Հանրային առողջապահություն
From Wikipedia, the free encyclopedia
Հանրային առողջապահություն, սահմանվել է որպես գիտություն և արվեստ հիվանդությունների կանխարգելման մասին` կյանքի տևողության երկարաձգումը և որակի բարելավումը կազմակերպված ջանքերի և հասարակության, կազմակերպությունների, պետական և մասնավոր անձանց, համայնքների և անհատների կողմից տեղեկացված ընտրությունների միջոցով[1]։ Բնակչության առողջության ցուցանիշների և դրանց սպառնացող վտանգների վերլուծությունը հանրային առողջապահության հիմքն են[2]։ Հանրությունը կարող է լինել ինչպես փոքրաթիվ, այնպես էլ այնքան մեծ, որքան գյուղը կամ մի ամբողջ քաղաքը համաճարակի դեպքում այն կարող է ընդգրկել ընդհուպ մինչև մի քանի մայրցամաքներ։ Առողջություն հասկացությունը ներառում է ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական բարեկեցությունը։ Որպես այդպիսին, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, դա ոչ միայն որևէ հիվանդության բացակայությունն է, այլ ակտիվ ու առողջ կյանքի առկայություն[3]։
Հանրային առողջությունը միջառարկայական ոլորտ է։ Օրինակ՝ համաճարակաբանությունը, կենսավիճակագրությունը, սոցիալական գիտությունները և առողջապահական մյուս ծառայությունների կառավարումը ընդգրկված են վերջինիս կազմի մեջ և կարգավորվում են հանրային առողջապահություն գիտության կողմից։ Առողջապահական այլ ծառայությունները ներառում են շրջակա միջավայրի առողջությունը, համայնքի առողջությունը, վարքագծային առողջությունը, առողջության տնտեսագիտությունը, հանրային քաղաքականությունը, հոգեկան առողջությունը, առողջապահական կրթությունը, աշխատանքի անվտանգությունը, հաշմանդամությունը, առողջության մեջ գենդերային խնդիրները և սեռական ու վերարտադրողական առողջությունը։ Հանրային առողջությունը նպատակ ունի բարելավել կյանքի որակը հիվանդությունների կանխարգելման և բուժման ճանապարհով, այդ թվում՝ հոգեկան առողջության պահպանման միջոցով։ Դա իրականացվում է հիվանդացության դեպքերի ու առողջության ցուցանիշների հսկողության և առողջ վարքի խթանման միջոցով[4]։
Հասարակական առողջապահական ընդհանուր նախաձեռնությունները ներառում են ձեռքի լվացման և կրծքով կերակրման խթանում, պատվաստումների իրականացում, ինքնասպանությունների կանխարգելում, ծխելու դադարեցում, ճարպակալման ուսուցում, առողջապահության մատչելիության բարձրացում և պահպանակների մատչելիության ապահովում` սեռավարակների տարածումը վերահսկելու համար։
Ժամանակակից հանրային առողջապահական պրակտիկան պահանջում է հանրային առողջապահության ոլորտի աշխատողների և մասնագետների բազմաբնույթ թիմեր։
Թիմերի մեջ կարող են ներառված լինել համաճարակաբաններ, կենսաբաններ, բժշկի օգնականներ, բուժքույրեր, մանկաբարձուհիներ, մանրէաբաններ, տնտեսագետներ, սոցիոլոգներ, գենետիկներ, տվյալների մենեջերներ, շրջակա միջավայրի առողջապահության ոլորտի աշխատակիցներ (հանրային առողջապահության տեսուչներ), բիոէթիկոլոգներ, գենդերային փորձագետներ, սեռական և վերարտադրողական առողջության մասնագետներ, բժիշկներ և նույնիսկ անասնաբույժները[5]։
Այլ պետությունների պես, հանրային առողջապահությունը և բժշկական ծառայությունների մատչելիությունը իրական մարտահրավերներ են զարգացող երկրներում։ Այդ երկրներում հանրային առողջության ենթակառուցվածքները դեռևս ձևավորման փուլում են գտնվում։