From Wikipedia, the free encyclopedia
Հեծանիվ, անիվներով տրանսպորտային միջոց, որը շարժվում է մարդու մկանային ուժի շնորհիվ՝ ոտնակների միջոցով։ Առավել տարածված են երկու ակնանի հեծանիվները, սակայն կան նաև մի ակնանի, երեք ակնանի, ինչպես նաև բազմաթիվ ակներով հեծանիվներ։
Հեծանիվի նախատիպերը՝ քառանիվ ինքնագլոր սայլակները, 17-րդ դարում համարյա միաժամանակ ստեղծվել են Գերմանիայում, Ֆրանսիայում և Ռուսաստանում։
Առաջին երկանիվ հեծանիվները երևացին 19-րդ դարի սկզբներին։ 1817 թվականին բարոն Կառլ ֆոն Դրեզը ստեղծեց առաջին երկանիվ հեծանիվը, հետո 1818, որը նա անվանեց՝ «մեքանա վարելու համար» (Laufmaschine) թվականին իրագործեց առաջին ինքնագնացը։ Դրանք չունեին ղեկ, անիվները փայտից էին՝ ամրացված երկաթե օղերով, շարժվում էին ոտքերով գետնից հրելու միջոցով։ Հետագայում ավելացվեց ղեկ, առաջին անվին ամրացված շարժաթև և ոտնակ։ Փայտե անիվները փոխարինվեցին մետաղե բարակ բոլորակ, ճաղեր և ռետինե հոծ դողեր ունեցող անիվներով, արագությունը մեծացնելու նպատակով մեծացվեց տանող անվի տրամագիծը (հասավ նույնիսկ 180 սմ)։
Մեր ժամանակների հեծանիվներին նման առաջին հեծանիվը ստեղծվեց անգլիացի՝ Ջեյմս Քեմպ Ստարլիի կողմից 1884 թվականին, այն կոչվում էր Ռովեր (Rover, «Скиталец»)։
19-րդ դարի վերջում հեծանիվի կառուցվածքին ավելացվեցին շղթայական փոխանցում, գնդառանցքակալներ (1877), պնևմատիկ դողեր (1889), ազատ ընթացք (1894), փոխանցումների փոխարկման մեխանիզմ (1899)։
Սկսվեց հեծանիվի արդյունաբերական արտադրությունը։ Այդ նույն ժամանակ հեծանիվը սկսեց կիրառվել ռազմական գործում՝ որպես վիրավորներ, թեթև զենք և հանդերձանք փոխադրելու և կապի միջոց, եվրոպական երկրների բանակներում ստեղծվեցին հեծանվային վաշտեր։
Հեծանիվները ըստ նշանակման և կառուցվածքի առանձնահատկությունների լինում են ճանապարհային, դեռահասների, մարզական, մանկական և հատուկ։ Դրանք միմյանցից տարբերվում են չափերով, կմախքի ձևով և ամրությամբ, զանգվածով, դողերի լայնությամբ, արգելակների տիպով և առկայությամբ (տրեկային մարզական հեծանիվները չունեն արգելակ և ազատ ընթացք)։
Հեծանիվները հանդերձվում Է նաև շարժիչով։
Ներկայումս ողջ աշխարհում օգտագործվում է միլիարդից ավելի հեծանիվ։ Ուստի և հեծանիվը ամենատարածված տրանսպորտային միջոցներից մեկն է համարվում։ Հեծանվին հանրաճանաչություն բերեց ցածր գինը, թեթև քաշը, վառելիքի օգտագործման բացակայությունը, հարաբերական անվտանգությունը և արագություն զարգացնելու համար կիրառական ուժի լավ հարաբերակցությունը։
2005 թ. Մեծ Բրիտանիայում հասարակական հարցման արդյունքում հեծանիվը ճանաչվել է 1800-ից վեր մարդկության կատարած մեծագույն տեխնիկական գյուտը՝ հավաքելով անհամեմատ ավելի շատ ձայն, քան ինտերնետը կամ ներքին այրման շարժիչը։ Հեծանիվի օգտին քվեարկել է ավելի շատ մարդ, քան մնացած բոլոր տեխնիկական նորարարությունների օգտին՝ միասին վերցված[1]։
Հեծանիվների արտադրությունը խթան հանդիսացավ տեխնիկայի ավելի խոշոր զարգացման համար։ Նախ և առաջ ստեղծվեցին պահեստամասեր, որոնց արդյունքում էլ հետագայում՝ ավտոմեքենաների, գնացքների, զինամեքենաների, ինքնաթիռների արտադրության հիմքը դրվեց։ Հեծանիվը հիմք է հանդիսացել այժմյան մի շարք շլացուցիչ ավտոմեքենաների կազմակերպությունների՝ Շկոդա, Ռովեր, Օպել և այլնի արտադրությունը։
Հեծանիվների օգտագործումից հետո սկսվեցին ճանապարհների բարելավումները՝ հարթեցումները, լայնացումները և այժմյան սպիտակ, դեղին փողոցում նկարված անցումների միտքը ծագեց հետիոտների համար։ Հեծանիվը կանանց ազատեց մի շարք անհարմար զգեստներից՝ կորսետներից, մի խոսքով որոշակի ազատության հիմք դարձավ։
Հայաստանի երթևեկության կանոնների համաձայն հեծանիվը տրանսպորտային միջոց է[2]։
Չնայած դրան, հեծանիվը Հայաստանում ամենաքիչ գործածվող փոխադրամիջոցներից է (մինչև վերջերս հեծանիվ կարելի էր տեսնել առավելապես գյուղական շրջաններում)[փա՞ստ]։ 2000-ական թվականներին ստեղծվեցին մի շարք կազմակերպություններ և երիտասարդական նախաձեռնություններ, որոնց շնորհիվ, հատկապես մայրաքաղաք Երևանում, զգալիորեն ակտիվացել է հեծանվի՝ որպես երթևեկության միջոց գործածումը։ Այդ կարճաժամկետ վարձոյթների ընկերություններից դրանցից են Mimo-ն և YerevanRide-ը, որոնք նաև ինքնագլորներ են սպասարկում։ Այս միջոցառումների շնորհիվ հաճախակի են դարձել նաև հեծանվաարշավները, հեծանվորդային ակցիաները և մրցավազքերը։
2013 թվականին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց լեռնային՝ քրոս-քաունթրի մրցում[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.