Կոնտակտային ոսպնյակներ
From Wikipedia, the free encyclopedia
Կոնտակտային ոսպնյակները աչքի մակերևույթի վրա տեղադրվող ոսպնյակներ են։ Կոնտակտային ոսպնյակները համարվում են բժշկական սարքեր և կարող են օգտագործվել տեսողության շտկման, կոսմետիկ կամ թերապևտիկ նպատակներով[1]։ Ըստ 2004 թվականի գնահատումների՝ աշխարհում 125 միլիոն մարդ օգտագործում է կոնտակտային ոսպնյակներ[2]։ 2010 թվականին կոնտակտային ոսպնյակների համաշխարհային շուկան գնահատվել է 6,1 միլիարդ դոլար։ Բազմաթիվ վերլուծաբանների գնահատմամբ, լինզաների համաշխարհային շուկան 2015 թվականին կկազմի 11,7 մլրդ դոլար[3]։ 2010 թվականի դրությամբ, կոնտակտային լինզաներ օգտագործողների միջին տարիքը 31 տարեկանն էր, իսկ երկու երրորդը՝ կանայք են[4]։
Մարդիկ կրում են կոնտակտային ոսպնյակներ բազմաթիվ պատճառներով։ Այն մարդիկ, ովքեր ունեն տեսողության խնդիր, սակայն չեն ցանկանում ակնոց կրել, կրում են լինզաներ։ Ոմանք էլ կրում են կոսմետիկ նպատակներով՝ ցանկանալով փոխել աչքի գույնը։ Ի տարբերություն ակնոցների կոնտակտային ոսպնյակները ապահովում են ամբողջական տեսողություն, չեն խոնավանում (անձրևից, ձնից, խտացումից և այլն) կամ քրտնում։ Կոնտակտային լինզաները հատկապես նախընտրում են մարդիկ, ովքեր զբաղվում են սպորտով, կամ պարզապես ակտիվ կենսակերպ են վարում[5]։ Բացի այդ կոնտակտային լինզաներ կրելու դեպքում մարդիկ կարող են կրել իրենց ցանկացած արևային ակնոցը։
Կոնտակտային լինզաների շուկան հակված է աճի, քանի որ աչքի հետ կապված խնդիրները՝ աստիգմատիզմը, հեռատեսությունն ու կարճատեսությունը, գնալով ավելի տարածված են դառնում։ Աճին նպաստող մյուս գործոններն են նաև բնակչության մեծացումը, նորաձևությունը, տեխնոլոգիական առաջընթացը։ Ըստ կանխատեսումների 2020 թ. կոնտակտային լինզաների շուկայի արժեքը կհասնի 13.5 միլիարդ դոլարի[6]։