Իգգդրասիլ
From Wikipedia, the free encyclopedia
Իգգդրասիլ (հին սկանդինավերեն՝ Yggdrasill, [ˈyɡːˌdrasilː]), հսկայական հացենի, տիեզերական ծառ, որը կենտրոնական նշանակություն ունի սկանդինավյան դիցաբանությունում։ Այն գտնվում է տիեզերքի կենտրոնում և նրանից է կախված ինը աշխարհների գոյությունը։
Հիշատակվում է Պոետիկ Էդդայում, որ կազմվել է 13-րդ դարում ավանդական աղբյուրներից, ինչպես նաև՝ Արձակ Էդդայում՝ գրված իսլանդացի Սնորրի Սթուրլուսոնի կողմից 13-րդ դարում։ Երկու աշխատություններում էլ Իգգդրասիլը հսկայական հացենի է, որը գտնվում է աշխարհի կենտրոնում և համարվում է շատ սուրբ։ Աստվածները գնում են Իգգդրասիլի մոտ ամեն օր՝ ժողովներ անելու։ Իգգդրասիլի ճյուղերը տարածվում են երկինքներում, իսկ նրա երեք արմատներն այնքան խորն են, որ գտնվում են տարբեր աշխարհներում․ մեկը գտնվում է Ուրդարբրուննր ջրհորի մոտ երկնքում, մեկը՝ Հվերգելմիր աղբյուրի մոտ և մեկը՝ Միմիսբրուննր ջրհորի մոտ։ Իգգդրասիլի մոտ բնակվում են որոշ էակներ՝ Նիդհյոգր վիշապը, մի անանուն արծիվ և եղջերուներ Դաիննը, Դվալիննը, Դունեյրրը և Դուրաթորը։
Գոյություն ունեն տարբեր տեսություններ, թե ինչ ծագում ունի Իգգդրասիլի մասին պատկերացումը։ Ոմանց կարծիքով Իգգդրասիլը հացենուց տարբերով ծառատեսակ է, որոշ գիտնականներ կապեր են փնտրում Իգգդրասիլի և Միմամեիդրի, Լեյրադրի, Հոդդմիմիս անտառի և Ուպպսալա սուրբ ծառի միջև։ Առանձին ուսումնասիրության առարկա է Իգգդրասիլի ճակատագիրը Ռագնարոկի ժամանակ։