From Wikipedia, the free encyclopedia
Հոդ, երկու կամ ավելի ոսկորների շփման վայրը[1], ոսկրերի ընդհատ, խոռոչավոր, շարժուն միացություն, որը թույլ է տալիս ոսկրերի շարժումը միմյանց նկատմամբ։ Հոդի հիմնական տարրերն են. հոդավորվող ոսկրերի աճառածածկ մակերեսները, հեղուկով լցված հոդախոռոչը, խոռոչը մեկուսացնող հոդակապը։ Որոշ հոդեր ունեն նաև օժանդակ գոյացություններ՝ կապաններ, սկավառակներ (դիսկ), մահիկներ (մենիսկ) և ձուսպաթաղանթային պարկեր։ Կենդանիների էվոլյուցիայի և տեղաշարժումների կատարելագործման պրոցեսում փոխվել է նաև հոդերի ձևը։ Մարդկանց հոդերի առանձնահատկությունները պայմանավորված են մարմնի ուղղաձիգ դիրքով, որից և կախված է պտտման առանցքների թիվը և շարժումների ազատության աստիճանը։
Տարբերում են պարզ հոդեր (2 ոսկրից կազմված) և բարդ (մասնակցում են մի քանի ոսկրեր)։ Հոդամակերեսներն ըստ ձևի համեմատում են երկրաչափական մարմինների հետ. գնդաձև, ձվաձև, թամբաձև, տափակ ևն։ Ըստ շարժունության աստիճանի հոդերը լինում են ազատ շարժվող (օրինակ, գնդաձև) և դժվարաշարժ (օրինակ, հոդերը կողոսկրերի և կրծոսկրերի միջև)։ Հոդում շարժումների ծավալը որոշվում է միացվող ոսկրերի միջև գոյացած անկյան աստիճանով։ Շարժումները կարող են իրականանալ մեկ, երկու և երեք առանցքների շուրջը, միառանցք (գլանաձև, ճախարակաձև, պտուտակաձև), երկառանցք (էլիպսաձև, թամբաձև), բազմառանցք (գնդաձև)։ Շարժումները սահմանափակվում են ոսկր ելունների, կապանների և հոդապարկի ձգման շնորհիվ։ Հոդերի ախտահարումները կարող են առաջանալ վնասվածքների (հոդախախտում), բնածին (արթրոգրիպոզ), փոխանակային–դեստրուկտիվ (արթրոզ), բորբոքային (հոդաբորբ) պրոցեսների հետևանքով։ Ախտաբանական տարբեր պրոցեսների հետևանքով կարող է առաջանալ շարժումների սահմանափակում (կոնտրակտուրա), կամ լրիվ անշարժացում (անկիլոզ)։ Հոդի հիվանդությունները, բուժման և կանխարգելման մեթոդներն ուսումնասիրում են օրթոպեդիան, տրավմատոլոգիան և կլինիկական բժշկության հատուկ բաժինը՝ հոդաբանությունը։
Նրանց կառուցվածքը շարժունակություն (բացառությամբ գանգոսկրի) և մեխանիկական աջակցություն է ապահովում[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.