![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ae/2DU_Kenya_84_%25285367322092%2529.jpg/640px-2DU_Kenya_84_%25285367322092%2529.jpg&w=640&q=50)
Կլիմայի փոփոխություն և գենդեր
From Wikipedia, the free encyclopedia
Կլիմայի փոփոխություն և գենդեր (անգլ.՝ Climate change and gender), կլիմայի փոփոխության տարատեսակ ազդեցությունները տղամարդկանց և կանանց վրա մեկնաբանելու միջոց[1], որը հիմնված է գենդերային դերերի և հարաբերությունների սոցիալական կառուցվածքի վրա[2]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ae/2DU_Kenya_84_%285367322092%29.jpg/640px-2DU_Kenya_84_%285367322092%29.jpg)
Կլիմայի փոփոխությունը մեծացնում է գենդերային անհավասարությունը[3], նվազեցնում է կանանց՝ ֆինանսապես անկախ լինելու կարողությունը[4] և ընդհանուր բացասական ազդեցություն է ունենում կանանց սոցիալական և քաղաքական իրավունքների վրա, հատկապես այն տնտեսություններում, որոնք մեծապես հիմնված են գյուղատնտեսության վրա[3]։ Շատ դեպքերում գենդերային անհավասարությունը նշանակում է, որ կանայք ավելի խոցելի են կլիմայի փոփոխության բացասական ազդեցության հանդեպ[5]։ Դա պայմանավորված է գենդերային դերերով, մասնավորապես զարգացող երկրներում, որը նշանակում է, որ գոյատևման և եկամտի հարցում կանայք հաճախ կախված են բնական միջավայրից։ Էլ ավելի սահմանափակելով կանանց արդեն սահմանափակված հասանելիությունը ֆիզիկական, սոցիալական, քաղաքական և ֆինանսական ռեսուրսներին՝ կլիմայի փոփոխությունը հաճախ ավելի շատ ծանրաբեռնում է կանանց, քան տղամարդկանց ու կարող է մեծացնել առկա գենդերային անհավասարությունը[1][6][7][8]։
Գենդերային հիմքով տարբերություններ են հայտնաբերվել նաև իրազեկվածության, պատճառահետևանքային կապի և կլիմայի փոփոխությանն արձագանքելու հետ կապված, և շատ երկրներ մշակել և իրականացրել են գենդերային հիմքերով կլիմայի փոփոխության ռազմավարություններ և գործողությունների ծրագրեր։ Օրինակ՝ Մոզամբիկի կառավարությունն 2010 թվականի սկզբին ընդունել է գենդերի, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ռազմավարություն և գործողությունների ծրագիր՝ հանդիսանալով աշխարհում այդպես վարված առաջին կառավարությունը[9]։
Կլիմայի փոփոխության մեջ գենդերի վերլուծությունը, սակայն, չի սահմանափակվում միայն կանանցով[10]։ Դա նշանակում է նաև, որ քանակական տվյալների հիման վրա ոչ միայն կիրառվում է երկուական գենդերային համակարգի վերլուծություն, այլ նաև տրամաբանական կառույցների մանրազնին ուսումնասիրություն, որը ձևավորում է կլիմայի փոփոխության հետ կապված ուժային հարաբերությունները[11] և հաշվի է առնում, թե ինչպես է գենդերը, որպես կլիմայի փոփոխության վերաբերյալ արձագանքների վրա ազդող սոցիալական գործոն, հատվում այլ փոփոխականների հետ, ինչպիսիք են՝ տարիքը, դասակարգը, ընտանեկան կարգավիճակը և էթնիկ պատկանելիությունը[12]։