Մանկապարտեզ
From Wikipedia, the free encyclopedia
Մանկապարտեզ, նախադպրոցական տարիքի երեխաների հասարակական դաստիարակության հիմնարկ։ Գոյություն ունի գրեթե բոլոր երկրներում։ Մանկապարտեզի տիպի մանկական անդրանիկ հիմնարկությունը՝ փոքրերի դպրոցը, կազմակերպել է Ռ. Օուենը 1802 թվականին, Նյու Լանարկում (Շոտլանդիա)։ Նախադպրոցական հիմնարկը «Մանկապարտեզ» է անվանել Ֆ. Ֆրեբելը (Գերմանիա) 1837 թվականին։
Նախադպրոցական բոլոր հիմնարկների աշխատանքը ղեկավարում են կրթության նախարարությունները և դրանց տեղական մարմինները։ Մանկապարտեզների դաստիարակչական աշխատանքի բովանդակությունը որոշվում է մանկապարտեզի երեխաների դաստիարակության վերաբերյալ պետական ծրագրով։ Մանկապարտեզում իրականացվում է ֆիզիկական, մտավոր, գեղագիտական և աշխատանքային դաստիարակություն՝ ելնելով երեխաների տարիքային առանձնահատկություններից։ Խմբերը կազմվում են տարիքային սկզբունքով, յուրաքանչյուր խմբում ընդգրկվում է որոշակիորեն սահմանված քանակության երեխա։ Գոյություն ունեն նաև գիշերօթիկ մանկապարտեզներ։ Մանկապարտեզի ռեժիմում շատ ժամանակ է հատկացվում բազմազան, հատկապես՝ դիդակտիկական խաղերին, որոնք նպաստում են խոսքի և լսողության, հաշվելու, գույների իմացության և այլ կարողությունների զարգացմանը (տես Մանկական խաղեր)։ Պարապմունքների ընթացքում երեխաները ծանոթանում են բնության երևույթներին և հասարակական կյանքին, սովորում նկարել, կառուցել, երգել, տիրապետում տարրական գիտելիքների։ Մանկապարտեզը երեխաներին նախապատրաստում է դպրոցի համար։ Նախադպրոցական հիմնարկի աշխատողների համար թողարկվում են զննական պիտույքներ, նկարներ, ալբոմներ, կինոնկարներ, մեթոդական գրականություն, տեղեկատուներ և այլն։