Խոնարհում
բայի այն փոփոխությունը, որով արտահայտվում են գործողության կատարման եղանակը, ժամանակը, դեմքը և թիվը։ / From Wikipedia, the free encyclopedia
Խոնարհում, բայի այն փոփոխությունը, որով արտահայտվում են գործողության կատարման եղանակը, ժամանակը, դեմքը և թիվը։
Խոնարհման ձևերն ունենում են համադրական և վերլուծական կազմություն։ Տարբեր լեզուներում բայի եղանակների և ժամանակների, հետևաբար, սրանց համապատասխան բայաձևերի, քանակը տարբեր է։ Արդի հայերենն ունի հինգ եղանակ, սրանցում բաշխված բացարձակ կամ իրադրական երեք գլխավոր ժամանակների (ներկա, անցյալ, ապառնի) և անցյալ ժամանակների նկատմամբ առնված հարաբերական ժամանակների բավականին ներդաշնակ համակարգ։
Հայերենի խոնարհման ձևերը կազմվում են բայի ներկայի և անցյալ կատարյալի հիմքերից։ Ըստ անորոշ դերբայի լծորդության՝ բայերը լինում են «ա» կամ «ե», արևմտահայերենում՝ նաև «ի» խոնարհման։ Ըստ ստորոգման բովանդակության խոնարհումը լինում է դրական և ժխտական, ըստ կազմության օրինաչափությունների՝ կանոնավոր և անկանոն։ Խոնարհման համակարգը պատմականորեն փոփոխվող երևույթ է։
Արդի արևելահայերենի խոնարհումը, առաջացած լինելով «ում» ճյուղի բարբառների խոնարհումից, միաժամանակ գրաբարի խոնարհման պատմական զարգացման արդյունքն է։ Արևմտահայերենի խոնարհումը որոշ կողմերով ավելի հարազատ է գրաբարին, քան արևելահայերենինը։ Գրաբարի խոնարհմանը բնորոշ են բայաձևերի համադրական կազմությունը, եղանակա-ժամանակային ձևերի բազմիմաստությունը, այլաձևությունները։ Արևելահայերենի խոնարհումն առավելապես դերբայական է, կանոնավոր և ունի եղանակա-ժամանակային իմաստների հատուկ տարբերակում։