From Wikipedia, the free encyclopedia
Հենրի Հիլ կրտսեր (անգլ.՝ Henry Hill Jr., հունիսի 11, 1943[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 12, 2012[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գանգստեր, սերտորեն համագործակցել է Լուկեզեի ընտանիքի հետ։
Հենրի Հիլ անգլ.՝ Henry Hill Jr. | |
---|---|
Ծնվել է | հունիսի 11, 1943[1][2] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 12, 2012[1][2] (69 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | վերականգնող, նկարիչ, ռեստորատոր, գանգստեր և Թմրավաճառ |
Ամուսին | Քարեն Ֆրիդման Հիլ |
Henry Hill Վիքիպահեստում |
Լինելով ընտանիքի համախոհներից մեկը՝ Հիլը մասնակցել է Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանի երկու կողոպուտներներին՝ ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր իրադարձություններին, 1967 թվականի ապրիլին և 1978 թվականի դեկտեմբերին[3]։ Ընտանիքի հետ վերջնականապես խզելով կապերը՝ Հիլը դարձել է ՀԴԲ-ի իրազեկիչը և պատմել Լուկեզեի ընտանիքի գործերի մասին, ընդհուպ մինչև մանրամասնություններ[3]։
Հենրի Հիլը մահացել է 2012 թվականի հունիսի 12-ին Լոս Անջելեսում։ Նրա կյանքի պատմությունը հիմք է ծառայել Նիկոլաս Պիլեջիի «Խելացին» գրքի համար, որը էկրանավորել Է Մարտին Սկորսեզեն՝ «Փառավոր տղաներ» անվանումով։ Հիլի դերակատարը եղել է Ռեյ Լիոտան։
Հենրի Հիլը դարձել է «Mafia: The City of Lost Heaven» խաղի գլխավոր կերպարի`Թոմաս Անջելոյի նախատիպը[4]։
Հենրի Հիլ կրտսերը ծնվել է 1943 թվականի հունիսի 11-ին Նյու Յորք նահանգի Բրուքլին քաղաքում։ Հայրը՝ Հենրի Հիլ ավագն իռլանդացի էր, իսկ մայրը՝ Կարմելա Հիլը՝ սիցիլիացի[3]։ Տղան ունեցել է մի քանի եղբայրներ և քույրեր[5]։ Հիլի տնից ոչ հեռու գտնվել է տաքսու կայանատեղին, որտեղ սովորաբար հավաքվել են շրջանի բոլոր գանգստերները[5]։ Հենրին սիրում էր այցելել այդ վայրը և շփվել հանցագործների հետ։ Ավտոկայանատեղիի սեփականատերը Փոլ Վարիոն էր, որը և Հիլին տրամադրել է նրա կյանքի առաջին աշխատանքը[5]։
1955 թվականին Հիլը լքել է դպրոցը և սկսել ավելի հաճախ հանդիպել գանգստերների հետ[5]։ Տղայի մոտ հանցագործների հետ նման կապվածություն է առաջացել այն պատճառով, որ նրանք պարկեշտորեն են վարվել նրա հետ, ի տարբերություն հոր, որը ցանկացած հնարավորության դեպքում Հենրիին ծեծի էր ենթարկում[5]։ Ըստ ճակատագրի հեգնանքի՝ Հիլն իր կիսաիռլանդական արմատների պատճառով իրավունք չի ունեցել ընտանիքում պաշտոնապես դառնալ ընտանիքի գլուխը[5]։ Սակայն մաֆիայի օրենքների համաձայն՝ հանցավոր խմբավորումը կարող էր նրան իր մոտ ընդունել, սակայն միայն «երկրորդ պլանում»[5]։
17 տարեկան հասակում Հիլն անցել է բանակային ծառայություն, որտեղ անցկացրել է երեք տարի։ Բայց այդ շրջանում էլ նա չի դադարեցրել մաֆիայի հետ իր կապերը և շարունակել է հանցավոր գործունեությունը։ Մասնավորապես, նա բանակային խոհանոցից անօրինական կերպով վաճառել է պարենի ավելցուկները[6]։
1960-ական թվականների սկզբին բանակում ծառայելուց հետո Հիլը վերադարձել է Նյու Յորք, որտեղ սկսել է սերտորեն համագործակցել հեղինակավոր գանգստերներ Ջիմի Բերքի և Թոմի Դեսիմոնեի հետ[5]։ Նրա մասին խոսել են բոլորը, մասնավորապես այն, որ նա ծայրահեղ դաժան և հոգեկան անհավասարակշիռ հանցագործ էր[5]։ Մի քանի այլ հանցակիցների հետ ավազակախմբում նրանք բազմաթիվ խոշոր գործեր են արել, այդ թվում՝ վաշխառություն, կրկնակի հաշվապահության ստեղծում և գողացված ապրանքների առևտուր[5]։ Բերքի հիմնական մասնագիտացումը բեռնատար մեքենաների առևանգումն էր[5]։ Հատկանշական է, որ մեքենայի առևանգման ժամանակ Բերքը վարորդին իր խնդրի համար 50 դոլար է տվել, ինչի համար նույնիսկ ստացել է «Ջիմի ջենթլմեն» մականունը[5]։
1960-ական թվականների կեսերին Հիլը ծանոթացել է Կարեն Ֆրիդման անունով հրեա աղջկա հետ, որի հետ շուտով ամուսնացել է[5]։ 1967 թվականին Հենրի Հիլը մասնակցել է Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանի հայտնի կողոպուտին, որի ժամանակ մոտ կես միլիոն դոլար գողացվել էր պահեստից[5]։ Այս իրադարձությունը կտրուկ բարձրացրել է Հիլի հեղինակությունը հատկապես նյույորքյան քրեական շրջանակներում[5]։
Հիլը շարունակել է սերտ համագործակցությունը Ջիմի Բերքի հետ[7]։ Նրանք միասին մեկնել են Ֆլորիդա, որպեսզի մեծ պարտք վերցնեն քարտայինի խաղացողից[7]։ Սակայն նա չէր պատրաստվում այդքան գումար տալ, ինչի պատճառով դաժան ծեծի էր ենթարկվել[7]։ Միջադեպը հետաքրքրել է ոստիկանությանը, և Հիլը անմիջապես կալանավորվել է և ուղարկվել դաշնային դատարան[7]։ Դատարանի վճռով Հիլը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, սակայն անազատության մեջ է եղել ընդամենը 4 տարի[7]։ Նա բանտում թմրանյութեր էր վաճառում և ազատ ժամանակն անցկացնում էր մաֆիայի մյուս անդամների հետ[7]։ 1978 թվականի հուլիսին Հիլը Փոլ Վարիոյի շնորհիվ ժամանակից շուտ լքել է բանտը[7]։
Բանտից դուրս գալուց անմիջապես հետո Վարիոն Հիլին աշխատանքի է տեղավորել իր գիշերային ակումբում[7]։ Դրանից երկու օր անց Հիլը մեկնել է Փիթսբուրգ, ինչն ամբողջությամբ խախտել է վաղաժամկետ ազատման պայմանները[7]։ Այնտեղ նա հանդիպել է Փոլ Մազեյ անունով մի մարդու հետ, որը նրան մեծ գումար էր պարտք[7]։ Դոլարի փոխարեն Մազեյը Հիլին տվել է մարիխուանայով լցված երկու ճամպրուկ[7]։ Վախենալով ինքնաթիռով վերադառնալ՝ Հիլը նստել է ավտոբուս և հենց այնտեղ սկսել է թմրադեղեր վաճառել՝ դրանով իսկ խախտելով իր ընտանիքի վաղաժամկետ ազատման պայմաններից մեկը, ըստ որի՝ «ընտանիքի հանցակիցներից ոչ մեկը չի կարող թմրանյութեր վաճառել»[7]։ Չնայած դրան՝ շուտով Հիլը սկսել է թմրանյութերի առևտրի խոշորագույն գործունեություն[7]։ Նա գործ է ունեցել մարիխուանայի, կոկաինի, հերոինի և մետակվալոնի հետ[7]։
Հենրի Հիլի կենսագրության առանցքային դրվագը Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանի երկրորդ կողոպուտն էր, որը տեղի է ունեցել 1978 թվականի դեկտեմբերին[7]։ 1978 թվականի դեկտեմբերի 11-ին վեց կամ յոթ դիմակավորված զինված անձինք ներխուժել են Lufthansa ավիափոխադրողի բաժանմունք, որը գտնվում է Քենեդիի անվան օդանավակայանում, կապկպել են թիկնապահներին և փախել 5 միլիոն դոլարով լի պարկերով[7]։ Հիլն օգնում էր պլանավորել այս ամենը[7]։ Կողոպուտից մի քանի ամիս անց շատերը, ովքեր մասնակցել են դրան, կամ անհետ կորել են կամ մահացած են հայտնաբերվել[7][8]։
1980 թվականի ապրիլին Հենրի Հիլը ձերբակալվել է Նյու Յորք նահանգի Նասաու շրջանում[8]։ Դրա պատճառը Հիլի համար սովորական դարձած թմրավաճառության գործարքներն էր[8]։ Նա չի ցանկացել վերստին կալանավորվել և գրավ է մուծել[8]։ Դրանից կարճ ժամանակ անց Հիլը հասկացել է, որ իր հանցավոր գործընկերները ցանկանում են վերացնել նրան մաֆիայի կանոնադրությունները խախտելու համար[8]։ Նա, իր կինը և երեխաները հուսահատ քայլի են դիմել՝ մասնակցել վկաների պաշտպանության դաշնային ծրագրին[8]։ Իր նախկին համախոհների դեմ ցուցմունքների համար Հիլին խոստացել են բնակության նոր վայր և անուն, ամսավճար և բացարձակ մաքուր դոսյե[8]։
Դրա արդյունքը դարձել է Ջիմի Բյորքի դատավճիռը, որը 20 տարվա ազատազրկում է նախատեսել[8]։ Երկու տարի անց դաշնայինները պարզել են, որ Բյորքը մի անգամ դաժան սպանություն է կատարել և ցմահ ազատազրկման է դատապարտվել[8]։ Բյորքը մահացել է իր բանտախցում 1996 թվականին[8]։ Հիլն «օգնել է» նաև իր վաղեմի ընկերոջը՝ Փոլ Վարիոյին, որին դատապարտել են չորս տարի ազատազրկման[8]։ Հիլն ու իր ընտանիքը երկար ժամանակ բնակության նոր վայր են փնտրել և, ի վերջո, գտել են Վաշինգտոն նահանգում[8]։
1981 թվականի սեպտեմբերին Հիլը ծանոթացել է քրեական գրող Նիկոլաս Փիլեջիի հետ, որը հետագայում նրա մասին գիրք է գրել, իսկ ինը տարի անց կինոթատրոնների էկրաններին հայտնվել է Մարտին Սկորսեզեի «Փառավոր տղաներ» դրաման, որը հիմնված էր Հենրի Հիլի կյանքի վրա[8]։ Հիլի դերը կատարել է Ռեյ Լիոտան, իսկ նրա մտերիմ ընկերների՝ Ջիմի Բյորքի և Թոմի Դեսիմոնեի դերերը՝ համապատասխանաբար Ռոբերտ դե Նիրոն և Ջո Պեշին։ Իր հետագա ողջ կյանքը Հիլն անցկացրել է այնպես, ինչպես սովոր էր՝ թմրանյութեր է վաճառել, խարդախություններ արել և, ի վերջո, կորցրել էր այն ամենն, ինչ ուներ[8]։ 1980-ական թվականների վերջին նրանից հեռացել է կինը[8]։
Կյանքի վերջին տարիներին Հենրի Հիլն ապրում էր հարավային Կալիֆորնիայում, զբաղվում էր նկարչությամբ, իսկ իր նկարները վաճառում էր eBay կայքում[9]։ Բացի այդ, նա մի քանի տարի աշխատել է Firefly իտալական խոհանոցի ռեստորանում որպես խոհարար[9]։
2012 թվականի հունիսի 12-ին՝ ծննդյան 69-րդ տարեդարձից մեկ օր անց, Հիլը մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում[10]։ Մահվան պատճառ է դարձել երկար ու անբուժելի հիվանդությունը՝ հավանաբար սրտի հետ կապված խնդիրները[10][11]։
Ռեյ Լիոտան, որը «Փառահեղ տղաներ» ֆիլմի մեջ կատարել է Հիլլի դերը, ասաել է․ «Ես նրա հետ հանդիպել եմ ընդամենը մի քանի անգամ և չեմ կարող ասել, որ լավ եմ ճանաչել նրան, բայց գիտեմ, որ նա բարդ կյանք է ապրել։ Իմ սիրտը նրա ընտանիքի հետ է։ Թող նրա հոգին հանգստանա»[12]։
1965-1989 թվականը Հենրի Հիլը ամուսնացած էր հրեա աղջկա՝ Կարեն Ֆրիդմանի հետ։ Ամուսինները երկու երեխա ունեին՝ որդին՝ Գրեգը և դուստրը՝ Ջինան։ Ըստ Հիլլի խոստովանության՝ երեխաները երբեք չեն սիրել իրեն։ Իր տված հարցազրույցում Գրեգը հայտարարել է․
Իմ հայրը եղել է կնոջը ծեծող, գող, մոլի հարբեցող, դավաճան և թմրամաճառ։ Ես նրա մասին չեմ կարող ասել ոչ մի լավ բան։ - [9] |
Սկզբում Ջինան ավելի բարյացակամ է եղել իր հայրիկի հանդեպ, սակայն հետագայում փոխել է իր կարծիքը նրա մասին[9]։ Ե՛վ Գրեգը, և՛ Ջինան հաճախել են սովորական դպրոցներ, որտեղ նրանք ստիպված են եղել բացատրել, թե ինչու է իրենց հայրն իրեն այդպես պահում[9]։ Կնոջ հետ հարաբերությունները նույնպես միանշանակ չէին՝ միմյանց ծայրահեղ երկրպագությունից մինչև սարսափելի զայրույթ և կոնֆլիկտ[9]։
Կյանքի վերջին տարիներին Հիլը ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել Լիզա Կազերտայի հետ[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.