From Wikipedia, the free encyclopedia
Հյուսվածքային հեղուկ, օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրամաս, որը գտնվում է արյունատար անոթների ու բջիջների միջև[1], կազմությամբ նման է պլազմային և ծառայում է որպես միջբջջային նյութ օրգանիզմի համար։
Հյուսվածքային հեղուկն անգույն է, թափանցիկ։ Այն ձևավորվում է արյան հեղուկ մասից՝ պլազմայից, որն արյունատար անոթների պատերի միջով անցնում է միջբջջային տարածություն։ Հյուսվածքային հեղուկի և արյան միջև տեղի է ունենում նյութափոխանակություն. արյունից սննդանյութերն սկզբում անցնում են հյուսվածքային հեղուկ, ապա՝ բջիջներ, իսկ բջիջների կենսագործունեության արգասիքները տեղաշարժվում են հակառակ ուղղությամբ՝ բջիջներից դեպի հյուսվածքային հեղուկ, ապա արյուն։ Հյուսվածքային հեղուկի մի մասն անցնում է ավշային անոթներ և վերածվում ավշի։
Մարդու օրգանիզմում պարունակվում է շուրջ 11 լիտր հյուսվածքային հեղուկ։
Պլազման և հյուսվածքային հեղուկը ունեն նման քիմիական բաղադրություն։ Պլազման արյան գլխավոր բաղադրիչն է և հյուսվածքային հեղուկի հետ կապված է անցքերով և մազանոթների էնդոթելերով։
Հիդրոստատիկ ճնշումը առաջանում է սրտի կծկումների պատճառով, որը ջուրը դուրս է մղում անոթներից։
Ջրային պոտենցիալը առաջանում է մազանոթներով անցնող լուծույթների քիչ քանակության պատճառով։ Հեղուկի այսպիսի կուտակման պատճառով առաջանում է օսմոտիկ ճնշում։ Ջուրը բարձր կոնցենտրացիյից անոթների արտաքին կողմից անցնում է ներսը, որտեղ առկա է ցածր կոնցենտրացիա՝ ձգտելով հավասարակշռության։ Օսմոտիկ ճնշումը ջուրը նորից վերադարձնում է անոթներ։ Քանի որ մազանոթներով արյունն անընդհատ հոսում է, երբեք հավասարակշռություն չի հաստատվում։
Երկու ուժերի միջև հավասարակշրությունը տարբեր է մազանոթների տարբեր հատվածներում։ Զարկերակային հատվածի վերջում մեծ է հիդրոստատիկ ճնշումը, այդ պատճառով ջուրը և մյուս լուծույթներն անցնում են հյուսվածքային հեղուկի մեջ։ Երակային հատվածի վերջում մեծ է օսմոտիկ ճնշումը, այդ պատճառով նյութերն անցնում են մազանոթներ։ Այս տարբերությունը բացատրվում է արյան հոսքի ուղղությամբ և լուծույթներում հավասարակշրության բացակայությամբ։
Հյուսվածքային հեղուկի չի կուտակվում հյուսվածքների բջիջների շուրջ, որովհետև ավշային համակարգը շարժման մեջ է դնում հյուսվածքային հեղուկը։ Հյուսվածքային հեղուկն անցնում է ավշային անոթների միջով և վերադառնում արյան մեջ։
Երբեմն հյուսվածքային հեղուկը չի վերադառնում արյան մեջ, այլ կուտակվում է, և առաջանում են այտուցներ (հաճախ ոտնաթաթի ու կոճի շրջանում)։
Հյուսվածքային հեղուկը բաղկացած է ջրից, ամինաթթուներից, շաքարից, ճարպաթթուներից, կոֆերմենտներից, հորմոններից, նեյրոմեդիատորներից, աղերից, ինչպես նաև բջիջների կենսագործունեության արգասիքներից։ Հյուսվածքային հեղուկի քիմիական բաղադրությունը կախված է հյուսվածքների բջիջների և արյան միջև կատարվող նյութափոխանակությունից։ Դա նշանակում է, որ հյուսվածքային հեղուկը տարբեր հյուսվաքքներում ունի տարբեր բաղադրություն։
Արյան ոչ բոլոր բաղադրիչներն են անցնում հյուսվածքի մեջ։ Էրիթրոցիտները, թրոմբոցիտները և պլազմայի սպիտակուցները չեն կարող անցնել արյունատար անոթների պատերը։ Ստացված խառնուրդը, որը անցնում է նրանց միջով, հիմնականում արյան պլազման է առանց սպիտակուցների։ Հյուսվածքային հեղուկը պարունակում է նաև մի քանի տիպի լեյկոցիտներ, որոնք կատարում են պաշտպանական ֆունկցիա։
Հյուսվածքային հեղուկը շրջապատում է հյուսվածքների բջիջները, ինչը հնարավորություն է տալիս բջիջներին մատակարարել անհրաժեշտ նյութերը և հեռացնել նյութափոխանակության արգասիքները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.