Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն From Wikipedia, the free encyclopedia
Հալեպի թեմ[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Մերձավոր Արևելքի տարածքում գտնվող, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է Սիրիայի խոշորագույն՝ Հալեպ քաղաքի առաքելական հայության և երկրի հյուսիսարևմտյան մարզերի հոգևոր կյանքը։ Առաջնորդանիստը՝ Հալեպի սրբոց Քառասնից Մանկաց տաճարն է (15-րդ դար)։ Թեմի առաջնորդն է Շահան Ա. արքեպիսկոպոս Սարգիսյանը։
Հալեպի հին «Բերիա» անունով թեմը ժամանակին կոչվել է նաև «Բերիո թեմ», սակայն այդ անունն է կրում Հայ կաթողիկե եկեղեցու համանուն թեմը։
1660-ական և 1920-ական թվականներին Հալեպը եղել է Կիլիկիո կաթողիկոսության վարչական և հոգևոր կենտրոնը։ Հալեպի թեմից զատ՝ Կիլիկիո աթոռի համակարգմամբ Սիրիայում գործում է Ջեզիրեի թեմը, իսկ մնացած հայաբնակ շրջանների և Հալեպի թաղերի եկեղեցիները կառավարում են թաղական խորհուրդները։ Թեմի հնագույն եկեղեցիներից է Հալեպի Սուրբ Աստվածածինը (առաջնորդանիստ եկեղեցու տարածքում, այժմ՝ Զարեհյան թանգարան), որը եղել է ուխտատեղի ոչ միայն հայերի, այլև այլազգիների համար։
Հալեպի թեմի հովանու տակ են գործում «Զարեհյան» գանձատունը (1991), «Արամ Մանուկյան» ժողովրդային տունը (բաղկացած է ներքնահարկի «Սպիտակ» երիտասարդական սրահից, «Լևոն Շանթ» մշակութային սրահից, «Անի» ճաշասրահից, «Դալար» սրճարանից)։ Առաջնորդանիստ եկեղեցուն կից են «Օշական» գրատունը (1989), «Արևելք» տպարանը (1946) և այլն։ Գործում են նաև ուսումնական, դատաստանական, առողջապահական, ընկերային ծառայության, կրոնական դաստիարակության, թաղական խորհուրդները, կալվածների հոգաբարձությունը, վերաքննիչ ատյանը, շինարարական խորհրդատու մարմինը, հոգաբարձական և խնամակալական կազմերը, «Հովսեփ և Անահիտ Մարգարյան» փոխատվության և «Կյանք մը փրկենք» հիմնադրամները։
Հալեպում գործում են սուրբ Գրիգոր Լուսավորիչ, սուրբ Վարդան, սուրբ Գևորգ, սուրբ Հակոբ, սուրբ Աստվածածին եկեղեցիները, պաշտոնավարում է 14 քահանա։
Թեմի տարածքում են գտնվում՝ Արամոյում՝ սուրբ Ստեփանոս (12-րդ դար, նորոգվել է 1958 թվականին), Լաթաքիայում՝ սուրբ Աստվածածին (10-րդ դար), Կարադուրանում՝ սուրբ Աստվածածին (նորոգվել է 1960 թվականին), Յակուբիեում՝ սուրբ Հռիփսիմե (նորոգվել է 1954 թվականին), Քեսաբում՝ սուրբ Աստվածածին (19-րդ դար), Ռաս ալ-Այնում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցիները, Յակուբիեում՝ Սուրբ Աննա ուխտատեղի-մատուռը, Մարկատեում՝ Սուրբ Հարություն մատուռը (1995), Քյորքյանեում՝ Սուրբ Ստեփանոս ուխտատեղին (գործել է մինչև 19-րդ դարի սկիզբը)։ Դեյր էզ Զորում գործել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին (1931), որը նորոգումից հետո վերաօծվել է և վերանվանվել Սուրբ Նահատակաց եկեղեցի (1990)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.