From Wikipedia, the free encyclopedia
Էրվին Քյոնիգը կամ Հայնց Թորվալդը, Վերմախտի դիպուկահար էր, ում գոյության փաստն անստույգ է և հնարավոր է` հորինված։ Հայտնի է սովետական դիպուկահար Վասիլի Զայցևի դեմ ստալինգրադյան դիպուկահարային մենամարտի շնորհիվ։ Նրա անունը հիշատակվում է միայն Զայցևի հուշերում, որտեղ վերջինը նշում է, թե տեղեկացվել է Ստալինգրադ ժամանած Ցոսենի դիպուկահարների դպրոցի ղեկավար, ՍՍ-ի շտանդարտենֆյուրեր Հայնց Թորվալդի մասին, որին հետագայում ոչնչացրել է։
Էրվին Քյոնիգ / Հայնց Թորվալդ | |
---|---|
Erwin König / Heinz Thorvald | |
Mauser 98k դիպուկահար հրացանով գերմանացի զինվոր Ստալինգրադում | |
Անհայտ – 1942 թվականի վերջեր | |
Մահվան վայր | Ստալինգրադ |
Քաղաքացիություն | Երրորդ Ռայխ |
Զորատեսակ | Վերմախտ |
Կոչում | Շտանդարտենֆյուրեր |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ աշխարհամարտ • Ստալինգրադի ճակատամարտ |
Իր հուշերում Վասիլի Զայցևը գրում է դիպուկահարների բեռլինյան դպրոցի ղեկավարի մասին, ում ուղարկել էին Ստալինգրադ` իրեն վերացնելու համար։ Գրքի մեջ մանրամասն ներկայացված է երկու դիպուկահարների մենամարտը։ Ըստ Զայցևի տարբերակի` ինքը բացահայտել էր Քյոնիգի տեղը, ով դարանել էր երկու զորքերի միջև ընկած չեզոք գոտում` երկաթե թիթեղից և ջարդած աղյուսներից շինած թաքստոցում։ Զայցևն, իր զինակից Կուլիկովի հետ ծուղակ է պատրաստում Քյոնիգի համար։ Կուլիկովը փուստ կրակոց է անում, ինչից հետո նրանք սպասում են, որպեսզի արևը դադարի իրենց առջևից լուսավորել, որպեսզի նշանոցը դրա լույսից չպսպղա։ Երբ արևն անցնում է սովետական դիպուկահարների թիկունքը, Կուլիկովը սաղավարտ է բարձրացնում, ինչից հետո Քյոնիգը կրակում է։ Կարծելով թե սպանել է Զայցևին` նա մի փոքր բարձրացրել է գլուխը, ինչից հետո էլ Զայցևը նրան սպանել է[1]։
Բրիտանացի պատմաբան Ֆրենք Էլիսն` իր «Ստալինգրադյան կաթսա» (The Stalingrad Cauldron) գրքում կասկածի տակ է առնում Էրվին Քյոնիգի գոյության փաստը, քանի որ` նախ չկան նրա գոյությունը հաստատող որևէ փաստեր, երկրորդն էլ` 1942-1943 թթ. Բեռլինում դիպուկահարների դպրոց գոյություն չուներ։ Բացի այդ` Էլիսը նշում է, որ խորհրդային ոչ մի աղբյուրում մենամարտի ճշգրիտ ժամանակի մասին որևէ տեղեկություն չկա, թեև Զայցևն իր հուշերում սովորաբար նշում է կոնկրետ ամսաթվեր։ Էլիսը նաև կասկած է հայտնում Քյոնիգի դիրքավորման հետ կապված. դատելով Զայցևի նկարագրությունից` արևը հետկեսօրին նրա դիմացից էր շողում, սակայն դրանից հետևում է, որ Քյոնիգը գտնվում էր այնտեղ, որտեղ տեղակայված էին սովետական զինվորները։ Նաև դժվար է պատկերացնել, թե հմուտ դիպուկահարը, ինչպիսին պետք է որ լիներ Քյոնիգը, թույլ տար մի քանի կոպիտ սխալներ, օրինակ` անզգուշորեն դուրս ցցեր գլուխը, կամ թողներ, որ արևի լույսն ընկնի նշանոցի վրա։ Ամենայն հավանականությամբ այս պատմությունը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ խորհրդային քարոզչության հերթական հորինվածքն էր` սեփական զինվորների ոգին բարձրացնելու համար[2]։
Վասիլի Զայցևի հուշերն ընկած են Ուիլյամ Քրեյգի «Թշնամին` դարպասի մոտ. Ստալինգրադի ճակատամարտը» (Enemy at the Gates: The Battle for Stalingrad) գրքի և դրա հիման վրա ռեժիսոր Ժան-Ժակ Աննոյի նկարահանած «Թշնամին` դարպասի մոտ» ֆիլմի հիմքում, որտեղ Զայցևին մարմնավորել է Ջուդ Լոուն, իսկ Քյոնիգին` Էդ Հարիսը։ Ֆիլմի սյուժեն ընկած է նաև Call of Duty: World at War խաղի Vendetta առաջադրանքի հիմքում, որտեղ Զայցևի կերպարը փոխարինված է շարքային Դմիտրի Պետրենկոյով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.