ՀՀ կենսամակարդակ
From Wikipedia, the free encyclopedia
Կենսամակարդակ, մարդու ֆիզիկական, հոգևոր և սոցիալական պահանջների բավարարման մակարդակի ինտեգրալ բնութագրիչ է։ Այն արտահայտվում է ցուցանիշների համակարգով, որոնք արտացոլում են մեկ շնչի հաշվով սպառվող ապրանքների և ծառայությունների ծավալները, առավել կարևոր ապրանքների բնական սպառման չափերը, մեկ շնչի հաշվով իրական եկամուտները, բնակարանով, տարբեր տեսակի կոմունալ ծառայություններով, տրանսպորտով, կապի միջոցներով ապահովվածությունը, կրթության, առողջապահության համակարգի, ինչպես նաև մշակութային կյանքի հասանելիությունը։ Միջազգային չափանիշների համաձայն՝ կենսամակարդակը բնութագրող ցուցանիշների թվին են դասվում զբաղվածությունը, աշխատանքի պայմանները՝ այդ թվում և գործազրկությունը և աշխատաժամանակի տևողությունը անձի սոցիալական երաշխիքները, անվտանգության պայմանները, ժողովրդագրական, բնապահպանական և առողջապահական ցուցանիշները, արդյունաբերական ապահովվածությունը՝ հաշվի առնելով սպառողական ապրանքների գները, նյութական և ֆինանսական կուտակումները, սոցիալական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը, սոցիալական տարբերակվածությունը, գործազրկության, խտրականության, սղաճի, հանցագործության մակարդակը և այլն։ Կենսամակարդակի կարևոր ամփոփիչ ցուցանիշ է բնակչության կյանքի տևողությունը։ Սահմանադրության համաձայն՝ պետությունն անհրաժեշտ միջոցներ է ստեղծում, որպեսզի յուրաքանչյուր ոք իր երկրում իր և իր ընտանիքի համար կարողանա ապահովել բավարար կենսամակարդակ։