From Wikipedia, the free encyclopedia
Մակերիկամ, ներզատիչ զույգ գեղձեր են, որոնք արտադրում են բազմաթիվ կենսաակտիվ նյութեր՝ ադրենալին, ալդոստերոն, կորտիզոլ և այլն[3][4]։ Մակերիկամները տեղակայված են երիկամների վերևում։ Գեղձը ունի կեղևային շերտ, որը արտադրում է ստերոիդ հորմոններ, և միջուկ, որտեղ արտադրվում է ադրենալին։ Կեղևը բաժանվում է երեք շերտի՝ կծիկավոր շերտի, խրձավոր շերտի, ցանցային շերտի[5]։
Մակերիկամ | |
---|---|
Պատկեր:Շ Երիկամների վերևում տեղակայված մակերիկամները | |
Պատկեր:Ներզատականհամակարգ. Ներզատիչ համակարգ | |
Տեսակ | օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | ներզատիչ գեղձ, կեղևամիջուկային օրգան[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Կազմված է | մակերիկամի կեղև և մակերիկամի միջուկ |
Անատոմիական տեղայնացում | Հետորովայնամզային տարածություն |
Լատիներեն անվանում | Glandula suprarenalis |
Համակարգ | Ներզատիչ համակարգ (էնդոկրին) |
Զարկերակ | Վերին վերերիկամային զարկերակ, միջին վերերիկամային զարկերակ, ստորին վերերիկամային զարկերակ |
Երակ | Վերերիկամային երակներ |
Նյարդ | Ընդերային և երիկամային հյուսակներ |
Ավշային հանգույց | Գոտկային ավշահանգույցներ |
Արտադրում է | Կատեխոլամիններ, ստերոիդ հորմոններ |
Լիմֆատիկ դրենաժ | Lumbar lymph nodes? |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | adrenal gland development? |
MeSH | A06.300.071 |
Foundational Model of Anatomy | 9604 |
Terminologia Anatomica 98 | A11.5.00.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Նոր հանրագիտարանային բառարան, 1911-1916, Նոր հանրագիտարանային բառարան, 1911-1916, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան և Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 7 |
Adrenal glands Վիքիպահեստում |
Մակերիկամի կեղևը արտադրում է ստերոիդ հորմոնների երեք հիմնական տեսակներ՝ միներալոկորտիկոիդներ, գլյուկոկորտիկոիդներ և անդրոգեններ։ Միներալոկորտիկոիդները (օրինակ՝ ալդոստերոն) արտադրվում են կծիկավոր շերտում և մասնակցում են արյան ճնշման, էլէկտրոլիտների հավասարակշռության պահպանմանը։ Կորտիզոլ և կորտիզոն գլյուկոկորտիկոիդները արտադրվում են խրձավոր շերտում և կարգավորում են նյութափոխանակությունը, ճնշում են իմունային համակարգը։ Կեղևի ամենախորը շերտում՝ ցանցավոր շերտում արտադրվում են անդրոգեններ, որոնք սեռական գեղձերում վերափոխվում են վերջնական ֆունկցիոնալ հորմոնների՝ սեռական գեղձերում և այլ օրգաններում[6]։ Ստերոիդ հորմոնների արտադրությունը կոչվում է ստերոիդոգենեզ և ներառում է բազմաթիվ ռեակցիաներ, որոնք կատարվում են կեղևային բջիջներում[7]։ Միջուկում արտադրվում են կատեխոլամիններ՝ ադրենալին և նորադրենալին, որոնք մեծ դեր ունեն սթրեսային ռեակցիայի ժամանակ[6]։
Մակերիկամի ֆունկցիայի խանգարման հետ են կապված բազմաթիվ էնդոկրին համակարգի հիվանդություններ։ Կորտիզոլի գերարտադրությունը բերում է Կուշինգի համախտանիշի, իսկ անբավարարությունը բերում է Ադիսոնի հիվանդությանը։ Բնածին մակերիկամային հիպերպլազիան գենետիկ հիվանդություն է, որը առաջանում է էնդոկրին կարգավորման մեխանիզմների խանգարումից[6][8]։ Մակերիկամի հյուսվածքից կարող են առաջանալ բազմաթիվ ուռուցքներ, որոնք հիմնականում հայտնաբերվում են այլ հիվանդության կապակցությամբ կատարվող բժշկական պատկերավորման (ռենտգեն պատկեր, համակարգչային շերտագրություն) ժամանակ[9]։
Մակերիկամները զույգ օրգան են և տեղակայված են հետորովայնամզային տարածությունում՝ երիկամներից վեր և միջայնորեն։ Մարդկանց մոտ աջ մակերիկամը բրգաձև է, իսկ ձախը կիսալուսնաձև է և համեմատաբար ավելի մեծ[10]։ Մակերիկամների երկարությունը 3 սմ է, լայնությունը 5.0 սմ, բարձրությունը 1.0 սմ[11]։ Հասուն մարդու մակերիկամների քաշը գումարային 7-ից 10 գրամ է[12] The glands are yellowish in colour.[10]։
Մակերիկամները շրջապատված են ճարպային հյուսվածքով և ներառված են երիկամային փակեղի մեջ, որը ներառում է նաև երիկամները։ Թույլ արտահայտված շարակցական հյուսվածքը բաժանում է մակերիկամները երիկամներից[13]։ Մակերիկամները գտնվում են անմիջապես կրծքային ստոծանու տակ և կպած են ստոծանու ոտիկներին երիկամային փակեղի միջոցով[13]։
Յուրաքանչյուր մակերիկամ ունի արտաքին կեղև և ներքին միջուկ, որոնք արտադրում են հորմոններ[14]։
Մակերիկամի կեղևը մակերիկամի արտաքին շերտն է։ Մակերիկամի կեղևը ունի երեք գոտի։ Մանրադիտակով դիտելուց կարելի է նկատել, որ յուրաքանչյուր գոտի ունի յուրահատուկ տեսք և նրանից յուրաքանչյուրը ունի իր գործառույթը[15]։ Մակերիկամի կեղևը արտադրում է ալդոստերոն, կորտիզոլ և անդրոգեններ[16]։
Կեղևի ամենաարտաքին շերտը կծիկայինն է։ Այն գտնվում է անմիջապես գեղձի պատիճի տակ։ Այս շերտի բջիջները կազմում են օվալաձև խմբեր, որոնք բաժանված են միմյանցից շարակցահյուսվածքային շերտերով։ Շարակցահյուսվածքային շերտերի կազմում կան լայն մազանոթներ[17]։
Այս շերտում ալդոստերոն սինթազայի ազդեցությամբ արտադրվում է միներալոկորտիկոիդ՝ ալդոստերոն[18][19]։ Ալդոստերոնը ունի կարևոր դեր՝ ճնշման երկարատև կարգավորման մեջ[20]։
Խրձային շերտը գտնվում է հատիկավոր և կծիկային շերտերի միջև։ Այս շերտի բջիջները արտադրում են գլյուկոկորտիկոիդ՝ կորտիզոլ[21] Սա երեք շերտերից ամենամեծն է և կազմում է մակերիկամի կեղևի ծավալի 80%-ը[5]։ Խրձային շերտում բջիջները տեղակայված են սյուների նման և ուղղված են դեպի միջուկը։ Բջիջները պարունակում են ճարպի կաթիլներ, առատ միտոքոնդրիումներ և բարդ կառուցվածքով հարթ էնդոպլազմատիկ ցանց[17]։
Ցանցային շերտը կեղևի ներքին շերտն է և գտնվում է միջուկի հարևանությամբ։ Այն արտադրում է անդրոգեններ՝ դեհիդրոէպիանդրոստերոն, դեհիդրոէպիանդրոստերոն սուլֆատ և անդրոստենդիոն, որը մարդկանց մոտ տեստոստերոնի նախորդն է[21]։ Այս շերտի փոքր բջիջները ձևավորում են անկանոն դասավորված բջիջների խմբեր, որոնք իրարից բաժանված են մազանոթներով և շարակցական հյուսվածքով։ Բջիջները պարունակում են համեմատաբար քիչ քանակի ցիտոպլազմա և ճարպային կաթիլներ, իսկ երբեմն պարունակում են նաև լիպոֆուսցինի շագանակագույն պիգմենտ[17]։
Մակերիկամի միջուկը գտնվում է մակերիկամի կենտրոնում և շրջապատված է մակերիկամի կեղևով։ Միջուկի քրոմաֆինային բջիջները մարդու մարմնում կատեխոլամինների (ադրենալին, նորադրենալին) հիմնական աղբյուրն են։ Նորադրենալինի մոտ 20%-ը և ադրենալինի 80%-ը արտադրվում են միջուկում[21]։
Մակերիկամի միջուկը դրդվում է սիմպատիկ նյարդային համակարգի նախահանգուցային ճյուղերով, որոնք սկիզբ են առնում ողնուղեղի կրծքային մասից՝ T5–T11 ողերի մակարդակից[22]։ Մակերիկամի միջուկը համարում են նյարդային հանգույցի հատուկ տեսակ, քանզի այն նյարդավորվում է նախահանգուցային ճյուղերով[22]։ Ի տարբերություն այլ նյարդային հանգույցների, միջուկը ստանալով ազդակը, արտադրում է կենսաակտիվ նյութեր և ուղարկում արյունահոսք։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.