Էքստրավերսիա-ինտրովերսիա
From Wikipedia, the free encyclopedia
Էքստրավերսիա-Ինտրովերսիա (անգլ.՝ extraversion and introversion), անձի հոգեբանության կենտրոնական չափումներից է։ Առավել հայտնի են Էքստրավերսիա-Ինտրովերսիայի երկու որոշակի տարբերվող հասկացություններ՝ առաջարկված Կարլ Գուստավ Յունգի և Հանս Յուրգեն Այզենկի կողմից։ ԽՍՀՄ և ԳԴՀ հոգեբուժարաններում հայտնի էին նաև գերմանացի հոգեբույժ Կառլ Լեոնգարդի դիրքորոշումները։
Էքստրավերսիա և Ինտրովերսիա տերմիններն առաջին անգամ օգտագործել է Կ․ Յունգը[1], բայց նրա հասկացությունն ու օգտագործումը հոգեբանության մեջ տարբերվում է նախնական իմաստից։ Ըստ Կ․ Յունգի՝ մարդը կա՛մ ձգտում է ընկալել արտաքին աշխարհի օբյեկտները, կա՛մ ձգտում է դրանցից վերացարկվել։ Այդ տարբերությունը նա անվանում էր ընդհանուր կողմնորոշման տիպ և կոչում էր էքստրավերսիա, ինտրովերսիա։ Ըստ նրա՝ էքստրավերտը հակված է դեպի աշխարհի ընկալմանը, իսկ ինտրովերտն ուղղված է դեպի «ներս»։ Կ․ Յունգը գտնում է, որ չկան «մաքուր» էքստրավերտներ և ինտրովերտներ, և երկու հոգեբանական մեխանիզմներն էլ հատուկ են բոլոր մարդկանց, սակայն առավել օգտագործվողը պայմանավորում էր մարդուն այս կամ այն տիպին դասելու հնարավորությունը[2][3]։
Էքստրավերսիան դրսևորվում է ընկերության, շփվողականության, էներգետիկ վարքով, հակառակ դրան՝ ինտրովերսիան դրսևորվում է ավելի փակված և օտարացված վարքագծով[4]. Էքստրավերսիան և ինտրովերսիան, սովորաբար, դիտարկվում են որպես չափման առանձին միավորներ, դրա համար մի բնութագրիչի բարձր ցուցանիշները ենթադրում են, որ մյուսի դեպքում ցածր են այդ ցուցանիշները։
Փաստացի, հոգեբանական տիպաբանության բոլոր կոմպլեքսներն ու շատ հոգեբանական թեստեր պարունակում են այս բնութագրիչները տարբեր ձևերով։ Օրինակ՝ «Մեծ հնգյակ»-ի մոդելը, Կ․ Յունգի վերլուծական հոգեբանությունը, Հ․ Այզենկի՝ «Անձի եռագործոն տեսությունը», Ռ․ Քեթթելի «Անձի 16 գործոններ»-ը, Մայերս–Բրիգս տիպաբանության ցուցիչը։