Մայաների գրերի վերծանում
From Wikipedia, the free encyclopedia
Մայաների գրերի վերծանումը հնարավոր դարձավ 19-րդ դարում, հին եգիպտական գրերի հաջող վերծանման ներգործությամբ, որը ձեռնարկել էր Ժ․ Շամպոլյոնը։ Մայաների հիերոգլիֆային տեքստերը հրատարակվել են 1800-ական թվականներին, այդ քաղաքակրթության հուշարձանների ամբողջական ուսումնասիրությունները Մեքսիկայի և Գվատեմալայի տարածքում սկսեցին իրականացվել 1830-ական թվականներից։ 1862 թվականին վանահայր Բրասյոր դը Բուրբուրը Մադրիդում հայտաբերել է Դիեգո դե Լանդայի «Յուկանատում աշխատությունների մասին հաղորդագրություն» ձեռագիրը, որտեղ պահվել էին մայաների գրերի մասին կարևոր տեղեկություններ։ 1870-1890 թվականներին հրատարակվել են մայաների պահպանված ձեռագրերը։ Այդ ժամանակահատվածում փորձեր կատարվեցին մայաների գրանիշերի հնչյունաբանական ընթերցման փորձեր, սակայն դրանք անհաջող էին։ Հետզհետե ձևավորվեց մայաների նշանների գործառույթների սիմվոլիկ լինելու մասին կարծիքը, առաջադրվում էին նաև գրերի վերծանման անհնարինության մասին ծայրահեղ կարծիքներ։ 1880-ական թվականներին օրացույցի վերծանումից հետո մեծ քանակությամբ հրատարակություններ նվիրվեցին օրացույցային շարքին։ 20-րդ դարի առաջին կեսին գրանիշերի կատալոգների ստեղծման փորձեր են ձեռնարկվել, ձևավորվեց մայագիտության ականավոր դպրոց Էրիկ Թիմպսոնի գլխավորությամբ, ով, ամբողջովին հերքելով մայաների գրերի մեջ հնչյունաբանական մասնիկների առկայությունը, խոչընդոտում էր այդ ուղղության հրատարակումներին՝ օգտագործելով իր ադմինիստրատիվ հնարավորությունները։ 1962 թվականին նա հրատարակեց մայաների նշանների այդ ժամանակի ամենաամբողջական կատալոգը։
Մայաների գրերի վերծանում |
---|
1930-ական թվականներին գրերի հնչյունաբանական վերծանումը շարունակեց Բենջամին Ուորֆը՝ տալով մի շարք նշանների ճիշտ ընթերցումը։ 1940-ական թվականների վերջին դե Լանդայի աշխատության հիման վրա մայաների գրերի ամբողջական ուսումնասիրությամբ զբաղվեց Յուրի Կոնրոզովը,ով ձեռագրերի նյութի հիման վրա կարողացավ հաջող լուծել ընթերցելու խնդիրը։ 1963 թվականին նա հրատարակեց իր գիրքը՝ «Մայա հնդկացիների գրերը» վերնագրով, իսկ 1975 թվականին հրատարակեց մայաների պահպանված ձեռագրերի թարգմանությունը։ 1950-ական թվականներին Հենրիխ Բեռլինը և Տատյանա Պրոսկուրյակովան ԱՄՆ-ում Կոնրոզովի հետ միասին Մայաների վիմագրական հուշարձանները ուսումնասիրելու կիրառեցին կառուցվածքային մեթոդը և ապացուցեցին տեքստերի մեջ ծագումնաբանական և պատմական տեղեկությունների առկայությունը։ 1970-ական թվականներին Կոնրոզովի մեթոդը հաղթանակ տարավ նաև Արևմուտքում։ Սկսած 1980-ական թվականներից՝ ԱՄՆ-ի հետազոտողները սկսեցին պատմական տեղեկությունների ընթերցումն ու վերակառուցումը, որոնք պահպանվել էին հին քաղաքների վանքերի և դղյակների արձանագրությունների և կոթողների վրա։ 1990-ական թվականների վերջում նմանատիպ հետազոտական ծրագրեր էին գործում նաև Մեքսիկայում, Գվատեմալայում և Ռուսաստանում։ 1999 թվականին Մեքսիկայում հրատարակվեց Կոնրոզովի հիերոգլիֆների կատալոգը։ Ընդհանուր առմամբ մայաների գրերը վերծանված են և թույլ են տալիս կարդալ եղած տեքստերի մոտավորապես 90 տոկոսը։ Դրա հետ մեկտեղ մայաների տեքստերի վերջնական վերծանումը դեռևս հեռու է ավարտուն լինելուց։ Չնայած որ բոլոր ժամանակակից մասնագետները ընդունում են մայաների գիրը, որն ունի վանկային բնույթ, կոնկրետ տեքստերի ընթերցման ժամանակ միաբանություն չկա։ Բացակայում է նաև հիերոգլիֆային լեզվի ամփոփիչ բառարանը, անհայտ է գրանիշերի իմաստի մոտավորապես 25 տոկոսը։ Շատ հետազոտողներ ունեն այս կամ այն նշանի հնչյունաբանական իմաստի իրենց սեփական տեսակետը, որը երբեմն բերում է արձանագրությունների իմաստի էապես տարբեր կերպով ըմբռնման [1]։