From Wikipedia, the free encyclopedia
Կորդովայի պատմական կենտրոն (իսպ.՝ El centro histórico de Córdoba), Եվրոպայի ամենահին քաղաքներից մեկը։ 1994 թվականին Կորդովայի հին քաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, չնայած դեռևս 1984 թվականին այդ նույն հին քաղաքի մի մասը` Կորդովայի մզկիթը, արդեն հռչակվել էր Համաշխարահային ժառանգության օբյեկտ։ Կորդովան Անդալուզիայի ամենահին քաղաքն է։ Գտնվում է Իսպանիայի հարավարևմտյան մասում` Գվադալկիվիր գետի աջ ափին[1]։
Կորդովայի պատմական կենտրոն | |
Historic centre of Córdoba* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Գվադալկիվիր գետի ափի ջրաղացներից մեկը | |
Երկիր | Իսպանիա |
Տիպ | |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1984, 1994 (8-րդ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Կորդովան հիմնադրվել է Հռոմեական կայսրության շրջանում` մ. թ. ա. 2-րդ դարում, երբ նրա զբաղեցրած տարածքը գտնվում էր Կարթագենի տիրապետության տակ[2][3]։ Կորդովան եղել է տուրդետան ցեղի կենտրոնը։ Քաղաքը հռոմեացիները գրավել են Երկրորդ Պունիկյան պատերազմի ժամանակ (մ. թ. ա. 218-201): Կորդուբան (Կորդովա) եղել է առաջին քաղաքը, որ Հռոմը հիմնադրել է այդ տարածքում։ Օկտավիանոս Օգոստոս կայսեր օրոք այն եղել է հին հռոմեական Բետիկա նահանգի գլխավոր քաղաքը։ Մ. թ. ա 25-14 թվականներին` Օգոստոսի կառավարման շրջանում, քաղաքի սահմաններն ընդարձակվել են, և Կորդովան զբաղեցրել է Գվադալկիվիրի գետի երկու ափերի տարածքները։ Քաղաքը ենթարկվել է վանդալների, Բյուզանդիայի, վեստգոթերի նվաճումներին, իսկ 711 թվականին այն նվաճվել է Արաբական խալիֆայության զորքերի կողմից։ 721 թվականին այստեղ առաջին անգամ կառուցվել է մզկիթ։ 756 թվականին Կորդովան դարձել է Կորդովայի ամիրայության, իսկ 929 թվականին՝ Կորդովայի խալիֆայության մայրաքաղաքը։ 8-րդ դարի սկիզբը նշանավորվել է Կորդովայի զարգացմամբ։ Մուսուլմանների կողմից նվաճումը քաղաքին տվել է արևելյան դիմագիծ. կառուցվել են մի քանի հարյուր մզկիթներ, պալատներ ու հասարական շինություններ[4]։
10-րդ դարում քաղաքը հասել է իր զարգացման գագաթնակետին։ Այն դարձել է լուսավորության ու գիտության կենտրոններից մեկը, ունեցել է մինչև մեկ միլիոն բնակիչ, բազմաթիվ պալատներ, մզկիթներ, քարվանսարաներ և եղել է արաբական գիտության, պոեզիայի ու արվեստի կենտրոն։ Կորդովայի խալիֆայության անկումից հետո` 1031 թվականին, Կորդովան կարողացել է պահել իր ինքնուրույնությունը մինչև 1070 թվականը, երբ սկսվել է ենթարկվել Սևիլիայի ամիրայությանը։ Ռեկոնկիստայի շրջանում` 1236 թվականին, քաղաքն անցել է Կաստիլիայի արքա Ֆերդինանդ III-ի տիրապետության տակ և հետագայում սկսել է հիշատակվել որպես Կաստիլիայի, ապա նաև Իսպանիայի տարածք։ Ֆերնանդոն վերականգնում է Կորդովայի եպիսկոպոսությունը, որ գոյություն է ունեցել 294 թվականից և դադարել գոյություն ունենալուց 10-րդ դարի վերջին։ 1482 թվականին կատարվել է առաջին հրադատությունը։ 1523 թվականին մզկիթային համալիրի կենտրոնում սկսվել է կաթոլիկ մեծ վանքի շինարարությունը։
17-րդ դարում Կորդովան հայտնվել է ճգնաժամում, ինչը բացասական ազդեցություն է ունեցել քաղաքի զարգացման վրա։ 1767 թվականին ճիզվիտները վտարվել են Կորդովայից և ընդհանրապես Իսպանիայից[1]։ 18-րդ դարում քաղաքը դարձյալ սկսում է զարգացում ապրել, սակայն դարակեսին միջնադարյան պատի ավերումը բացասական ազդեցություն է թողնում քաղաքի հետագա զարգացման վրա։
20-րդ դարում ժողովրդագրական աճը դառնում է քաղաքային նոր թաղամասերի առաջացման պատճառ։ 21-րդ դարում Կորդովայում կարելի է գտնել տարբեր ժամանակների նյութական հուշարձաններ` կամուրջներ, պատեր, աշտարակներ, ամրոցային դարպասներ, ջրաղացներ, մզկիթներ, եկեղեցիներ, մենաստաններ, պալատներ և այլն։
Մզկիթի շինարարությունը սկսվել է 786 թվականին՝ մուսուլմանների կողմից Կորդովան նվաճելուց հետո։ Այն մեծությամբ երրորդ մզկիթն է աշխարհում։ Մզկիթի շենքը կարծես մայր տաճար լինի։ Ամեն նվաճողից հետո մզկիթը ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների։ Աբր ար Ռախման 3-րդը կառուցել է նոր մինարեթ, Ալ Հաքամ 2-րդը 961 թվականին ընդարձակել է հրապարակը և հարստացրել միհրաբը, Ալ Մանսուր Իբն Աբի Աամիրը 987 թվականին իրականացրել է վերանորգում։ Ֆերդինանդ 3-րդ Կաստիլացու կողմից 1236 թվականին Կորդովան գրավելուց հետո մզկիթը վերածվել է քրիստոնեական եկեղեցու[5]։
Ներկայումս այն հռոմեակաթոլիկական տաճար է։
Պատկերասրահ
Կորդովայի Հռոմեական կամուրջը 16-կամարանի կամուրջ է` 250 մ երկարությամբ։ Այն կառուցվել է հռոմեացիների կողմից Գվադալկիվիր գետի վրա մ. թ. 45 թվականին՝ Մունդի ճակատամարտից հետո։ Կամուրջը եղել է Հռոմից Կադիս տանող ճանապարհի հատվածում և կոչվել Ավգուստինյան։ Եղել է քաղաքի միակ կամուրջը։ 8-րդ դարում այն վերակառուցել են մավրերը, հետագայում` քրիստոնյա իշխանավորները։ Որոշ տվյալներով վերջին փոփոխությունները կատարվել են 1876 թվականին։ 14-րդ դարում կամրջի համալիրին հարավային կողմից ավելացվել է Կալաորի աշտարակը, իսկ 16-րդ դարում հակառակ կողմից` Պուերտա դել Պուենտեի մուտքի դարպասները (իսպաներենից թարգմանաբար նշանակում է «կամրջի դռներ»). դրանք որոշ ժամանակ եղել են նաև Կորդովայի պատմական կենտրոնի մուտքը ամրոցային պատից։ Դարպասները կառուցվել են 1571 թվականին ճարտարապետ Գերման Ռուիսի նախագծով Վերածննդի ոճով[6]։ 17-րդ դարում կամրջի կենտրոնում քանդակագործ Բերնաբե Գոմես դել Ռիոն կանգնեցրել է հրեշտակապետ Ռաֆայելի մարմարե քանդակը։ Ռաֆայելը պատկերված է սյան վերին հատվածում, իսկ նրա ոտքերի մոտ նրան փառաբանում են հրեշտակները։
2004 թվականից Հռոմեական կամուրջը բաց է միայն հետիոտների համար[7]։
Պատկերասրահ
Կորդովայի Եպիսկոպոսական պալատը գտնվում է քաղաքի պատմական կենտրոնի սրտում` Կորդովայի մզկիթի արևմտյան ճակատի դիմաց։ Պալատը կառուցվել է 16-րդ դարում. այդ ժամանակաշրջանում այն եղել է խալիֆների ալկասար և վեստգոթերի իշխանական նստավայր, սակայն քաղաքի նվաճումից հետո այն վերակառուցվել է, ավելացվել են մի քանի շինություններ` պալատը դարձնելով եպիսկոպոսական նստավայր։ 1745 թվականին պալատում մեծ հրդեհ է բռնկվել, ինչից հետո այն վերակառուցվել է։ 18-րդ դարում կառուցվել է պալատի ներքին բակը[8]։
Ներկայումս այս շենքում է տեղակայված Թեմական թանգարանը, որի բացումը կայացել է 1989 թվականին։ Թանգարանի սրահներից մեկում կախված են Կորդովայի բոլոր եպիսկոպոսների դիմանկարները` սկսած 1238 թվականից[9]։
Պատկերասրահ
Սան հիվանդանոցը գտնվում է Կորդովայի մզկիթի տաճարի արևմտյան ճակատամասի դիմաց։ Շինությունը կառուցվել է 16-րդ դարում։ 16-19-րդ դարերում շենքում գործել է հիվանդանոց մայրերի ու մանուկների համար, իսկ 1981 թվականից մինչ օրս այնտեղ է տեղակայված Կոնգրեսի պալատը, ինչպես նաև Զբոսաշրջության գրասենյակը[10]։
Շենքի հիմնական մասը մենաստանն է, որ կառուցված է մավրիտանական ոճով, իսկ ժամատունը` գոթական ոճով։ Շենքի ճարտարապետը Էրնան Ռուիզ I-ն է, ով 1514 թվականին ավարտել է շենքի ճակատամասի կառուցումը։
Պատկերասրահ
Կորդովայի սինագոգը գտնվում է քաղաքի հրեական թաղամասի փողոցներից մեկում։ Այն կառուցված է մուդեխար ոճով։ Սինագոգը համանման միակ շինությունն է ողջ Անդալուզիայում և երեք սինագոգերից մեկը Իսպանիայում։ 1315 թվականին սկսվել է սինագոգի շինարարությունը։ 1391 թվականին Կորդովայի հրեական բնակչության կոտորածի ժամանակ այն գրեթե ամբողջովին ոչնչացել է։ Հրեաների վտարումից հետո` 1492 թվականին, սինագոգը տերբեր ժամանակներում օգտագործվել է որպես հիվանդանոց, եկեղեցի, մանկապարտեզ[11]։
1884 թվականին Կորդովայի սինագոգը հռչակվել է Իսպանիայի ազգային հուշարձան։ 2016 թվականին սինագոգը դարձել է Կորդովայի` ամենաշատ այցելուներ ունեցող երկրորդ շինությունը[12]։
Պատկերասրահ
Ալկասարը կառուցվել է 1328 թվականին Ալֆոնսո XI արքայի կողմից։ Այն եղել է Իզաբելլա I Կաստիլացու և Ֆերդինանդ II Արագոնցու նստավայրը։ Ալկասարը եղել է Էնրիկե IV-ի և Ալֆոնսոյի միջև քաղաքացիական պատերազմի վայրը, որի ընթացքում նորացվել են պաշտպանական կառույցները։ Այս նույն ժամանակաշրջանում է կառուցվել Ալկասարի աշտարակը, որը ներկայումս հայտնի է Ինկվիզիցիայի աշտարակ անունով[13]։ Ալկասարի աշտարակը քառակուսի է։ Նրա մակերեսը կազմում է 4.100 մ², իսկ այգիների մակերեսը` 55.000 մ²։ Կառույցն ունի 4 աշտարակ[14]։
1931 թվականին Ալկասարը հռչակվել է պատմական հուշարձան, ինչից հետո կատարվել են վերականգնողական աշխատանքներ[14]։
Պատկերասրահ
Աշտարակը կառուցվել է 12-րդ դարի վերջին` Իսպանիայում մուսուլմանական գերիշխանության շրջանում որպես պաշտպանական կառույց Գվադալկիվիրի ձախ ափին։ 14-րդ դարում, երբ Կորդովան նվաճում են քրիստոնյաները, շենքը վնասվում, ապա հետագայում վերակառուցվում է։ 1931 թվականին այն դարձել է մշակութային պահպանվող օբյեկտ։ Ներկայումս Կալաորի աշտարակում գործում է Անդալուզիայի պատմության ու տարբեր շրջանների մշակույթի թանգարանը[15]։ Այս թանգարանն անվանում են նաև Երեք մշակույթների թանգարան (մուսուլմանական, քրիստոնեական, հրեական)։ Շենքն ունի 14 սրահներ, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է Կորդովայի պատմության որոշակի շրջանի[16]։
Պատկերասրահ
Գվադալկիվիր գետի երկայնքով գետի երկու ափերին տեղակայված են ընդհանուր հաշվով 11 ջրաղաց։ 2009 թվականին դրանք հռչակվել են Անդալուզիայի պատմական ժառանգության օբյեկտներ[17]։ Դրանք են`
Կառուցվել է հռոմեական տիրապետության շրջանում։ Հռոմեացիների համար այն ծառայել է որպես հացահատիկ աղալու ջրաղաց։ Արաբների տիրապետության շրջանում խալիֆը հրամայել է վերափոխել ջրաղացը` փոխելով նաև նրա գործառույթը. այն ծառայել է ջուրը գետից արքայական նստավայր հասցնելու միջոց։ 15-րդ դարում ջրաղացի աղմուկի պատճառով, ինչը դուր չի եկել թագուհի Իզաբելլա I-ին, ջրաղացը չեն գործարկել։ 16-րդ դարում միաբանուհիները պատվիրել են վերականգնել ջրաղացը[18]։ Ջրաղացն ունի պատմական մեծ նշանակություն. այն եղել է առաջին տեղը, որտեղ եվրոպացիները սկսել են թուղթ արտադրել, որը նախկինում ներմուծում էին Չինաստանից[19]։
Պատկերասրահ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.