![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/28/AcuteCholMark.png/640px-AcuteCholMark.png&w=640&q=50)
Խոլեցիստիտ
Լեղապարկի բորբոքումը' լեղաքարային հիվանդության ամենատարածված բարդություններից է / From Wikipedia, the free encyclopedia
Խոլեցիստիտ (հունարեն՝ cholē` լեղի + kýstis` պղպջակ), լեղապարկի բորբոքում[1]։ Ախտանիշները ներառում են որովայնի վերին հատվածի ցավը, սրտխառնոցը, փսխումը և հաճախ ջերմության բարձրացումը[2]։ Երբեմն լեղապարկի ցավային նոպաները նախորդում են սուր խոլեցիստիտին[2]։ Խոլեցիստիտի ժամանակ լեղապարկի տիպիկ ցավային նոպան (լեղապարկային խիթ) տևում է երկար[2]։ Առանց համապատասխան բուժման նոպաները կարող են հաճախակի կրկնվել[2]։ Սուր խոլեցիստիտի բարդություններն են ենթաստամոքսային գեղձի լեղաքարային բորբոքումը (լեղաքարային պանկրեատիտ), ընդհանուր լեղածորանի քարերը, ընդհանուր լեղածորանի բորբոքումը[1][2]։
Խոլեցիստիտ Cholecystitis | |
---|---|
![]() Լեղապարկի բորբոքում | |
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | լեղապարկի քարեր, այլ հիվանդություններ |
Հիվանդության ախտանշաններ | Որովայնի վերին աջ հատվածի ցավ, սրտխառնոց, փսխում, տենդ |
Վնասում է | լեղապարկը |
Բժշկական մասնագիտություն | ընդհանուր վիրաբուժություն, գաստրոէնտերոլոգիա |
Ռիսկի գործոններ | իգական սեռը, տարիքը, հղիությունը, օրալ հակաբեղմնավորիչները, ճարպակալումը, շաքարային դիաբետը, ազգությունը, քաշի արագ կորուստը |
Ախտորոշում | ուլտրաձայնային հետազոտություն |
Տարբերակիչ ախտորոշում | սուր պանկրեատիտ,լյարդի աբսցես, թոքաբորբ, սրտամկանի իշեմիա, լեղուղիների բորբոքում,ապենդիցիտ, հաստ աղու բորբոքում |
Բուժում | լեղապարկի վիրահատական հեռացում, լեղապարկի դրենաժ |
Տևողություն | կարճատև կամ երկարատև |
Կանխատեսում | Բուժման դիմելու դեպքում՝ լավ |
![]() |
Ավելի քան 90% դեպքերում սուր խոլեցիստիտը պարկային լեղածորանի քարով խցանման հետևանք է[2]։ Լեղաքարերի գոյացման համար ռիսկի գործոն են հակաբեղմնավորիչ դեղահաբերը, հղիությունը, լեղաքարային հիվանդության ժառանգական պատմությունը, ճարպակալումը, շաքարային դիաբետը, լյարդի հիվանդությունները, քաշի արագ կորուստը[3]։ Երբեմն սուր խոլեցիստիտն առաջանում է վասկուլիտի, քիմիոթերապիայի հետևանքով, մեծ վնասվածքներից կամ այրվածքներից ապաքինման շրջանում[4]։ Խոլեցիստիտի կասկած առաջանում է ախտանիշների և կլինիկական տվյալների հիման վրա[5]։ Սովորաբար ախտորոշման համար կիրառվում է ուլտրաձայնային հետազոտություն[5]։
Բուժման հիմնական մեթոդը լեղապարկի լապարասկոպիկ հեռացումն է, որը հնարավորության դեպքում պիտի կատարվի 24 ժամվա ընթացքում[6][7]։ Խորհուրդ է տրվում լեղուղիների ներվիրահատական տեսապատկերում[6]։ Առկա են հակասական տվյալներ անտիբիոտիկների պարտադիր կիրառման վերաբերյալ[5][8]։ Խորհուրդ է տրվում դրանք կիրառել, եթե վիրահատությունը հնարավոր չի եղել անցկացնել ճիշտ ժամանակին, կամ առկա են բարդություններ[5]։ Ընդհանուր լեղածորանում առկա քարերը կարող են հեռացվել նախքան վիրահատությունը՝ էնդոսկոպիկ եղանակով (ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա), կամ վիրահատության ընթացքում[6]։ Վիրահատության ընթացքում բարդություններ առաջանում են հազվադեպ[3]։ Այն մարդկանց մոտ, ովքեր չեն կարող ենթարկվել վիրահատության, կարելի է կիրառել լեղապարկային դրենաժներ[5]։
Զարգացած երկրներում հասուն մարդկանց 10-15%-ն ունի լեղապարկի քարեր[5]։ Կանանց մոտ դրանք ավելի տարածված են, քան տղամարդկանց, և առավել հաճախ հանդիպում են 40-ն անց տարիքում[3]։ Որոշ էթնիկ խմբերի մոտ քարերն ավելի տարածված են. օր.՝ ամերիկյան հնդկացիների 48%-ն ունի լեղապարկի քարեր[3]։ Լեղապարկի քար ունեցողների 1-4%-ի մոտ լեղային խիթ առաջանում է ամեն տարի[5]։ Բուժման չդիմելու դեպքում լեղային խիթ ունեցողների 20%-ի մոտ առաջանում է սուր խոլեցիստիտ[5]։ Լեղապարկի հեռացման դեպքում հիվանդության ելքը ընդհանուր առմամբ բարենպաստ է[3] Առանց բուժման կարող է առաջանալ քրոնիկ խոլեցիստիտ[9]։ Խոլեցիստիտ բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «cholecyst»-լեղապարկ, «-itis-»-բորբոքում[10]։