թանգարան Ռուսաստանում From Wikipedia, the free encyclopedia
Էրմիտաժ-Վիբորգ, պետական Էրմիտաժի մասնաճյուղ և ցուցահանդեսային կենտրոն Վիբորգում (Լենինգրադի մարզ), որը բացվել է 2010 թվականի հունիսին։
Ցուցահանդեսային կենտրոնը գտնվում է 1930 թվականին ֆինն ճարտարապետ Ունո Ուլբերգի[1] կողմից Գեղարվեստի թանգարանի և արվեստի դպրոցի[2] համար կառուցված ճարտարապետական հուշարձանում` Պանցերլակս ամրոցում։ Ֆունկցիոնալիզմի և նեոկլասիցիզմի ոգով կառուցված շենքը պատկանում է այսպես կոչված Սպիտակ Վիբորգին (քաղաքային գրադարանի և մարզային արխիվի շենքերի հետ միասին)։
Վիբորգում նոր մշակութային կենտրոնի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1930 թվականի հոկտեմբերի 12-ին[3]։ Տասը տարի շարունակ «Վիբորգյան ակրոպոլ» անվանումով թանգարանում հավաքվել է ֆիննական և եվրոպական արվեստի մեծ հավաքածու, որի կազմում ընդգրկված է նաև ռուս մի շարք վարպետների ստեղծագործություններ։ 30-ականների վերջին Վիբորգի թանգարանը դարձել է Ֆինլանդիայի արվեստի երկրորդ ամենակարևոր թանգարանը Ատենեումից հետո։ Խորհրդա-ֆիննական պատերազմում (1939-1940) Ֆինլանդիայի պարտությունից հետո արվեստի դպրոցը փակվել է, իսկ թանգարանի ցուցանմուշները հանվել և բաժանվել են Ֆինլանդիայի թանգարաններին։ Հրդեհի պատճառով մեծապես վնասված շենքում հետպատերազմյան շրջանում տեղավորվել են տարբեր հաստատություններ։
21-րդ դարում որոշվել է վերականգնել շենքի նախնական տեսքը և վերադարձնել այն իր նախնական նշանակությանը։ 2003 թվականին դրանում տեղակայվել է 1969 թվականին հիմնադրված Մանկապատանեկան արվեստի դպրոցը (որը զբաղեցնում է շենքի ձախ թևը), իսկ 2010 թվականին աջ թևը զբաղեցրել է թանգարանային կենտրոնը։
«Էրմիտաժ-Վիբորգ» կենտրոնում կազմակերպվում են էքսկուրսիաներ, դասախոսություններ և կրթական ծրագրեր, որոնք նախապատրաստվում են պետական Էրմիտաժի մասնագետների մասնակցությամբ։ Գործում է ուսումնական կենտրոն, որը հագեցած է ժամանակակից պրոյեկցիոն սարքավորումներով և սենսորային մոնիտորներով համակարգիչներով։ Միջոցներ են ձեռնարկվում թանգարանային կենտրոնի ընդլայնման, Պանցերլակս ամրոցի, ինչպես նաև հարակից տարածքները բարեկարգելու և այդ նպատակներին հարմարեցնելու ուղղությամբ (հնաոճ քանդակների կրկնօրինակների տեղադրմամբ)։ Կազմակերպվող ցուցահանդեսների թեմաների շարքում տեղ են գտել «Մեծ Եկատերինան», «Արևելք և Արևմուտք։ Իսլամական աշխարհի արվեստը», «Բարոկկոյի դարաշրջանի իտալական նկարչությունը և քանդակագործությունը պետական էրմիտաժի հավաքածուում», «Ֆրանսիական էլեգանտության երկու դարը։ 17-18-րդ դարերի դեկորատիվ արվեստը պետական էրմիտաժի հավաքածուից» և այլ հավաքածուներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.