Թունելային երևույթ
From Wikipedia, the free encyclopedia
Թունելային երևույթ, քվանտային թունելացում, քվանտամեխանիկական երևույթ, որը նկարագրում է մասնիկի անցումը պոտենցիալային արգելքով, երբ արգելքի բարձրությունը գերազանցում է մասնիկի էներգիան։ Թունելային երևույթն ունի մեծ նշանակություն ինչպես հիմնարար ֆիզիկայում, այնպես էլ կիրառություններում. թունելային երևույթի գոյությամբ են բացատրվում միջուկների ալֆա-տրոհումը, արևի վրա ընթացող ջերմամիջուկային ռեակցիաները և մի շարք այլ ֆիզիկական երևույթներ։ Թունելային երևույթի վրա է հիմնված թունելային դիոդի, տեսածրող թունելային մանրադիտակի և այլ սարքերի աշխատանքը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/5/50/EffetTunnel.gif)
Թունելային երևույթը բացառապես քվանտային երևույթ է և բացակայում է դասական ֆիզիկայում. այդպիսի երևույթի գոյությունը հակասում է դասական ֆիզիկայի օրենքներին։ Որպես թունելային երևույթի անալոգ ալիքային օպտիկայում կարելի է դիտարկել լուսային ալիքի թափանցումը անդրադարձնող միջավայր՝ ալիքի երկարության կարգի խորությամբ, այն դեպքում, երբ երկրաչափական օպտիկայի տեսակետից տեղի է ունենում լրիվ ներքին անդրադարձում։