Հին եգիպտացիների համոզմունքներն անդրշիրիմյան կյանքի մասին
From Wikipedia, the free encyclopedia
Հին եգիպտացիների՝ անդրշիրիմյան կյանքի մասին համոզմունքներն ուղեկցվել են տարաբնույթ արարողություններով, որոնց հիմքում ընկած էին եգիպտական մշակույթին բնորոշ մի շարք տարրեր։ Հիմնական ազդեցությունը եղել է կրոնից։ Վերջինս հանդիսանում էր հասարակական կարևոր գիտակցության ձև, որը եգիպտացիներին միմյանց կապող օղակն էր։ Եգիպտական աստվածներից շատերը դեր են խաղացել հանգուցյալների հոգիները հանդերձյալ կյանք առաջնորդելու գործում։ Գրային համակարգի զարգացման հետ կրոնական գաղափարները գրի են առնվել և արագ տարածվել ամբողջ եգիպտական համայնքում։ Այս ուսմունքները ձևավորվել և ամրապնդվել են հանդերձյալ կյանքի մասին մոգական գրությունների ստեղծման ընթացքում, որոնք նկարագրում և բացատրում էին այն, ինչ անհրաժեշտ էր մահացածներն «ուղևորությունն» անվտանգ անցնելու նպատակով։
Եգիպտական կրոնական ուսմունքները ներառել են հանդերձյալ աշխարհին վերաբերող երեք գաղափարախոսություն՝ հավատն առ հանդերձյալ աշխարհ, հավերժական կյանք և հոգու վերածնունդ։ Հանդերձյալ աշխարհը, որ հայտնի է նաև որպես Դուատ, ունեցել է միայն մեկ մուտք, որին հնարավոր էր հասնել միայն գերեզմանով անցնելով։ Հոգու՝ անդրշիրիմյան աշխարհ մուտք գործելիս նախանական պատկերը մի միջանցք էր՝ երկայնքով զարդարված քանդակներով։ Հանդերձյալ աշխարհ տանող ճանապարհը կարող էր տարբերակվել հասարակ մարդկանց և թագավորների համար։
Մուտք գործելուց հետո հոգիները ներկայացել են մեկ այլ հայտնի աստծո՝ Օսիրիսին։ Օսիրիսը կորոշեր հանգուցյալի հոգու առաքինությունը։ Նրանք, ովքեր արժանի էին կստանային խաղաղ կյանք մահից հետո։ «Հավերժական կյանքի» եգիպտական գաղափարը հաճախ դիտվում էր որպես անընդհատ վերածնունդ։ Հետևաբար այն հոգիները, որոնք պատշաճ կյանք էին ապրել առաջնորդվում էին դեպի Օսիրիս, որպեսզի վերածնվեն[1]։
Մահից հետո կատարյալ կյանքի արժանանալու նպատակով կյանքի ընթացքում մի շարք գործողություններ պետք է իրականացվեն։ Դա կարող է ներառել արդարացիորեն վարվել և հետևել եգիպտական կրոնի հավատալիքներին։ Բացի այդ, եգիպտացիները շեշտում էին այն ծեսերը, որոնք ավարտվում են անհատի կյանքի ավարտից հետո։ Այլ կերպ ասած, կենդանի մարդու պարտավորությունն էր կատարել վերջին անհրաժեշտ ավանդույթները։ Այս կերպ մահացածները կկարողանային արժանանալ իրենց վերջնական ճակատագրին։