջացումը պայմանավորված է մարդու խառնվածքային առանձնահատկություններով: Խառնվածքի գեղարվեստական տիպին պատկանող մարդիկ, որոնց մոտ գերիշխում են պատկերային մտածողությունը, հուզական տպավորություններն ու բռնկումները, հակում ունեն երևույթների նկատմամբ սուբյեկտիվ, զգացմունքային ուժեղ վերաբերմունք ցուցաբերելու: Ստեղծագործական երևակայությամբ և և զգացմունքների ուժով օժտված մարդկանց մոտ առաջանում են զգայական ներգործումների բարդ զուգորդումներ: Հետազոտողները կարծում են, որ սինեսթեզիայի որոշակի մակարդակին տիրապետում են 2000-ից 1-ը: Վիճակագրություն խնդիրներից մեկն այն է, որ շատ մարդիկ չեն գիտակցում իրենց սինեսթետ լինելու և իրենց ընկալման՝ մյուսների ընկալումից տարբեր լինելու փաստը: Կա տեսություն, որ ենթադրում է, որ սինեսթեզիայի առկայությունը ավելի հաճախ հանդիպում է աուտիզմով հիվանդ անձանց մոտ:
Այս յուրահատուկ զգայափորձը արտահայտվում է ամենատարբեր ձևերով՝ ֆոտիզմի (տեսողական սինեսթեզիա) դեպքում տպավորությունների ակունք են տեսողական, ֆոնիզմի (լսողական սինեսթեզիա) ժամանակ՝ ձայնային (այդ թվում՝ երաժշտական) գրգռիչները։ «Գունեղ երաժշտությունը» (խրոմեստեզիա) առաջանում է գունային տարբերերանգներ ներշնչող մեղեդիների ունկընդրումից։ Սինեսթեզիայի այս տարբերակը սինոպսիայի մասնավոր դեպք է, որի ժամանակ երաժշտական ձայները՝ ըստ խառնվածքային յուրահատկությունների և զգայահուզական կերտվածքի, առաջացնում են երկրաչափական ձևերի, բազմերանգ բնապատկերների գունային արտացոլում։
Կան շատ հայտնի սինեսթետներ, որոնց մեծամասնությունը նկարիչներ, գրողներ և երաժիշտներ են: Դեվիդ Հոկնին երաժշտությունը ընկալում է գույնի, ձևի, տարածության մեջ և օգտագործում է այդ ապրումները, երբ դեկորացիաներ է նկարում օպերաների համար: Ռուս նկարիչ Վասիլի Կանդինսկին համադրում էր 4 զգայություններ՝ գույն, ձայն, շոշափում և հոտ: Սինեսթետ-կոմպոզիտորներից էին Ռիսկի-Կորսակովը, Դյուք Էլինգթոնը: Հայտնի սինեսթետ-գիտնականներից էր Նիկոլա Տեսլան:
Հայ քնարերգության մեջ սինեսթեզիայի բարձր զարգացվածությամբ փայլում էր Միսաք Մեծարենցը: Ինչպես նաև Պ. Դուրյանի, Վ. Տերյանի, Ե. Չարենցի ստեղծագործությունները ցույց են տալիս, որ նրանց բանաստեղծական ըմբռնման մեջ սինեսթեզիան որոշակի առանձնահատկություն է կազմում: Տերյանի համար հեքիաթը ոսկի է, լուսեղեն, երազը՝ արծաթի, կապուտաչյա: Մեծարենցի ստեղծագործություններում ֆոտիզմի օրինակ հանդիպում ենք բավականին շատ, օրինակ՝ «... ջութակի սարսուռին գիծը կարմիր...», «...վառ գույներով դրասանգված երգը կյանքին...»: Զգայությունների զարմանահրաշ զուգորդումներով ձայնը վերածվում է տեսանելի, շոշափելի, ինչպես և հոտավետ իրի:
Հայ քնարերգության մեջ Մեծարենցի օգտագործած ինքնուրույն և զգայուն հարուստ բառապաշարը թարմություն և նորություն բերեց այն պատճառով, որ նա ընտրում էր արտահայտման նոր եղանակներ, մինչ դա չօգտագործված պատկերներ և բառեր: Մեծարենցի ստեղծագործություններում ֆոտիզմին բնորոշ պատկերներ են՝ «...ջութակի սարսուռին գիծը կարմիր...»: Այստեղ ջութակի ձայնը Մեծարենցը բնութագրում է կարմիր գույնով:
Ֆոնիզմը Մեծարենցի մոտ արտահայտվում է նրանում, որ լույսը, գույնը և իրը կամ երևույթը օժտված են ձայնական հատկությամբ, այսպես օրինակ.
Ու ճառագայթներ՝ Որ զիս կկանչեն:
Ֆոնիզմը նրա մոտ հասնում է այնպիսի աստիճանի, որ նույնիսկ գաղափարները, մտապատկերները առաջացնում են բազմապիսի ձայներ: Նրա մոտ ֆոնիզմին բնորոշ առանձնահատկություններից են «...Ծափեցին իմ երազները ծնծղա...»:
Մեծարենցի բանաստեղծություններում հանդիպում ենք նաև հոտառության և համի սինեսթեզիա, այսինքն՝ հոտառական և համի զգայությունների առաջացումը՝ ձայնային ներգործման արդյունքում. «Ա՜հավասիկ իմ երգս առվեզերքի անուխին և ռեհանին խունկով է օծուն...»: [3]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.