![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d1/P%25C3%25A1l_V%25C3%25A1g%25C3%25B3_%25281853-1928%2529_painter_The_Hungarian_at_Kiev_%25281896-99%2529.jpg/640px-P%25C3%25A1l_V%25C3%25A1g%25C3%25B3_%25281853-1928%2529_painter_The_Hungarian_at_Kiev_%25281896-99%2529.jpg&w=640&q=50)
Հունգարների գաղթը Եվրոպա
From Wikipedia, the free encyclopedia
Հունգարների գաղթը Եվրոպա տեղի է ունեցել 9-10-րդ դարում՝ ժողովուրդների մեծ գաղթի շրջանակներում։ Սա միջնադարի վաղ և զարգացած շրջափուլերի միջև ընկած անցումային ժամանակաշրջան էր, որի արդյունքում Կարոլինգների (Ֆրանկական) թագավորությունն արևելքից ենթարկվում է մագյարների (հունգարների), հյուսիսից՝ վիկինգների, իսկ հարավից՝ արաբների հարձակումներին և ապաստակություններին։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d1/P%C3%A1l_V%C3%A1g%C3%B3_%281853-1928%29_painter_The_Hungarian_at_Kiev_%281896-99%29.jpg/640px-P%C3%A1l_V%C3%A1g%C3%B3_%281853-1928%29_painter_The_Hungarian_at_Kiev_%281896-99%29.jpg)
Մագյարները վաղմիջնադարյան ժամանակաշրջանում վաչկատուն ցեղեր էին, ովքեր շարունակաբար քոչում էին մի վայրից մյուսը՝ ձեռնարկելով բազմաթիվ նվաճողական արշավանքներ։ Ճանապարհին նրանք հրի և սրի էին մատնում քաղաքային և գյուղական բնակավայրերի ողջ բնակչությանը։ Գաղթի արդյում ոչ նստակյաց մագյարները՝ հունգարական ցեղերը, հաստատվում են Եվրոպայի կենտրոնական և արևելյան շրջաններում, մասնավորապես՝ Կարպատյան լեռնային շրջաններում։ Հունգարները Եվրոպա են գաղթում գրեթե միևնույն ժամանակամիջոցում, ինչ որ հոները, ալանները, գոթերը, վանդալները, սլավոնները, ուգրոֆինները և գերմանները։ Հունգարները որդեգրել էին գրեթե միևնույն քաղաքականությունը, ինչ-որ հաջորդիվ թաթար-մոնղոլները։ Նրանք ունեին կանոնավոր և մարտունակ բանակ, որի միջոցով էլ կարողանում էին իրականացնել իրենց արկածախնդիր, զավթողական ծրագրերը և հաստատվել իրենց համար նպատակակետ հանդիսացող Եվրոպա աշխարհամասում[1]։
9-րդ դարի վերջին մագյարներն Ալպերի և Կարպատների միջև ընկած Միջինդանուբյան դաշտավայրում (ներկայիս Հունգարիայի տարածքում) հիմնում են իրենց պետությունը՝ նվաճելով Ֆրանկական պետության և Բյուզանդական կայսրության սահմանամերձ շրջանները։ Վերջիններիս առաջխաղացումը կասեցվում է 955 թվականին, երբ Բավարիայի Աուգսբուրգ քաղաքի շրջակայքում՝ Լեխ գետի հովտում, հունգարական խաժամուժը ծանր պարտություն է կրում Սաքսոնիայի դուքս, «համայն գերմանացիների թագավոր» Օտտոն I-ից։ Գերմանիայի արքայի (հետագայում՝ Սրբազան Հռոմեական կայսրության) այդ հաղթությունը կործանարար է լինում հունգարների համար և վերջնականապես արգելակում է վերջիններիս ամայացնող արշավանքները դեպի քրիստոնեական Եվրոպա։ Այնուամենայնիվ, հունգարները շարունակում են համառորեն պայքարել բյուզանդացիների դեմ, մինչև 1001 թվականը, երբ Իշտվան I-ը վերջիններիս միավորում է քրիստոնեական կրոնի ներքո և ստեղծում համանունգարական առաջին թագավորությունը[2]։