իսպանացի բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Մանուել Մաչադո ի Ռուիս (իսպ.՝ Manuel Machado y Ruiz, օգոստոսի 29, 1874[1][2][3][…], Սևիլյա, Իսպանիա[4] - հունվարի 19, 1947[5][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[4]), իսպանացի բանաստեղծ, թատերագիր, ժուռնալիստ, 1939 թվականից՝ Իսպանիայի արքայական ակադեմիայի անդամ։
Մանուել Մաչադո | |
---|---|
Ծննդյան անուն | իսպ.՝ Manuel Antonio Rafael de la Santísima Trinidad Machado Ruiz |
Ծնվել է | օգոստոսի 29, 1874[1][2][3][…] |
Ծննդավայր | Սևիլյա, Իսպանիա[4] |
Վախճանվել է | հունվարի 19, 1947[5][2][3][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Մադրիդ, Իսպանիա[4] |
Գերեզման | Ալմուդենի գերեզմանոց[6] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, պետական ծառայող, արխիվագետ և գրադարանավար |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և Իսպանիա |
Կրթություն | Ուսուցման ազատ ինստիտուտ և Սևիլյայի համալսարան |
Ժանրեր | պոեզիա և Դրամատուրգիա |
Գրական ուղղություններ | 98 թվականի սերունդ |
Ուշագրավ աշխատանքներ | Alma. Museo. Los cantares.? |
Անդամակցություն | Իսպանիայի արքայական ակադեմիա և Cuerpo Facultativo de Archiveros, Bibliotecarios y Arqueólogos? |
Ամուսին | Էուլալիա Կասերես[7] |
Manuel Machado Վիքիպահեստում |
Իսպանացի գրող, բանահավաք Անտոնիո Մաչադո ի Ռուիսի և գեղանկարիչ Խոսե Մաչադո ի Ռուիսի եղբայրն է[8]։
Մանուել Մաչադոն ծնվել է 1874 թվականի օգոստոսի 29-ին, Իսպանիայի Սևիլյա քաղաքում, մտավորականի ընտանիքում (հայրը անդալուզցի բանահավաք էր)։ Ինքը՝ Մանուելը մեծ հռչակ ու փառք նվաճեց առաջին հերթին իր պոետական ստեղծագործության շնորհիվ, որի ներշնչանքի ակունքները գտնվում էին իսպանական ժողովրդական բանահյուսության մեջ։ Եղբոր՝ գրող, բանահավաք Անտոնիոյի հետ համատեղ հեղինակել է նաև մի քանի չափածո պոեմ։
Մանուել Մաչադոն բարձրագույն կրթություն ստացել է՝ ավարտելով Մադրիդի կրթության ազատ ինստիտուտը[9] և Սևիլյայի համալսարանի գրականության ու փիլիսոփայության ֆակուլտետը[10]։ Երիտասարդ տարիներին վարել է բոհեմական կյանք։ 1898-1901 թվականներին ապրել է Փարիզում, «Գառնիե» հրատարակչատանը աշխատել որպես թարգմանիչ։ Եղել է իսպանական մոդեռնիստական շարժման ակտիվ, աչքի ընկնող մասնակիցներից մեկը։ Վերադառնալով Իսպանիա՝ գրական լայն գործունեություն է ծավալել։ Աշխատակցել է նոր-նոր հիմնադրված «ABC» թերթին, պատկերազարդ «Սև ու սպիտակ» ամսագրին։
1910 թվականին ամուսնացել է Էուլալյա Կասերաս Սիեռայի (Eulalia Cáceres Sierra) հետ[11][12]։ Դրանից հետո աշխատել է որպես գրադարանավար, ժուռնալիստ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է իսպանական «El Liberal» թերթի խմբագրությունում։
1920-ական թվականների կեսերից մինչև 1944 թվականը եղել է Մադրիդի քաղաքային (մունիցիպալ) թանգարանի տնօրենը։ Մանուել Մաչադոն 1933 թվականի փետրվարի 11-ին, իսպանացի մի շարք այլ մտավորականների հետ մեկտեղ, հիմնադրել է «Խորհրդային Միության բարեկամների միավորում» կազմակերպությունը, սակայն դրանից շատ չանցած, մադրիդյան «El Liberal» թերթում լույս ընծայած իր մի հոդվածում արտահայտելով իր դիրքորոշումը, հայտարարել է, որ ինքը չի ընդունում հասարակության բաժանումը դասակարգերի, մասնավորապես՝ կապիտալիստների և պրոլետարների։ Նրան հավասարապես խորթ էր ինչպես ֆաշիզմը, այնպես էլ կոմունիզմը։
Իսպանիայում բռնկված քաղաքացիական պատերազմի տարիներին՝ 1936-1939 թվականներին, Մանուել Մաչադոն սատարում էր ազգայնականներին, վերջիններիս ձոնում գովաբանական բանաստեղծություններ (այդպիսին է, օրինակ՝ «Կաուդիլիոյի թուրը»), այնինչ եղբայրը՝ Անտոնիոն, աջակցում էր հանրապետականներին[13][14]։
Իր բանաստեղծական առաջին ժողովածուն, որը կրում էր «Հոգին» վերնագիրը, Մանուել Մաչադոն հրատարակել է 1902 թվականին[15]։ Դրան հետևեցին «Կապրիչոս» (1905 թ.), «Չարացած պոեմ» (1909 թ.) գրքերը, անդալուզյան ժողովրդական բանահյուսության մոտիվներով ստեղծված «Կանտե հոնդո»-ն (1912 թ.) և այլ ժողովածուներ։ 1926-1933 թվականներին եղբոր՝ Անտոնիոյի հեղինակակցությամբ գրել ու լույս է ընծայել «Խուան դե Մանյարա» (1927 թ.), «Դափնեվարդեր» (1930 թ.) և մի շարք այլ չափածո թատերգություններ։ Նրա ստեղծագործությունների թեմաներն ընդգրկում են բնությունը, կյանքի ու մահվան, արվեստի, դավանանքի, հավատի հարցերը՝ դիտված ամենատարբեր, երբեմն նույնիսկ հակասական հայեցակետերից։
Մանուել Մաչադոյի՝ որպես մոդեռնիստական ուղղության ներկայացուցչի ստեղծագործության վրա զգացվում է Ռուբեն Դարիոյի[16], ֆրանսիական պոեզիայի (մասնավորապես՝ «Պառնաս» պոետական դպրոցի և խորհրդապաշտների (սիմվոլիստների) ազդեցությունը։ Ասվածի բազմաթիվ վկայությունների կարելի է հանդիպել մեծաքանքար բանաստեղծի «Հոգին» («Alma», 1902 թ.), «Կապրիչոս» («Caprichos», 1905 թ.), «Թանգարան» («Museo», 1907 թ.), «Մեռնելու արվեստը» («Ars moriendi», 1922 թ.) և այլ ժողովածուներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.