Հորաներ
From Wikipedia, the free encyclopedia
Հորաներ (հին հունարեն՝ Ὥραι, «Ժամանակներ»), տարվա եղանակների հերթականությունը և բնության մեջ կարգ ու կանոնը տնօրինող աստվածուհիներ։ Ըստ Հոմերոսի (որը չի տալիս հորաների անունները), նրանք Զևսի սպասուհիներ էին, որոնք բացում և փակում էին երկնքի դարպասները։
Հին հույները սկզբում հաշվում էին տարվա միայն երկու, ապա երեք, իսկ հետագայում՝ չորս եղանակ։ Սրան համապատասխան հետզհետե ավելանում էր հորաների թիվը։ Այսպես, Աթենքում հնագույն ժամանակներից պաշտվել են երկու հորա, գարնան հորան՝ Թալլո (Ծաղկող), և ամռան հորան՝ Կարպո (աստվածուհի) (Պտղառատ)։ Հորաները որպես պտղաբերության աստվածուհիներ եղել են Ափրոդիտեի ուղեկիցները։ Հեսիոդոսի մոտ հիշատակվում են երեք հորա, Եվնոմիա (Օրինականություն), Դիկե (Արդարություն), Էյրենե (Խաղաղություն), որոնք Զևսի և Թեմիսի (կամ Հելիոսի և Սելենայի) դուսրերն էին։ Հիգինոսի համաձայն՝ եղել են 9 հորաներ, մեկ այլ ցուցակով՝ 12։ Հետագա հեղինակների մոտ հիշատակվում են 4 հորաներ։
Հեսիոդոսի մոտ հիշատակված հորաների անունները վկայում են, որ տարվա եղանակների հերթականությունը և բնության մեջ կարգ ու կանոն տնօրինող աստվածուհիները միաժամանակ դառնում են հասարակության մեջ կարգի ու օրինականության պահապաններ, հետևում են երիտասարդների դաստիարակությանը և մարդկանց արարքները հանգեցնում են բարեբախտ վախճանի։ Հորաների պաշտամունքը տարածված է եղել Աթենքում, Կորնթոսում, Արգոսում և Հունաստանի մի քանի այլ մարզերում։ Հորաներից մեկը՝ Էյրենեն (Պակս) հին Հռոմում վայելում էր առանձին պատիվ։ Հորաներին պատկերել են պտուղներով զարդարված կամ ձեռքներին պտուղներ բռնած աղջիկների տեսքով։