From Wikipedia, the free encyclopedia
Լուիզ Մուայոն (ֆր.՝ Louise Moillon), (1610[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - դեկտեմբերի 21, 1696[1][4], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), բարոկկո դարաշրջանի ֆրանսիացի նկարչուհի, ունեցել է նատյուրմորտների լավագույն հեղինակի համբավ[5]։ Նրա աշխատանքներից գնել են Անգլիայի թագավոր Չառլզ Առաջինը, ֆրանսիացի ազնվականներ...[6]:
Լուիզ Մուայոն ֆր.՝ Louise Moillon | |
---|---|
Ծնվել է | 1610[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 21, 1696[1][4] |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Երկեր | Corbeille de prunes et panier de fraises?, Still Life with Apricots? և Q17583656? |
Մասնագիտություն | նկարչուհի և արվեստագետ |
Ծնողներ | հայր՝ Nicolas Moillon?, մայր՝ Marie Gilbert? |
Louise Moillon Վիքիպահեստում |
Մուայոնը ծնվել ու հասակ է առել կալվինականությանը հարող խստակենցաղ ընտանիքում, Փարիզում, 1609 կամ 1610 թվականին[6][7]։ Նրանց ընտանիքում յոթ երեխա էր մեծանում, որոնցից ևս մեկը՝ Իսահակը, նույնպես հետագայում նկարիչ է դարձել[8]։ Ընտանիքի հայրը՝ Նիկոլյան, բնանկարներ ու դիմանկարներ էր հեղինակում, զբաղվում էր նաև արվեստի գործերի վաճառքով, իսկ մայրը՝ Մարի Ժիլբերը, ոսկերիչի դուստր էր[7][9][10]։ Լուիզը նկարչության ասպարեզում իր առաջին քայլերն արել է հոր օգնությամբ, որը մահացել է, երբ աղջիկն ընդամենը տասը տարեկան էր։ Այդ ցավալի իրադարձությանը հաջորդած տարում մայրն ամուսնացել է Ֆրանսուա Գառնիեի հետ, ով նույնպես նկարիչ էր և արվեստի գործեր վաճառող։ Խորթ հայրը շարունակել է Նիկոլյայի թերի թողած գործը. նկարչության դասեր է տվել Լուիզին, զբաղվել նրա գեղարվեստական-գեղագիտական կրթության ու դաստիարակության գործով[11]։
Մուայոնների ընտանիքն ապրում էր Փարիզի մերձակայքում գտնվող Սեն Ժերմեն դե Պրե քաղաքում, որի բնակիչների մեջ մեծ թիվ էին կազմում Նիդերլանդներից գաղթած բողոքականները, այդ թվում՝ ոչ քիչ թվով նկարիչներ, որոնք Լուիզին օգնել են ծանոթանալու և խորամուխ լինելու նատյուրմորտներ ստեղծելու իրենց ավանդական ոճաձևերի մեջ՝ դրանով իսկ նպաստելով նրա ինքնատիպ ոճի ձևավորմանը[12]։
Մուայոնը մասնագիտացել է բացառապես նատյուրմորտներ նկարելու մեջ[7]։ Մրգերի ու ծաղիկների նրբագեղ, ակնահաճո, արտահայտիչ պատկերներին նրա նկարներում երբեմն ուղեկցում են մարդկային ֆիգուրներ[9]։ Նրա նկարներին բնորոշ է հանդարտությամբ տոգորված ընդհանուր խորապատկերին առանձին մանրամասների սուր, կտրուկ հակադրումը, ինչպես, օրինակ, տարաշխարհիկ, շողշողացող մրգի պատկերը մուգ ֆոնի վրա[9]։ Որ Մուայոնի արվեստը բարձր է գնահատվել իր ժամանակակիցների կողմից, վկայում է ոչ միայն նրա գործերի բարձրաստիճան, պատվարժան գնորդների առկայությունը, այլև 1646 թվականին արվեստագետ Ժորժ Սկուդերիի հրատարակած գրքում արտահայտված կարծիքը. վերջինս նրա անունը դնում է նատյուրմորտի վարպետներ Ժակ Լինարի ու Պետեր վան Բուկլեի անունների կողքին՝ նրանց երեքին համեմատելով Միքելանջելոյի, Ռաֆայելի ու Տիցիանի հետ[7]։ 1641 թվականին Լուիզը Բուկլեի ու Լինարի համագործակցությամբ ստեղծել է մրգերով ու ծաղիկներով մի մեծաչափ կոմպոզիցիա[6]։ Մուայոնն իր կտավների մեծ մասը նկարել է 1630-ական թվականներին՝ նախքան փարիզցի մեծահարուստ վաճառական Էտիեն Ժիրադո դը Շանկուրի հետ ամուսնանալը[13]։ Նրա վերջին աշխատանքը թվագրված է 1674-ով[6]։
Մինչև մեր օրերն են հասել նկարչուհու ստեղծագործություններից մոտավորապես չորս տասնյակը, որոնցից շատերի վրա նա թողել է Louyse Moillon ստորագրությունը[14]։ Չորս նատյուրմորտ, որ նախկինում վերագրվում էին Մուայոնին, հանվել են նրա աշխատանքների ցանկից. մասնագետների եզրակացությունների հիման վրա ներկայումս դրանց հեղինակ համարվում է ֆլամանդացի նկարիչ Օսիաս Բեերտը[15]։
Լուիզ Մուայոնը վախճանվել է 1696 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.