Լաբրադորի թերակղզի
From Wikipedia, the free encyclopedia
Լաբրադորի թերակղզի (labrador, պորտ.՝ Iavrador - հողագործ), թերակղզի Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևելքում (Կանադայում)։ Տարածությունը 1,6 միլիոն կմ2 է։ Կազմված է մինչքեմբրյան ապարներից, Կանադական վահանի մասն է։ Ունի բլրային մակերևույթ, պահպանվել են անթրոպոգենի սառցապատման հետքեր։ Գերակշռում են 200-800 մ բարձրությունները, առավելագույնը՝ 1676 մ (Աերկ լեռ)։ Կան երկաթի, նիկելի և պղնձի հանքավայրեր։
Կլիման մերձարկտիկական է և բարեխառն։ Տարածքի մեծ մասում գերակշռում է բազմամյա սառածությունը։ Գետերը սահանքավոր են։ Շատ են լճերն ու ճահիճները։ Բուսածածկույթում տիրապետում են անտառատունդրան և նոսր անտառները, հարավում՝ տայգան սաղարթավոր ծառատեսակների հետ։ Կենդանիներից տարածված են կզաքիսը, աղվեսը, լուսանը, մշկամուկը։ Արդյունահանում են երկաթ։ Կա մորթիների և ձկան արդյունագործություն։ Նշանավոր քաղաքներն են Շե ֆեբվիլը, Սեթ Իա, Ֆորտ Շիմոն, Լաբրադոր Սիթին։
Մոտ 1000 թվականին այստեղ առաջին անգամ եղել են նորմանները և այն անվանել Hellaland՝ «Քարե երկիր», բայց նաև Winland «Խաղողի երկիր»։ Թերակղզու ափը 1500 թվականին կրկին հայտնագործել է պորտուգալացի ծովագնաց Գաշպար Կորտիլիասը, որն այն անվանել է Terra de Lavradores՝ «Հողագործների երկիր»։ Նա հույս ուներ, որ այդ երկրի բնակիչներին կարելի կլիներ որպես ստրուկներ օգտագործել պլանտացիաներում։ Այն անվանումն հետագայում ձևափոխվելով դարձել է Լաբրադոր[1]։