Լեյկեմիա
հիվանդությունների խումբ / From Wikipedia, the free encyclopedia
Լեյկեմիա, «արյան քաղցկեղների» համախումբ, որոնք սովորաբար սկսվում են ոսկրածուծից և բերում արյան մեջ ոչ նորմալ բջիջների շատացման[7]: Այս բջիջները հիմնականում հասունների բջիջ - նախորդներն են, կամ ավելի երիտասարդ ձևերը և կոչվում են բլաստներ կամ լեյկեմիկ բջիջներ[2]։ Հիվանդության ախտանիշների թվում կարող են լինել արյունահոսությունները և արյունազեղումները, հոգնածությունը, տենդը և զանազան ինֆեկցիաների (վարակ) հանդեպ պաշտպանունակության իջեցումը[2]: Ախտանիշները հիմնականում հետևանք են ծայրամասային արյան մեջ նորմալ ձևավորված բջիջների դեֆիցիտի[2]: Ախտորոշումը դրվում է արյան հետազոտությունների և/կամ ոսկրածուծից կենսանմուշի (բիոպսիա) ստացման հիման վրա[2]:
Լեյկեմիա | |
---|---|
Նախա -B բջջային սուր լիմֆոբլաստային լեյկեմիայով հիվանդի ոսկրածուծի կենսանմուշը մանրադիտակի տակ՝ ներկված ըստ Wright-ի։ | |
Պատճառ | Ժառանգական և միջավայրային գործոններ[1] |
Հիվանդության ախտանշաններ | արյունազեղումներ, արյունահոսություններ, տենդ, հաճախակի ինֆեկցիաներ[2] |
Բժշկական մասնագիտություն | Արյունաբանություն, Ուռուցքաբանություն |
Ռիսկի գործոններ | Ծխել, ընտանեկան պատմություն, իոնիզացնող ճառագայթներ, նախորդող քիմիոթերապիա, որոշ քիմիական միացություններ, Դաունի համախտանիշ[1][3] |
Ախտորոշում | Արյան հետազոտություն, ոսկրածուծի բիոպսիա[2] |
Բուժում | Քիմիոթերապիա, ճառագայթային թերապիա, թիրախային բուժում, ոսկրածուծի փոխպատվաստում[3] |
Մահացություն | 353,500 (2015)[4] |
Սկիզբը | Ցանկացած տարիք[3] |
Կանխատեսում | 5 տարվա ապրելիությունը 57% (ԱՄՆ)[5] |
Հանդիպման հաճախականություն | 2.3 միլիոն (2015)[6] |
Leukemias Վիքիպահեստում |
Լեյկեմիայի առաջացման հստակ պատճառները հայտնի չեն[1]։ Բազմիցս քննարկվել է ժառանգական և ոչ ժառանգական՝ միջավայրային գործոնների հնարավոր դերը լեյկեմիաների առաջացման գործում[1]։ Ռիսկի գործոնների թվում են ծխելը, իոնիզացնող ճառագայթները, որոշ քիմիական միացություններ (օր. բենզեն), նախկինում ստացած քիմիաթերապիան և Դաունի համախտանիշը[1][3]։ Մարդիկ, ովքեր ունեն լեյկեմիայի ընտանեկան պատմություն (ընտանիքում, կամ մոտ ազգակցական հարազատների շրջանում կան, կամ եղել են լեյկեմիայով հիվանդներ), նույնպես բարձր ռիսկի խմբում են[3]։ Տարբերում ենք լեյկեմիաների 4 հիմնական տիպեր ՝ սուր լիմֆոբլաստային լեյկեմիա (ՍԼԼ), սուր պրոմիելոցիտար (միելոբլաստային) լեյկեմիա (ՍՄԼ), քրոնիկ լիմֆոցիտար լեյկեմիա (ՔԼԼ) և քրոնիկ միելոցիտար լեյկեմիա (ՔՄԼ), ինչպես նաև բազում այլ ավելի հազվադեպ հանդիպող ձևեր[3][8]։ Լեյկեմիաները և լիմֆոմաները երկուսն էլ պատկանում են ուռուցքների այն հսկա ընտանիքին, որոնք ախտահարում են արյունը, ոսկրածուծը, լիմֆոիդ համակարգը և հայտնի են որպես հեմատոպոետիկ և լիմֆոիդ հյուսվածքների ուռուցքներ[9][10]։
Լեյկեմիաների բուժման եղանակների թվին են պատկանում քիմիոթերապիան, ճառագայթային և թիրախային թերապիանները, ոսկրածուծի փոխպատվաստումը՝ երբեմն ի հավելումն ախտանշանային (ոչ պատճառային) և ըստ անհրաժեշտության պալիատիվ բուժման[11]։ Լեյկեմիաների որոշ տեսակների վարման ընթացքում կարող է կիրառվել սպասողական տակտիկա[12]։ Բուժման արդյունավետությունը հիմնականում կախված է լեյկեմիայի այս կամ այն ձևից և հիվանդի տարիքից։ Հիվանդության ելքը զարգացած երկրներում բարելավվել է վերջին տարիներին[8]։ ԱՄՆ-ում 5 տարվա ապրելիությունը կազմում է 57%[5]։ Մինչև 15 տարեկան երեխաների շրջանում 5 տարվա ապրելիությունը ավելի բարձր է և կազմում է 60 - 85 % կախված լեյկեմիայի տարատեսակից[13]։ Երեխաների մոտ բուժմանը հաջորդող 5 տարիների ընթացքում հիվանդության բացակայությունը էականորեն իջեցնում է հետագա կրկնության ռիսկը[13]։
2015 թվականին լեյկեմիայով հիվանդացությունը աշխարհում կազմել է 2.3 միլիոն մարդ, իսկ մահերի թիվը 353,500[4][6]։ 2012-ին հիվանդությունը հայտնաբերվել է ևս 352,000 մարդու շրջանում[8]։ Լեյկեմիան քաղցկեղի ամենատարածված տեսակն է երեխաների մոտ, դեպքերի 75% -ն էլ բաժին է ընկնում սուր լիմֆոբլաստայինին[12]։ Այնուամենայնիվ լեյկեմիաների ամբողջ դեպքերի 90% -ը հանդիպում է հասուն անձանց մոտ, իսկ ամենահաճախակին սուր պրոմիելացիտար (միելոբլաստային) և քրոնիկ լիմֆոցիտար լեյկեմիաներն են համապատասխանաբար[12]։ Հիվանդությունը առավել հաճախ հանդիպում է զարգացած երկրներում[8]։