Հագուստի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Հագուստի և տեքստիլի պատմությունը զբաղվում է տեքստիլների և այլ նյութերի ի հայտ գալու և օգտագործման ուսումնասիրությամբ։ Գործվածքների պատմությունը ուսումնասիրելը նաև օգնում է հետևել մարդկային պատմության ընթացքում հագուստի տեխնոլոգիայի զարգացմանը։ Հագուստ կրելը զուտ մարդկային բնութագիր է և մարդկային հասարակության մեծ մասի առանձնահատկությունը։ Հայտնի չէ, թե երբ են մարդիկ սկսել հագուստ կրել, բայց մարդաբանները կարծում են, որ կենդանիների կաշիները և բուսականությունը օգտագործվում էին որպես պաշտպանություն ցրտից, շոգից և անձրևից, մանավանդ, երբ մարդիկ գաղթում էին նոր կլիմայով վայրեր։ Հագուստը և տեքստիլը կարևոր նշանակություն են ունեցել մարդկության պատմության մեջ։ Դրանք ցույց են տալիս, թե ինչ նյութեր են եղել տարբեր քաղաքակրթություններում, տարբեր ժամանակներում և ինչ տեխնոլոգիաներ են օգտագործվել դրանց ստեղծման համար։ Պատրաստի արտադրանքի սոցիալական արժեքն արտացոլել է նրանց մշակույթը։
Մանրաթելերը կարելի է շուռ ու մուռ տալ և ստանալ պատրաստի մանվածք, որը կարելի է օգտագործել գործելու համար կամ հյուսվածքներում` կտոր ստանալու համար։ Կտորի նման տեսակ հայտնաբերվել է հին քարի դարում Մերձավոր Արևելքի տարածքում[1]։ Հին ժամանակներից մինչ օրս տեքստիլ արտադրության մեթոդները շարունակաբար զարգացել են, և մատչելի տեքստիլների ընտրությունը ազդել է մարդկանց հագնվելու և զարդարվելու ձևի վրա[2]։
Հագուստի և տեքստիլի ուսումնասիրության համար օգտագործել են հնագիտության միջոցով հայտնաբերված նյութական մնացորդներ։ Տարբեր տեքստիլների արտադրությունը և դրանց արտադրության գործընթացը լայնորեն ներգրավվել է արվեստում, ինչը նույնպես օգնել է ուսումնասիրությանը։ Կան փաստաթղթեր, որոնք վերաբերում են գործվածքների, գործիքների և պատրաստի հագուստի արտադրությանը, առքին, օգտագործմանը և առևտրին։ Գործվածքների պատմությունը, հատկապես դրա վաղ փուլերի ուսումնասիրությունը նյութական մշակույթի ոլորտի հետազոտությունների մի մասն է։