From Wikipedia, the free encyclopedia
Լիդիա, (մ.թ.ա.12-րդ դարից-մ.թ.ա.546), Հին աշխարհում պետություն Փոքր Ասիա թերակղզում, տարածվում էր Էգեյան ծովից մինչև թերակղզու խորքը[1]։ Մայրաքաղաքը Սարդիսն էր[2]։
Լիդիայի բնակչության ռասայական պատկանելությունը դեռևս անհայտ է։ Ընդհանրապես Լիդիայի բնակչության վրա մեծ ազդեցություն են ունեցել խեթերը. ինչպես ենթադրվում է, Լիդիայի թագավորական դինաստիաներից մեկը ունեցել է խեթթական ծագում։ Բնակչության խոսակցական լեզուն եղել է լիդիերենը, որը պատկանել է հնդեվրոպական լեզվաընտանքի անատոլիական խմբին։ Գրագրությունը կատարվել է լիդիական այբուբենով, որը նման է եղել հունականին։
Լիդիական մշակույթը իրենից ներկայացնոմ է շատ բազմազան ու բարդ երևույթ։ Իրենց այբբենական գրությունը լիդիացիները վերցրել են Փոքր Ասիայի հույներից։ Լիդիայում զարգացած է եղել բժշկությունը և դեղագործությունը։ Լիդիացիները կառուցել են անառիկ ամրոցներ, թագավորական դամբարաններ, բարդ արհեստական ջրամբարներ։
Լիդիական պետության պատմությունը մեզ է հասել անտիկ գրականությանը բնորոշ կիսաառասպելական տեսքով, ինչպես նաև դրվագային տեղեկություններ արևելյան, հատկապես ասորեստանյան աղբյուրներից։ Բայց ամենահավաստի տեղեկությունները Լիդիական թագավորության մասին մեզ են հասել հնագիտական պեղումների արդյունքում, որոնք իրականացվել են 1958 թվականից՝ Լիդիայի մայրաքաղաք Սարդի տեղանքում։ Քաղաքական կառավարման առումով Լիդիան միապետություն էր. պետության գլխավորը համարվում էր թագավորը։ Թագավորի իշխանության հենքը նրա թիկնազորն էր ու բանակը, հատկապես մեծ դեր ունեին լիդիական այրուձին և հանրահայտ մարտակառքերը։ Արտաքին և ներքին կարևոր հարցերում որոշումներ կայացնելու համար հավաքվում էր ազգային ժողովը, բայց թագավորական իշխանության ամրապնդման հետ աստիճանաբար այն կորցնում է իր նշանակությունը։ Լիդիական պետության ծաղկման սկիզբը համարվում է մ.թ.ա. 7-6-րդ դարերը, երբ իշխանության գլուխ անցավ Մերմնադների դինաստիան, որի հիմնադիրը համարվում է Գիգեսը։ Նա ծագում էր նշանավոր, բայց ոչ թագավորական տոհմից և իշխանությունը զավթել էր պալատական հեղաշրջման արդյունքում։
Լիդիայի տնտեսության հիմնական ուղղությունը հողագործությունն էր, քանի որ նրա աշխարհագրական դիրքը և կլիմայական պայմանները նպաստավոր էին հողագործությամբ զբաղվելու համար։ Անծայրածիր արոտավայրերը հնարավորություն էին տալիս զբաղվել նաև անասնապահությամբ, և հատկապես ձիաբուծությամբ։ Գտնվելով հունական և հին արևելյան մշակույթների հատման օղակում՝ Լիդիական պետությունը վարում էր ակտիվ առևտրական գործունեություն։ Համաձայն անտիկ աղբյուրների՝ Լիդիան համարվում է մետաղադրամի հայրենիքը։ Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են մեր թվականությունից առաջ 7-րդ դարի լիդիական մետաղադրամներ[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.