From Wikipedia, the free encyclopedia
Խաչված տղա («Սլավյանսկից փախստականը հիշում է, թե ինչպես նրա ներկայությամբ գլխատեցին աշխարհազորայինի փոքր որդուն ու կնոջը», ««Խաչված տղայի» մասին հեռուստասյուժե»), լրատվական հեռուստասյուժե, որը ցուցադրվել է 2014 թվականի հուլիսի 12-ին և 13-ին ռուսական հեռուստատեսության Առաջին ալիքով[1][2][3]։
Ռեպորտաժը պարունակել է կեղծ վկայություններ այն մասին, թե իբր ուկրաինացի ուժայինները ծաղրի են ենթարկել Սլավյանսկ քաղաքի բնակչությանը, որոնք այդ ժամանակ աջակցում էին Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությանը։ Ըստ ռուսական քարոզչության՝ ուկրաինացի զինվորականները, իբր, մոր աչքերի առաջ խաչել են երեքամյա տղա երեխային[4]։
Սկանդալային սյուժեն հանրային մեծ արձագանք է առաջացրել[5]։ Ոմանք դրանում տեսել են ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալիզմի և տեղեկատվական պատերազմում ռուսական պետական լրատվամիջոցների օգտագործման երևույթը՝ ատելություն և թշնամանք հրահրելու նպատակով, մյուսները՝ վկայություն այն մասին, որ «ապատեղեկատվությունը» և «սուտը» նորմալ երևույթ են դարձել ռուսական պետական լրատվամիջոցների համար, իսկ երրորդները՝ այդ հեռուստասյուժեն հիշատակում են, այսպես կոչված, «կես ճշմարտության քաղաքականության» դրսևորման ամենավառ օրինակների շարքում, որը վերջին շրջանում գերակա է դառնում հասարակական տարբեր համակարգերում, որտեղ Ռուսաստանը չի հանդիսանում բացառություն[6]։
2014 թվականի հուլիսի 12-ի երեկոյան Ռուսաստանի «Առաջին ալիքով» ցուցադրվել է «Սլավյանսկից փախստականը հիշում է, թե ինչպես նրա ներկայությամբ գլխատեցին աշխարհազորայինի փոքր որդուն ու կնոջը» հեռուստասյուժեն։ Դրանում մի կին, որը ներկայանում էր Անդրկարպատներից Գալինա Պիշնյակ անունով, պատմում էր դեպքերի մասին, որոնք, իբր, տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ուկրաինացի զինվորականները վերականգնել են վերահսկողությունը Սլավյանսկի նկատմամբ՝ այնտեղից դուրս մղելով Դոնբասի անջատողականների աջակիցներին[7][8]։
Քաղաքի կենտրոն։ Լենինի հրապարակ։ Մեր քաղգործկոմը միակ հրապարակն է, որտեղ կարելի էր քշել մարդկանց։ Հրապարակում հավաքեցին կանանց, որովհետև այլևս տղամարդ չկար։ Կանայք, աղջիկներ, ծերեր։ Եվ դա կոչվում է ցուցադրական մահապատիժ։ Վերցրին երեք տարեկան փոքր տղա երեխային, անդրավարտիքով, շապիկով, ինչպես Հիսուսին, մեխեցին հայտարարությունների տախտակին։ Մեկը մեխում էր, երկուսը պահում էին։ Եվ այդ ամենը մոր աչքերի առաջ։ Մորը բռնել էին։ Եվ մայրը նայում էր, թե ինչպես է երեխան արնաքամ լինում։ Բղավոցներ։ Ճիչեր։ Բացի դա, բռնեցին կտրվածքներ արեցին, որ երեխան տանջվի։ Այնտեղ անհնարին իրավիճակ էր։ Մարդիկ կորցնում էին գիտակցությունը։ Իսկ այն բանից հետո, երբ շուրջ մեկուկես ժամ երեխան տանջվում էր և մահացավ, վերցրին մորը, անգիտակից վիճակում կապեցին տանկին և հրապարակում երեք շրջան արեցին։ Իսկ հրապարակում մեկ շրջանը մեկ կիլոմետր է[9][10]։
«Առաջին ալիքով» այդ սյուժեն դարձյալ ցուցադրվել է հաջորդ օրը՝ 2014 թվականի հուլիսի 13-ին՝ Իրադա Զեյնալովայի կիրակնօրյա տեղեկատվական ծրագրի ժամանակ[2]։
Ինչպես պարզել են «Новая газета»-ի և «Slon.ru» ինտերնետային կայքի լրագրողները, դրանից ոչ շատ առաջ համանման հաղորդագրություններ արդեն իսկ հայտնվել էին սոցիալական ցանցերում.
Հարցազրույց տված կնոջ ինքնությունը գրեթե միանգամից բացահայտվել էր։ Նա իրոք Սլավյանսկի բնակչուհի Գալինա Պիշնյակն է, որն այդ քաղաք էր ժամանել Ուկրաինայի Անդրկարպատյան մարզից՝ նկարագրվող իրադարձություններից մի քանի տարի առաջ։ Ինչպես նշվում է, նրա ամուսինը եղել է տեղական ոստիկանության աշխատակից, որը միացել էր Իգոր Ստրելկովի ջոկատին[4][12]։
«Новая газета»-ի՝ սահմանամերձ Սլավյանսկ այցելած թղթակից Եվգենի Ֆելդմանը քաղաքի մի քանի տասնյակ բնակիչների հետ զրույցներ է ունեցել և նրանցից որևէ մեկը չի հաստատել աղմուկ առաջացրած սյուժեի տեղեկատվությունը։ Համանման արդյունքի է հանգել նաև «Дождь» հեռուստաընկերության լրագրողների կողմից իրականացված հետաքննությունը[12][13][14]։
Որևէ արդյունք չէին տվել նաև համացանցում փաստագրական նյութերի որոնումները, որոնք կարող էին հաստատել այդ պատմությունը, չնայած Սլավյանսկում ուկրաինացի զինվորականների գործողությունների վերաբերյալ բազմաթիվ ֆոտո և տեսանյութեր կան համացանցում[9]։
BBC-ի ռուսական ծառայության լրագրողները և «Новая газета»-ի լրագրող Օլգա Մուսաֆիրովան սյուժեից հայտնաբերել են որոշ պնդումներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Օրինակ՝ Սլավյանսկում չկա Լենինի հրապարակ, որտեղ իբր քշում էին տեղի բնակիչներին[4][10]։
«Новая газета»-ի լրագրողներ Օլգա Մուսաֆիրովան և Վիկտորյա Մակարենկոն հայտարարել են, որ «Առաջին ալիքի» հարավռուսական բյուրոյի ղեկավար Յուլիա Չումակովան, որը նկարահանել էր սկանդալային տեսանյութը, կատեգորիկ կերպով հրաժարվել է խոսել «Новая газета»-ի լրագրողների հետ և նրանց ուղղորդել հեռուստաընկերության հանրային կապերի հետ պատասխանատուներին։ Լրագրողները փորձում էին պարզել սյուժեի ստեղծման մանրամասները[15]։
Այդ սյուժեի վերաբերյալ հանրային մեծ արձագանքը կրկին ակտիվացավ 2014 թվականի դեկտեմբերի 18-ին՝ մամուլի հետ Վլադիմիր Պուտինի հերթական շփման ժամանակ։ Քսենյա Սոբչակը այն ներկայացրեց որպես ռուսական հեռուստատեսությունում թշնամանքի հրահրման վառ օրինակ։ Սակայն հարցն անպատասխան մնաց։ Երեք օր անց՝ դեկտեմբերի 21-ին, Իրադա Զեյնալովան «Время» ծրագրի եթերում հայտարարում է, որ «լրագրողները չեն ունեցել և չունեն այդ ողբերգության ապացույց, սակայն դա իրական գոյություն ունեցող կնոջ իրական պատմություն է, որը Սլավյանսկում փախել էր դժոխքից»[15][16][17]։
2021 թվականի ապրիլին «Дождь» հեռուստաընկերության «Fake News» հաղորդման ընթացքում ցուցադրվեց Պիշնյակի հետ հարցազրույցը, որտեղ նա հաստատում էր «խաչված տղայի» մասին իր խոսքերը[18]։
Ռուսական պետական կենտրոնական հեռուստաընկերությամբ «խաչված տղայի» սյուժեի ցուցադրումը հետազոտողների կողմից կիրառվել է որպես վկայություն այն բանի, որ ռուսական ժամանակակից ԶԼՄ-ներում նորմալ է դարձել ապատեղեկատվությունն ու սուտը[19][20][21][22][23][24]։ Լրագրող Արկադի Օստրովսկին համեմատականներ է տանում այս և այն հնարքների միջև, որոնք Ռուսական կայսրությունում կիրառվում էին հրեաների դեմ ատելություն հրահրելու նպատակով[25][26]։
Լրագրող Դևիդ Սեթերը իր «Ինչքան քիչ բան գիտեք, այնքան լավ եք քնում. Ելցինի և Պուտինի օրոք Ռուսաստանի ճանապարհը դեպի տեռոր և բռնապետություն» գրքում կարծիք է հայտնում, որ հեռուստասյուժեն ազգայնական հիստերիայի հրահրման նպատակ ուներ[27]։ Այս մտքի հետ համաձայն է նաև հրապարակախոս Լինդա Քինսթլերը, որը «The Atlantic» ամսագրում գրել է, որ հեռուստասյուժեն հասցրել է տարածվել համացանցի ռուսական հատվածում՝ ուժեղացնելով հակաուկրաինական տրամադրությունները և բնակչությանը տրամադրելով աջակցել մարտական գործողություններին[28]։
Լեզվաբան Օկսանա Իսերսը նշում է, որ սոցիալական ցանցերում այդ հեռուստասյուժեն համարում են լրագրողական կեղծիքի՝ «ակնհայտ ոչ հավաստի, անհեթեթ տեղեկատվության» օրինակ[29][30]։ Փաստերի ստուգման մասնագետ, լրագրող Եվգենի Ֆեդչենկոն, համեմատելով սյուժեն խաչված զինվորների վերաբերյալ համանման պատմությունների հետ, որոնք քարոզչական նպատակներով օգտագործվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, հեռուստասյուժեն անվանել է «քարոզչության հիանալի օրինակ» (անգլ.՝ good piece of propaganda)[31]։
«Fortune» ամսագրի խմբագիր Էն Ուանդերմեյն իր «The Wilson Quarterly» հոդվածում «խաչված տղային» դիտարկում է որպես ռուսական ղեկավարության առավել լայն տեղեկատվական-քարոզչական արշավի մաս, որի հիմնական ուղղություններին երբեմն անվանում են «4 D»` անգլ.՝ dismiss, distract, distort, dismay (հերքում, ուշադրության շեղում, փաստերի խեղաթյուրում, ահաբեկում)[32][33]։ «The Economist» ամսագրում հրապարակված հոդվածում Ռուսաստանի «Առաջին ալիքով» ցուցադրված սյուժեի «կեղծ գազանությունները» ներկայացվել են որպես վկայություն այն բանի, որ Ռուսաստանում, ինչպես աշխարհի մի շարք երկրներում, «կես ճշմարտության քաղաքականությունը» դառնում է քաղաքական մշակույթի գերակա ուղղություն[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.