աշխարհագրական և վարչական շրջան Հնդկաստանում From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսարևելյան Հնդկաստան կամ Հյուսիսարևելյան շրջան (անգլ.՝ North Eastern Region, NER), Հնդկաստանի ամենաարևելյան շրջանը, որը երկրի մնացած տարածքի հետ կապված է Սիլիգուրի նեղ միջանցքով[1]։
Հյուսիսարևելյան Հնդկաստան | |
---|---|
Տեսակ | վարչատարածքային միավոր և տարածաշրջան |
Երկիր | Հնդկաստան |
Մակերես | 262 230 կմ² |
Կազմված է | Արունաչալ Պրադեշ, Ասսամ, Մանիպուր, Մեգհալայա, Միզորամ, Նագալենդ, Տրիպուրա և Սիկկիմ |
Հյուսիսարևելյան Հնդկաստանը ներառում է յոթ նահանգներ՝ «Յոթ քույրեր»[2]․
Հնդկաստանը հյուսիս - արևելքում սահմանակից է Նեպալին, Բութանին, Չինաստանին, Մյանմային և Բանգլադեշին։ Ընդ որում նրանք զբաղեցնում են ընդհանուր սահմանի միայն 21 կիլոմետրը, մնացած մասն անցնում է Հնդկաստանի Սիլիգուրի նեղ միջանցքով[1]։ Չինաստանը Արունաչալ Պրադեշի մեծ մասի նկատմամբ հավակնություններ ունի[7][8]։ Ասսամի Գուվախատի քաղաքը, որը Հյուսիսարևելյան շրջանի ամենախոշոր քաղաքն է, անվանում են «Հյուսիսևելյան Հնդկաստանի դարպասներ»[9]։
Հյուսիսարևելյան մասը Հնդկաստանի քաղաքական քարտեզի կազմում ավելացել է միայն վերջին ժամանակներում։ Ասսամը, Նագալենդը, Միզորամը և Մեգհալայան իրենց պատմության մեծ մասի ընթացքում չեն եղել Հնդկաստանի քաղաքական մասը, Մանիպուրը և Տրիպուրան եղել են իշխանական պետություններ, Արունաչալ Պրադեշը և Սիկկիմը XX դարի սկզբին չեն եղել Բրիտանական Հնդկաստանի մասը։
Այդ շրջանները ներառվել են Բրիտանական Հնդկաստանի կազմի մեջ, երբ բրիտանական գաղութային իշխանությունները ավանդաբար միացրել են առանձին սահմանային տարածքները, որոնք ծառայել են որպես բուֆեր բրիտանական տիրապետությունների և արտաքին ուժերի միջև (օրինակ՝ Ասսամը, Մանիպուրը և հյուսիս-արևելքում՝ Տրիպուրան, իսկ հյուսիս-արևմտյան մասում՝ Բելուջիստանը)։
1947 թվականին, Հնդկաստանի անկախացումից հետո, նրա պետական - քաղաքական ապարատի ընդլայնումը խնդրահարույց դարձավ։ 1947 թվականին Սիկկիմը դարձել է հնդկական պրոտեկտորատ, իսկ 1975 թվականին ամբողջովին դարձել է Հնդկաստանի մի մասը։ Հյուսիսարևելյան Հնդկաստանի մուսուլմանական համայնքի խնդիրն ուղղակիորեն կապված է Բանգլադեշի Հանրապետության հետ, որը մինչև 1971 թվականը եղել է Պակիստանի արևելյան նահանգը։
Հյուսիսարևելյան Հնդկաստանն ունի հիմնականում խոնավ մերձարևադարձային կլիմա՝ շոգ, խոնավ ամառներով,մուսսոննային ուժեղ քամիներով և մեղմաշունչ ձմեռներով[10]։ Հնդկաստանի արևմտյան ափերի նման՝ այս մարզը որոշ նահանգների հետ միասին ծածկված է Հնդկական սուբկոնտինենտից մնացած արևադարձային անտառներիով։ Արունաչալ Պրադեշ և Սիկկիմ նահանգներում կլիման սառը լեռնայի է՝ ցրտաշունչ, ձնառատ ձմեռներով, մեղմաշունչ ամառներով։
Հյուսիս - արևելքը բարձր սեյսմիկության գոտի է։ 1897 թվականի Ասսամի երկրաշարժը աշխարհի ամենաուժեղ երկրաշարժներից մեկն էր[11]։ 1950 թվականի երկրաշարժի հետևանքով լեռնային շրջաններում տեղի են ունեցել խոշոր փլզումներ և սողանքներ, հարթավայրում Բրահմապուտրայի տղմոտ հունը ավելի սրընթաց է դարձել, որի հետևանքով ջրհեղեղները դարձել են ամենամյա։ Կենտրոնական կառավարությունը ստեղծել է Բրահմապուտրայի ավազանում ջրհեղեղների վերահսկման խորհուրդ։
Արունաչալ Պրադեշի գլխավոր հարստություններից մեկն անտառն է, որը կազմում է նրա տարածքի մոտավորապես 60 % -ը։ Անտառները բազմազան են՝ լեռների ստորոտում մշտադալար խոնավ արևադարձայինից սկսած, մինչև միջին լանջերի լայնատերև անտառները և վերին անտառային գոտու փշատերև անտառները։
Այստեղ հանդիպում են մրտավարդեր, բամբուկներ և կակտուսներ, արևադարձային անտառների խորքում ծաղկում են հիասքանչ արխիդեաներ։ Նաև պահպանվել է հարուստ կենդանական աշխարհը։ Կան վայրի փղեր, վագրեր, պիթոններ, հաչող եղջերուներ, մշկայծյամներ, ճերմակ ընձառյուծներ, արջեր և այլ կենդանիներ։ Սակայն անտառային հումքի արդյունաբերական վերամշակումը, ինչպես նաև այլ ոլորտներում առաջացած ժամանակակից արդյունաբերությունը հնարավոր է միայն տրանսպորտային ցանցի և էներգետիկ բազայի ստեղծման դեպքում։
Արունաչալ Պրադեշում են կենտրոնացված երկրի խոշորագույն հիդրոէներգետիկ ռեսուրսները․
Գետեր | Էլեկտրաէներգիա (կիլովատ) |
---|---|
Դիխանգ | գերազանցում է 4 միլիոնը |
Լոհիթ | ավելի քան 3 միլիոն |
Դիբանգա | մոտավորապես 900․000 |
Կամենգա | 600․000 |
Սուբանսիրի | գրեթե 200․000 |
Սակայն ճանապարհների դժվարանցանելիությունը, այդ բարձր սեյսմիկ տարածքներում շինարարական աշխատանքներ կատարելու բարդ պայմանները, որտեղ հաճախակի սողանքներ և փլզումներ են լինում, չափազանց դժվարացնում են այդ ռեսուրսների յուրացումը։
Հյուսիսարևելյան Հնդկաստանը ռասայական, լեզվական և մշակութային առումով շատ է տարբերվում Հնդկաստանի մյուս նահանգներից[12]։ Այդ մարզը պաշտոնապես ճանաչվել է որպես Հնդկաստանի նահանգների հատուկ կատեգորիա, այն հայտնի է իր յուրահատուկ մշակույթով, արհեստներով, ռազմական արվեստով և գեղեցկությամբ։
Հյուսիսարևելյան Հնդկաստանում բնակվում են ավելի քան 220 էթնիկ խմբեր։ Այստեղ բնակվող էթնիկական խմբերից և ոչ մեկը չի ձևավորում տարածաշրջանային մասշտաբի մեծամասնությունը։ Ամենամեծ խմբերը հանդիսանում են ասսամցիներն ու բենգալացիները, բայց բացի այդ կան տասնյակ ավելի քիչ խոշոր էթնոսներ՝ նագաներ, միզոներ, կհասիներ և այլն[13]։
Ասսամցիների և բենգալացիների շրջանում ամենատարածված կրոնը հինդուիզմն է, նրա հետևորդներն են նաև Ասսամի և Տրիպուրիի բնակչության զգալի մասը։ Սակայն ընդհանուր առմամբ մարզում հինդուիզմի դիրքերն այնքան էլ ամուր չեն։ Հնդկաստանի հյուսիս - արևելքում կան նահանգներ, որտեղ քրիստոնյաները մեծամասնություն են կազմում․ Մեգհալայա նահանգում կազմում է բնակչության 64 % -ը, Միզորամում՝ 85 % -ը, Նագալենդում՝ 87 % -ը։ Համայնքների զգալի մասը մուսուլմաններ ու բուդդայականներ են։ Մուսուլմանական ամենախոշոր համայնքները Ասսամում և Նագալենդում են[14]։
1990-ական թվականների հետազոտությունները ցույց են տվել, որ տնտեսական զարգացման սկզբից ի վեր այս մարզն իր զարգացմամբ հետ է մնում մյուսներից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.