![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/16/Dancers_of_Armenian_National_Ballet_from_Yerevan_in_Washington_01.jpg/640px-Dancers_of_Armenian_National_Ballet_from_Yerevan_in_Washington_01.jpg&w=640&q=50)
Հայկական բալետ
From Wikipedia, the free encyclopedia
Հայկական բեմական պարի ու բալետի ստեղծման առաջին քայլերն արվել են 19-րդ դարի կեսերին։ Բալետի առաջին մշտական խումբը գործել է Կ. Պոլսի «Արամյան թատրոնում». հայտնի էին պարողներ Գևորգ Չիլինկիրյանը (Ձեննե Գևորգ), Թագուհին, Անտիկը, Մառին և ուրիշներ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/16/Dancers_of_Armenian_National_Ballet_from_Yerevan_in_Washington_01.jpg/640px-Dancers_of_Armenian_National_Ballet_from_Yerevan_in_Washington_01.jpg)
Բեմական պարի զարգացմանը մեծապես նպաստել է հայկական օպերետային թատրոնը, որտեղ պարային տեսարաններում հանդես են եկել դերասանուհիներ Անտիկ Չուխաճյանը, Գոհարիկ Շիրինյանը, Վիրգինիա Գարագաշյանը, Աստղիկը։ Պարերը բեմադրել է Երանոս Չափրաստը, որը հիմնադրել է նաև կենցաղային պարահանդեսային պարի դպրոցներ Կ. Պոլսում (1868), ապա՝ Զմյուռնիայում և Ադանայում։
1860-70-ական թթ-ից պարեր են ստեղծել հասարակական գործիչ Գալուստ Կոստանդյանը, դերասաններ Գարեգին Ռշտունին և Սերովբե Պենկլյանը։ Կոմպոզիտոր Տիգրան Չուխաճյանն իր «Արշակ Բ» և «Զեմիրե» օպերաներում ստեղծել է բազմաթիվ կենցաղային պարեր, օպերետներում («Արիֆ», «Քյոսե Քեհյա», «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»)՝ պարային տեսարաններ, ինչպես և բալետային ինտերմեդիաներ։ 1870-ական թթ-ից արևելահայ թատրոնում կատարվել են հայկական և ասիական պարեր՝ թե՝ հայ դրամատուրգների (Հովհաննես Գուրգենբեկյան, Միքայել Տեր-Գրիգորյան, Գաբրիել Սունդուկյան և ուրիշներ) պիեսների բեմադրություններում, թե՝ համերգներում։ 1900-ին Վերգինե Խաչիկյանը (Կ. Պոլիս) արևելյան պարերով Փարիզում մասնակցել է համաշխարհային փառատոնի։ 20-րդ դ-ի սկզբին Արշակ Պեևկլյանի, Ամիրագոյի (Պողոս Ամիրաղյան), Հովսեփ Ոսկանյանը, Բաղդասարյան-Սոտաբյանի օպերետային խմբերում հանդես են եկել հայ պարողներ ու պարուհիներ, առավել աչքի են ընկել դերասանուհիներ Արուս Ոսկանյանը, Լյուսի Սևումյանը, Մաշա Սուրաբյանը։