քաղաք Հայաստանում From Wikipedia, the free encyclopedia
Թալին, քաղաք Հայաստանի Արագածոտնի մարզում։ Երևան քաղաքից 68 կիլոմետր հեռավորության վրա։ Նախկինում Թալինի շրջանի շրջկենտրոն։ Մակերես՝ 4,4 կմ2։ Բնակչությունը՝ 6884 (2021)։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Թալին | |||||
| |||||
Թալինի համայնապատկեր | |||||
Երկիր | Հայաստան | ||||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||||
Համայնք | Քաղաք | ||||
Ղեկավար | Տավրոս Սափեյան | ||||
Առաջին հիշատակում | 2-րդ դար | ||||
Մակերես | 7 կմ² | ||||
ԲԾՄ | 1585 մետր | ||||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||||
Բնակչություն | 6884 մարդ (2021) | ||||
Ազգային կազմ | Հայեր | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Հեռախոսային կոդ | +374 (249 0) | ||||
Փոստային դասիչ | 0501 | ||||
Պաշտոնական կայք | talin.am | ||||
| |||||
Քաղաքային համայնք Թալինի տարածաշրջանում։ Նախկինում եղել է Թալինի շրջանի վարչական կենտրոնը։ Ունեցել է Թալինա, Թալին Մեծ, Թալին Վերին, Թալնո ոտն, Հայի Թալին, Տալին, Թալին Մեծ, Թալին Հին անվանումները։ Թալին է վերանվանվել 1978 թվականին։ 1964 թվականից դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1995 թվականի վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք։ Թալին քաղաքի քաղաքապետ է դարձել Գուրգեն Գրիգորյանը աշխատելով մինչև 2002 թվականը, նրան հաջորդել են ևս երկու քաղաքապետ։ Երևան քաղաքից գտնվում է 68 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից՝ 48 կմ։ Այստեղով է անցնում Երևան-Գյումրի միջպետական նշանակության ավտոմայրուղին։
Հնում մտել է Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Հնագիտական պեղումներից պարզվում է, որ Թալինը բնակելի է եղել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում, իսկ ըստ Թովմա Արծրունու «Պատմություն տանն Արծրունյաց» աշխատության, Թալինը հիմնադրել է Անանիոս Բագրատունի իշխանի կողմից 9-10-րդ դարերում։ Այն Թալինա անունով հիշատակվում է Պտղոմեոսի կողմից 2-րդ դարում։ Սկզբնական շրջանում բնակավայրը եղել է Թալինի հյուսիսային բլրի վրա գտնվող բլրակի վրա՝ Գյուլակ թափայում կամ Ջուլհակ բլրում։ Այստեղ գտնվել է մ.թ.ա. 1-ին հազարամյակին թվագրվող ամրոց։ Բլրի ամենաբարձր մասում կատարված պեղումներից երևում է պարսպով առանձնացված միջնաբերդը։ Ամրոցն ունեցել է խրամուղիներ և եռաշարք պարիսպներ։
Արշակունիների թագավորության շրջանում Այրարատ աշխարհը եղել է թագավորական կալվածք։ Սակայն 226 թվականին Պարթևստանում կատարված հեղաշրջումից հետո Կարենյան Պահլավ տոհմը գահընկեց պարթև Արշակունիների փրկված պայազատների հետ ապաստան է գտել Տրդատ Բարքայի արքունիքում։ Հայոց արքան ոչ միայն ապաստան է տվել իր հեռավոր ազգականներին, այլև նրանցից շատերին բարձր դիրքի արժանացրել։ Պատվի արժանացած իշխաններից էր նաև Կարենյան տոհմի Կամսարը, որը, հաստատվելով Հայաստանում, հիմք է դրել Կամսարականների իշխանական տոհմին։ Հետագայում Տրդատ 3-րդը Կամսարականներին է նվիրում Շիրակն ու Երասխաձորը և նրանց կարգում նախարարական դասում։
Սկսած 7-րդ դարից հաճախ հիշատակվում է, երբեմն որպես գյուղ, երբեմն էլ որպես ավան կամ քաղաք։ Շնորհիվ 652 թվականին հայ-արաբական պայմանագրի՝ Մեծ Հայքը որոշ ներքին ինքնավարություն էր ձեռք բերել, և երկիրը կառավարվում էր Հայոց իշխանի պաշտոնի միջոցով։ 689-693 թվականներին այդ պաշտոնում հիշատակվում է Վահան Կամսարական իշխանի որդին՝ Ներսեհը, ով ամուսնացած էր Մամիկոնեից տան օրիորդ Շուշանի հետ։ Ներսեհ Կամսարականի կառավարման ընթացքում նստոց է դառնում Թալինը։ Նա կնոջ հետ միասին զբաղվում է շինարարական աշխատանքներով և մշակույթի զարգացմամբ։ Այդ շրջանի շինություններ են Սբ. Աստվածածին կամ Փոքր եկեղեցին, որը կառուցվել է 689 թվականին Ներսեհ պատրիկ Կամսարական իշխանի կողմից, Կաթողիկե եկեղեցին, Թալինի ջրամբարը։ Քանի որ Արագածոտնը եղել է սակավաջուր շրջան, ոռոգման նպատակներով հնագույն ժամանակներից Արագած լեռան վրա կառուցվել են բազմաթիվ արհեստական ջրամբարներ։ Թալինի ջրամբարն ունի բազալտե քարով շարված ամուր հիմքեր, իսկ միջին մասում դեպի ներս մի կորություն, որը նպատակ ուներ դիմանալ ջրի ճնշմանը։ Ջրամբարը ծառայել է որպես եկեղեցիները և բնակավայրը հեղեղից պաշտպանող միջոց։ Քաղաքից հարավ գտնվում է միջնադարյան քարավանատունը, բերդը։ Ըստ ուսումնասիրությունների, բերդը կառուցվել է 7-րդ դարում Կամսարական նախարարական տոհմի ներկայացուցիչների կողմից։ Բերդի նշանակությունը մեծ է եղել 16-րդ դարից սկսած, երբ թուրք-պարսկական պատերազմների ժամանակ այն արևմուտքից պաշտպանել է Երևանի մատույցները։
Արաբական արշավանքներից անմասն չի մնացել նաև Թալինը։ Ըստ Ղևոնդ պատմիչի՝ 774 թվականին արաբները, դուրս գալով Դվինից, ասպատակում են մոտակա շրջանները, կատարում կողոպուտ և արյունահեղություն՝ Պտղունքում, Թալինում, Կողբում։ Այս իրադարձությանը զոհ են գնում 700 և գերեվարվում են 1200 մարդիկ։ Այս իրադարձությունը պատմության մեջ հայտնի է Թալնա կոտորած անունով։
9-րդ դարի սկզբին Կամսարականներն իրենց կալվածքները վաճառում են Աշոտ Մսակեր Բագրատունուն։ 1044 թվականին Թալինում Հովհաննես Սմբատ Բագրատունի թագավորը հայոց կաթողիկոսին այգի է նվիրել։ Թալինի մասին հաջորդ հիշատակությունը վերաբերում է 1162 թվականին Ելտկուզ սելջուկյան ամիրայի արշավանքի առնչությամբ, երբ գյուղաքաղաքը մատնվում է սրի և հրի։
Բագրատունիներից հետո տարածքն անցնում է Զաքարյանների տիրապետության տակ, ովքեր վրաց արքունիքում մեծ դիրքի հասնելով, կարողանում են հայ-վրացական ուժերի միջոցով ազատագրել Հայաստանի մի մասը։ Հայտնի է, որ Մետաքսի ճանապարհի մի մասն անցել է Թալինով, որի նպատակով Վերին և Ներքին Թալինների միջնամասում Զաքարյանները կառուցում են իջևանատուն՝ 12-13-րդ դարերում, որը տարանցիկ առևտրի կենտրոն է դառնում Դվինից Անի տանող ճանապարհին։ Թալինի իջևանատունը, որը ժողովրդի շրջանում հայտնի էր, որպես Դևեքի՝ ուղտերի քարվանսարա անունով, ուներ առանձնահատկություն, այստեղ կազմակերպվում էին տոնավաճառներ։ Այս հանգամանքը նպաստում էր նաև տեղում տնեսության զարգացմանը;
Թալինը հիշատակվում է նաև թուրք-պարսկական պատերազմների ժամանակ, երբ 1514 թվականին թուրքական սուլթան Սելիմ 2-րդը գրավում է Թալինը և մեծ կոտորածներ ու կողոպուտ կազմակերպում այստեղ, որի հետևանքով բնակիչները սկսում են արտագաղթել։ 1639 թվականի թուրք-պարսկական պայմանագրով Թալինն անցնում է Երևանի խանության կազմի մեջ, այստեղ են գալիս նոր բնակիչներ և տներ կառուցում եկեղեցիների տեղանքում։ Այդ առիթով Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու ներսում փորագրված է մի արձանագրություն. «Աբրահամի որդիներ Ալեմշը և Գրիգորը Թալին են եկել 1687 թվականին»։
Քաղաքը տեղադրված է Արագած լեռնազանգվածի հարավային փեշերին, Արտենի լեռան մոտ։ Ծովի մակարդակից ունի 1585 մ բարձրություն։ Կլիման չափավոր ցամաքային է։ Ձմեռները ցուրտ են, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները շոգ են։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 23-25-ի սահմաններում, հունվարյանը՝ -4,-5-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 400-450 մմ։ Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են։
Բնակչության մի մասի նախնիները 1829 թվականից սկսած այստեղ են գաղթել Արևմտյան Հայաստանից՝ հիմնականում Թալինում վերաբնակվել են 1826-1830 թվականներին Դութաղից, Ղարսի Նախճվան գյուղից, Բայազետից, Ալաշկերտից և այլ գյուղերից Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալու կապակցությամբ, կամսարական իշխանների հիմնադրած քաղաքում, ստեղծելով մի նոր Թալին աշխարհ։ 1828-1829 թվականներին ունեցել է 166 (ըստ որոշ այլ աղբյուրների՝ 457)։ Քաղաքի բնակչությունը կազմում է 8374 մարդ, որից 46% տղամարդիկ են, 54%՝ կանայք։ Ունի 2 հիմնական դպրոց, ավագ դպրոց,երաժշտական դպրոց,գեղարվեստի դպրոց, մանկապարտեզներ, մշակույթի տուն, գրադարաններ, հիվանդանոց, պոլիկլինիկա, կապի հանգույց։ Ունի երկրագիտական թանգարան։
Տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում արդյունաբերությունը։ Այստեղ կան տարբեր ճյուղերի ձեռնարկություններ։ Այստեղ գործել է բնական ադամանդի մշակությամբ զբաղվող ձեռնարկությունը։ Զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Ունի պանրի գործարան, որն արտադրում է Չանախ պանիր և կաթնամթերք։ Համախառն արտադրանքի մեծ մասը տալիս է գյուղատնտեսությունը։ Հիմնականում զարգացած է անասնապահությունը, զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Հողահանդակների ոռոգման համար օգտվում են Թալինի ջրանցքից։ Զբաղվում են նաև դաշտավարությամբ, մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Պահուստային հողերում վարելահողերը կազմում են 88 հա, արոտավայրերը՝ 1330 հա, խոտհարքերը՝ 5 հա։ Մշակում են նաև պտուղներ։ Համայնքում առաջնային են համարվում աշխատանքային ռեսուրսների լիարժեք օգտագործումը, խմելու և ոռոգման ջրի ջրագծերի վերանորոգումը, փողոցային լուսավորության խնդիրը, քաղաքի գազաֆիկացումը։
Պահպանվել են 7-րդ դարի եկեղեցիներ՝ Կաթողիկեն և Սբ Աստվածածինը։ Գործում է 1866 թվականին կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին, որի կողքին կա խաչքարերի հուշարձանախումբ, և Կարմիր Ավետարան կամ Ավետարան կոչվող մատուռը։ Կարմիր Ավետարան մատուռը եղել է 19-րդ դարի 20-ական թվականների առաջին տունը։ Թալինից դեպի հյուսիս-արևմուտք գտնվում են մի խումբ խաչքարեր, որոնց վրա կառուցվել է փոքր մատուռ։ Այն ժողովրդի շրջանում հայտնի է Խաչեր կամ Կույս Սանդուխտի մատուռ անունով։ Խաչքարերից ամենանշանավորը Կույս Սանդուխտի 8-րդ դարի խաչքարն է։ Թալինում կա պատերազմներում զոհված մարտիկների հուշարձան։ Քաղաքի պահպանված հուշարձաններից է նաև մեծահարուստ Բադալի տունը, որը կառուցվել է մոտավորապես 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։
Թալինի մասին կան տարբեր ավանդություններ, որոնցից են.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 124)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.